Օգոստոսի 9-ի կիրակի օրը ադրբեջանցիների եւ թուրքերի մի խումբ (շուրջ 50-70 մարդ) բողոքի ցույց է կազմակերպել Իսրայելում, Թել-Ավիվի մերձակայքում գտնվող Յաֆֆո քաղաքի հայկական եկեղեցու առջեւ: Ցույցի վայրում Իսրայելի ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացրել՝ միջադեպեր թույլ չտալով:
Տեղի ունեցածի հետ կապված՝ Հայաստանում ճանաչված իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մեկ շաբաթ առաջ գրել էի Թել-Ավիվի Յաֆֆոյում հայկական եկեղեցու առջեւ Ադրբեջանի իշխանությունների ծրագրած սադրանքի մասին: Նրանք, չգիտես ինչու, որոշել են Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտնի հետ կապված բողոք արտահայտել ոչ թե ինչ-որ մի տեղ, այլ եկեղեցու առջեւ, ըստ երեւույթին, որպեսզի անհարգալից վերաբերմունք ցույց տան քրիստոնեության նկատմամբ որպես հավատքի: Ես այլ բացատրություն չունեմ: Կարելի էր գնալ Թել-Ավիվում Հայաստանի դեսպանության առջեւ (այն օրերս է բացվել), համայնքային կենտրոնի մոտ: Մեր մոտ ժողովրդավարություն է, եւ յուրաքանչյուրը կարծիքի իրավունք ունի: Սակայն եկեղեցիների, մզկիթների, սինագոգերի առջեւ այդպիսի ոտնձգությունները անընդունելի են:
Ամբոխը մոտ 50-70 մարդուց էր բաղկացած, եւ դատելով նրանից, որ Թուրքիայի դրոշներն ավելի շատ էին, քան Ադրբեջանինն ու Իսրայելինը միասին վերցրած, հարց է առաջանում, թե դրանով նրանք ի՞նչ էին ուզում ցույց տալ: Ներկայումս Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները վերջին տասնամյակներում վատագույն ժամանակներն են ապրում, եւ կիսալուսնով կարմիր դրոշը իսրայելցիների մեծամասնության մեջ, մեղմ ասած, դժգոհություն է առաջացնում: Իսկ հաշվի առնելով, որ քաղաքամերձ Յաֆֆոն, որտեղ է հայկական եկեղեցին, մեծամասամբ բնակեցված է արաբներով (քրիստոնյաներով ու մուսուլմաններով), իսկ նրանք թուրքերին դեռ օսմանյան կայսրությունից չեն սիրում, պանթուրքիզմի ցուցադրումն առավել քան անհասկանալի է:
Իսրայելի ոստիկանությունը կանգնած է եկեղեցու առջեւ եւ թուրք-ադրբեջանական ամբոխին մոտ գալ թույլ չի տալիս»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ