Զինվորական ծառայության ընթացքում զոհված Վահրամ Ավագյանին ճանաչող՝ Արմավիրի մարզի
մի շարք համայնքների բնակիչների հայտարարությունը
ՍԻՐԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Կարդացեք նաև
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնում ենք մեր դժգոհությունը և անհանդուրժողականությունը մեր համագյուղացի Վահրամ Մկրտչի Ավագյանի մահվան դեպքով քննչական մարմինների և դատարանի գործողությունների վերաբերյալ։
Դեռևս պարզված չէ, թե արդյոք Վահրամ Ավագյանն ինքնասպա՞ն է եղել, թե՞ նրան սպանել են, մինչդեռ, գործով հիմնական մեղադրյալները՝ «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի որդին և իր ընկերները, բաց են թողնվել կալանքից։
Արդեն կես տարի է անցել Վահրամի մահից, իսկ գործը քննող քննիչ Իգիթյանը ոչ միայն չի կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար, այլև մեր համոզմամբ միտումնավոր գործը տանում է փակուղի։
Քննությունն առաջ է քաշում ինքնասպանության վարկածը, սակայն Վահրամի մարմնի վրա առկա են երկու հրազենային կրակոցի հետքեր՝ երկուսն էլ կրծքավանդակի վրա։ Մենք փորձագետ չենք, բայց ակնհայտ է, որ այդ երկու վնասվածքից յուրաքանչյուրն էլ, առանձին վերցված, մահացու է, և այն ստացած անձը չի կարող ապրել ոչ մի վայրկյան, առավել ևս՝ ինքն իրեն երկրորդ մահացու վնասվածքը հասցնել։ Սակայն այս պարզ ճշմարտությունը ոչ քննչական մարմինները, ոչ փորձագետները չեն ուզում նկատել։
Փորձագետը նաև համառորեն չի նկատում Վահրամի դեմքին առկա և անզեն աչքով երևացող՝ աչքի տակ և քթի վրա առկա վնասվածքները, որոնք տեսել ենք, թե դիահերձարանում, թե հոգեհանգստի և թաղման ժամանակ, և որոնք ակնհայտ երևում են նաև լուսանկարների վրա։
Փորձագետի կողմից այդ վնասվածքները «չնկատելը» ժամանակագրական առումով համընկավ նաև առանցքային վկա Արամ Գույումջյանի կողմից իր ցուցմունքներից հրաժարվելու և դատարանի կողմից մեղադրյալներին կալանքից ազատելու հետ։
Արամ Գույումջյանը դեպքից անմիջապես հետո տվել է մանրամասն ցուցմունք Շմայսի որդու և իր ընկերների կողմից Վահրամին ծեծելու վերաբերյալ։
Այդ ցուցմունքները ստանալուց հետո, քննչական մարմինը փոխարենը ձեռնամուխ լիներ դրանք ստուգելու և ամրացնելու նպատակով անմիջապես առերես հարցաքննություններ անցկացնելուն վկայի և մեղադրյալների միջև, ի խախտումն գործող օրենսդրության, ընդունված քննչական տակտիկայի և պրակտիկայի, ինչպես նաև էլեմենտար տրամաբանության, վեց ամիս առերեսում չի իրականացրել։
Հարց՝ ինչ պատճառով, ինչ նպատակով է դա արվում։ Մեզ մոտ համոզմունք է առաջացել, որ այդ ապօրինությունն արվել է մեկ նպատակով՝ որպեսզի Դավիթ Մովսիսյանի հայրը հնարավորություն և ժամանակ ունենա այդ վկայի վրա ազդեցություն գործադրելու և վերջինիս դրդելու տալ սուտ ցուցմունք՝ հրաժարվելով իր նախկին արժանահավատ և օբյեկտիվ ցուցմունքներից, ինչը և, ցավոք, տեղի ունեցավ։
Այս բոլոր «զուգադիպություններից» հետո հայտնի է դարձել, որ դատարանը բաց է թողել Դավիթ Մովսիսյանին և իր ընկերներ Խաչիկ Գասպարյանին ու Արարատ Սարգսյանին։
Մի՞թե սա է այն դատարանը և այն քննչական մարմինը, որի համար հեղափոխություն էինք արել։
Վահրամ Ավագյանն իր կյանքն է կորցրել հայրենիքի պաշտպանության ժամանակ, իսկ պետական համակարգը չի պարզում, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել և ով է մեղավոր նրանում, որ հայ զինվորները մահանում են ոչ թե թուրքի հետ կռվելիս, այլ ծառայության «խաղաղ» ժամանակ։
Մեզ համար արդեն ակնհայտ է, որ Առաքել Մովսիսյանը ջանք ու միջոց չի խնայի՝ որդուն փրկելու համար, նա նույնիսկ մեր գյուղ է մարդկանց ուղարկել՝ փորձելով մեր վրա ազդել, որ չբողոքենք իր որդու դեմ, սակայն դա նրան չի հաջողվել։
Ամենայն վճռականությամբ հայտնում ենք, որ չենք կանգնելու և գնալու ենք մինչև վերջ, մենք թույլ չենք տա, որ նոր Հայաստանում որևէ մեկը մտածի, որ նախկին պատգամավորի որդին պետության համար ավելի մեծ արժեք ունի, քան հասարակ գյուղացու որդին։
Մենք հարգում ենք պարետային իրավիճակը և մեր բողոքը դեռևս ներկայացնում ենք գրավոր։
Կոչ ենք անում Ձեզ խստագույնս հսկողություն սահմանել սույն գործի քննության նկատմամբ, անհապաղ հանձնարարել, որ գործը տեղափոխվի այլ քննչական ստորաբաժանում, պատժել իրավազանց պաշտոնյաներին և հետևողական լինել գործով ողջ ճշմարտությունը բացահայտելու հարցում։
Մենք գնալու ենք մինչև վերջ և հասնելու ենք արդարության օրենքով սահմանված բոլոր միջոցների օգնությամբ։
«Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակ