ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որ ասուլիսներ տալու փոխարեն հաճախ նախընտրում է իր ղեկավարած ոլորտին առնչվող թեմաներով գրառումներ կատարել եւ ուղիղ միացմամբ հայտարարություններ անել ֆեյսբուքում, հուլիսի 31-ի ֆեյսուքյան գրառումից հետո, որտեղ Դաշնակցությանը որակել է Անդրանիկին թուրքերին հանձնող, Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող ուժ, կարծես այդ օրվանից սկսած՝ ֆեյսբուքյան պասի մեջ լինի:
Aravot.am-ի տեղեկություններով, այդ աղմուկ հանած գրառումից հետո նախարարին ակնարկել են պակասեցնել ֆեյսբուքյան ակտիվությունը, եւ այդ է պատճառը, որ նա այս լարված օրերին, երբ իր ղեկավարած ոլորտը տառացիորեն «եռում» է, ձեռնպահ է մնում անգամ կրթական թեմաներով գրառումներ կատարելուց:
Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարության լրատվականից հետաքրքրվեց՝ արդյոք հայտնի գրառո՞ւմն է պատճառը, որ նախարարը բավականին երկար ժամանակ գրառումներ եւ ուղիղ միացումներ չի անում ֆեյսբուքում, կամ գուցե արձակուրդո՞ւմ է: Գերատեսչության լրատվականից հետեւյալը փոխանցեցին. «ՀՀ ԿԳՄՍ նախարարն արձակուրդում չէ, ձեր նշած ժամանակահատվածում էլ սովորական ծանրաբեռնված աշխատանքային առօրյա ունի, ուրբաթ օրն էլ նույնիսկ հարցազրույց է տվել»:
Հավելենք, որ նախարարի հայտնի գրառումից հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունը տեսանյութ էր հրապարակել հետեւյալ մեկնաբանությամբ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծարում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին՝ նշելով, որ «մեր հայրենիքը կերտել է ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանը», իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նրան հայրենիքի դավաճան է փորձում սարքել՝ կեղծ, հերքված փաստաթղթի հիմքով պնդելով, թե «Զորավար Անդրանիկին թուրքերին է հանձնել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ