Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ գործողությունները թույլ չեն տալիս իրենց՝ ինձ խուլիգանի որակում տալ». Հայկ Ստեփանյանը՝ ընդդեմ Անժելա Թովմասյանի գործով դատական նիստին

Օգոստոս 10,2020 14:19

Օգոստոսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում տեղի ունեցավ «Հեղափոխության պահապաններից» Հայկ Ստեփանյանն ընդդեմ «Հայելի ակումբի» և ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի գործով դատական նիստ: Նշենք, որ «Հեղափոխության պահապանները» Անժելա Թովմասյանին դատի են տվել «5-րդ ալիքում» հարցազրույցի ժամանակ իրենց «խուլիգան» որակելու համար:

Այս դատական նիստին դատարանը հետազոտեց գրավոր ապացույցները: Մասնավորապես հետազոտվեցին տարբեր լրատվամիջոցներում հրապարակումներ:

Ապացույցների հետազոտումից հետո Հայկ Ստեփանյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատարանի դահլիճում կարծիք հայտնեց. «Մեր կատարած գործողությունները որպես հարձակում որակելու համար իրավական հիմքեր չկան: Քրեական գործը, որի մասին երկար գրել էր Անժելա Թովմասյանը, իրականում կարճվել է հանցակազմի բացակայութան պատճառով»:

Նա վստահեցրեց՝ այն, որ իրենց գործողությունները կապում են ՍԴ ճգնաժամի, Հրայր Թովմասյանի հետ, կամ որ նշում են, թե իրենք հայտարարություններ են արել Արցախի նախագահի, Հրանտ Մարգարյանի դեմ, այդ բոլորը զրպարտանք ու հերյուրանք է: Նա ևս մեկ անգամ նախագահող դատավորին խնդրեց հաշվի առնել այն փաստը՝ այն գործը, որի մասին տիկին Թովմասյանն ասում է, կարճվել է: Իրենց հասցեին հնչած «խուժան, խուլիգան» արտահայտությունների մասին էլ ասաց. «Խուժանություն և խուլիգանություն անվանել այն, ինչ իրականացրել եմ ես, իսկ ես չեմ իրականացրել այդ հարձակումը, ես ձու չեմ նետել «Հայելի» ակումբի պատին, իմ գործողությունները թույլ չեն տալիս իրենց՝ ինձ խուլիգանի որակում տալ»:

Հայկ Ստեփանյանն ասաց, որ Անժելա Թովմասյանը հայտարարել է, որ իր՝ սոցցանցերում կատարած գրառումներից մեկն իր հասցեին սպառնալիք է պարունակում: Այս առիթով պարզաբանեց. «Ներկայացված են Ձեզ մոտ սոցցանցերից հատվածներ, որոնք տիկին Թովմասյանը համարում է սպառնալիք: Ես կարող եմ ներկայացնել այն, ինչ գրել եմ, դա վերաբերում է նախկինում մեկ այլ մարդու կողմից մեկ ուրիշին վիրավորելուն: Այն, որ ես գրել եմ՝ բոլորդ էլ պետք է ներողություն խնդրեք ձեր ավելորդ խոսքերի համար, սա չգիտեմ՝ ինչու սպառնալիք է որակել տիկին Թովմասյանը: Սա փորձ է ինձ ներկայացնել այլ տեսանկյունից, որ ես սպառնալիքներ եմ իրականացնում: Այստեղ մեկ բան կա՝ ինձ զրպարտելն ու վիրավորելը, ինչը ինձ համար անընդունելի է: Հույս ունեմ, որ Ձեր որոշումը կկայացվի գործող օրենսդրության սահմաններում»:

Դատական նիստն ավարտվեց: Այս գործով դատարանը որոշումը կհրապարակեի օգոստոսի 31-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31