Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք»
Մերձիշխանական շրջանակներից համառ լուրեր են տարածվում, թե առողջապահության նախարարի պաշտոնանկության հարցն օրերի խնդիր է, և նույնիսկ քննարկվում են նոր թեկնածուներ։ Իշխանության հակումները՝ մեղավոր նշանակելու, վաղուց են հայտնի։ Բայց այս դեպքում դա անհնար է լինելու։
Այո, Արսեն Թորոսյանը տապալել է համաճարակի դեմ պայքարը, բայց նա այդ գործը տապալել է այլոց շարքում, և ոչ՝ մենակ։ Նա տապալել է աղետի առողջապահական կողմը, բայց արդեն իսկ 1000 և կանգ չառնող մահերը միայն առողջապահական խնդիր չեն։ Փոքր երկրում այս պահին արդեն պաշտոնապես 40 հազար հիվանդի առկայությունը չի կարող անհետևանք մնալ։ 1000 և ավել մահերն անանուն թվեր չեն, որոնք ամեն առավոտ ներկայացվում են հասարակությանը Դրանցից յուրաքանչյուրն անձնական, ընտանեկան ողբերգություն է։
Տապալվել են համաճարակի դեմ պայքարի բոլոր ասպեկտները՝ կազմակերպչական, իրավական, առողջապահական, սոցիալական, կառավարման։
Կարդացեք նաև
Իր մշտական բացակայությամբ աչքի ընկած պարետ Ավինյանը հավասարաչափ կիսում է բազմաթիվ մահերի և վարակի անզուսպ տարածման պատասխանատվությունը։ Գեստապոյական տուգանքներից ավելի խելոք որևէ բան չկարողացավ մտածել պարետը և միշտ, բոլոր դժվար պայմաններում, նա գոյություն չունի։
Վարչապետ Փաշինյանը կրում է ուղիղ պատասխանատվություն համաճարակի դեմ պայքարի տապալման համար։
Իր անվերջ լայվերից հնչող իրարամերժ կոչերից, վարակի սկզբում իր հանրահավաքներից մինչև հստակ որոշումներ կայացնելու անկարողությունը, տեստավորման համակարգի տապալումը, ինչի արդյունքում հնարավոր չեղավ ունենալ օպերատիվ-օբյեկտիվ պատկեր, և ունեցանք վարակի տարածման նման ծավալ։ Տնային պայմաններում բուժվող մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ մնացին վարակի դեմ մեն- մենակ՝ չունենալով դեղորայքի և այլ հետազոտությունների գումար։ Մահացությունը նաև այդ պատճառով է այդքան բարձր։
Հայաստանում անպայման պետք է տարվի քննություն. ինչո՞ւ այդքան մահ։ Կառավարության կողմից թույլ են տրված աններելի սխալներ, որոնք արժեցել են մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը։
Միամտություն է կարծել, թե ամեն ինչ բարդելով մեկ հոգու, տվյալ դեպքում՝ առողջապահության նախարարի վրա, կարելի է մոռացության տալ այն աղետը, որով անցել և անցնում է Հայաստանը։ Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» և ունեք մեղքի ձեր հսկայական բաժինը։
Կա կոլեկտիվ և անհատական պատասխանատվության գաղափար։ Այս իշխանության օրոք է տեղի ունեցել և շարունակվում է ողբերգությունը։ Մի օր Հայկ Մարությանը իր մասով պետք է պատասխան տա, թե համաճարակի օրերին ինչո՞ւ էր փախել և թաքնվել, ինչո՞ւ Երևանը աշխարհի այն եզակի քաղաքներից էր, որը չէր ախտահանվում, ինչո՞ւ երևանցին մնաց առանց քաղաքային իշխանության։
Մայիսի 4-ից թուլացնում են սահմանափակումները և միայն մայիսի 18-ից սկսում դիմակների կրման պահանջը պարտադրել. ո՞ւր էիք երկու շաբաթ, երբ այդ երկու շաբաթում վարակը անարգել տարածվում էր երկրով մեկ։ Սրա համար պատասխան տրվելո՞ւ է, թե չէ՝ պարոնայք վարչապետ, պարետ, առողջապահության նախարար, քաղաքապետ և այլք։
Մամուլում սկսվել են ի հայտ գալ անհատական, ընտանեկան սահմռկեցուցիչ պատմություններ. շոկն անցնում է, և մարդիկ դադարում են լռել, կամաց-կամաց բարձրաձայնում են, թե ինչի միջով են անցել իրենք և իրենց հարազատները։ Մահացածների հանդեպ, որպես մարդ և որպես մեր հայրենակից, չկա տարրական հարգանք, և զարհուրելի պատմությունները բացահայտում են կառավարության անգործության ողջ ողբերգականությունը։
Վտանգը դեռ չի անցել, և վարակի տարածման հեռանկարը դեռ պարզ չէ։ Այս պայմաններում չկա որևէ երաշխիք, որ Հայաստանում հին և նոր սխալները չեն շարունակվելու։ Չկա որևէ ապացույց, որ կառավարությունն արել է հետևություններ։
Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ