Թուրքական իշխանամետ և ընդգծված հակահայկական հոդվածներով հայտնի «Yeni Akit» լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։
«Զորավարժությունների ընթացքում Գյանջայի (Գանձակ) և Եվլախի շրջաններում արձակված ռումբերի ձայնը լսելի էր նաև Թովուզում»,- նշված է հոդվածում։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում 13 օր տևած համատեղ զորավարժությունները մոտեցել են ավարտին։ Դրանք աչքի են ընկել զինտեխնիկայի և մասնակիցների աննախադեպ թվով:
Ըստ հոդվածի հեղինակի՝ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանին այս զորավարժություններով հստակ ուղերձ են հղել։ Այն, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունը համատեղ ուժի ցուցադրում էր և Հայաստանին ահաբեկելու փորձ, այդ մասին նշել են թուրք և ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ, սակայն թե ինչ հստակ ուղերձի մասին է խոսքը, հոդվածում այդպես էլ չի պարզաբանվում։
Դրա փոխարեն առաջ է քաշում այն մեղադրական թեզը, թե իբր Հայաստանն է նախահարձակ եղել Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա։