Լրահոս
Օրվա լրահոսը

Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը. Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 10,2020 12:11

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար:

Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա: Ուստի հույժ կարևոր է, որ մեկ դար առաջ կնքված այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձությունների և հաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնա­կալ վերլուծությունները հասանելի լինեն թե՛ մեր ժողովրդին և թե՛ միջազգային լայն հանրությանը: Այսօրվա գիտաժողովը ծառայում է հենց այդ նպատակին, և ես հաջողություն եմ մաղթում դրա աշխատանքներին՝ ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ և նոր կարևոր բացահայտումներ:

Սևրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարևոր: Ինչո՞6 է այն առ այսօր մեր ուշադրության կենտրոնում:

Նախ՝ Սևրի պայմանագիրը կնքվեց մարդկության պատմության ամենա­դրամա­տիկ էջերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա, դրա ավարտից շուրջ երկու տարի անց: Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանք­ներին և զրկանքներին: Այն «անիծյալ տարիների» ավարտն էր ազդարարում:

Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարա­բերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ  նաև արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում:

Պայմանագիրը կազմվել էր ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հիման վրա: Առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրությունների պարտադրած դարավոր ստրկու­թյանը և ազատություն ու անկախություն պարգևում տարածաշրջանի ժողովուրդներին:

Ավելին, պատմական տարածքներում ազգային պետություններ հիմնելու իրավունք տրամադրելով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջա­նում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության և տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման և հետագա զարգացման համար:

Երկրորդ՝ Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանա­գրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարա­բերու­թյունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ:

Պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաև Հայաստանի և հայ ժողովրդի ներդրումը՝ Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետություն­ների կրած հաղթանակի և խաղաղության հաստատման գործում: Ընդգծվում և հավուր պատշաճի գնահատվում էր հայ ժողովրդի դերակատարումը միջազգա­յին հարաբերու­թյուններում և աշխարհի ետպատերազմյան կառավարման գործում:

Երրորդ՝ Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազար­ամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը:

Եվ վերջապես, Սևրի պայմանագիրը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին հաջորդած ժամանակաշրջանում, երբ Օսմանյան կայսրությունը փորձում էր հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծել «Հայկական հարցը»: Հայ ժողովուրդը ենթարկվել էր ամենադաժան և անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները: Մինչդեռ Սևրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար: Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականության ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում «Հայկական հարցը»: Վերականգնվում էր պատմական արդարությունը: Բարենպաստ պայմաններ էին ստեղծվում մեր ժողովրդի տնտեսական և ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման և առաջընթացի համար:

Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը:

 ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Derenik says:

    ՆՓ>> Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը:

    ՍևՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՐԻՆԱԿԱՆ և ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է, ոչ թե անուժ/անկենդան “պատմական փաստ”!
    – այն երբևէ ՉԻ չեղարկվել և
    – ՈՉ ՄԻԱՅՆ ԴԵ ՅՈՒՐԵ, այլև ԴԵ ՖԱԿՏՈ ԳՈՐԾՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է, ակնառու ձեւով ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉՎԵԼ, քանի որ նրա վրա է խարսխված ներկայիս Միջին արևելքի ամբողջ քաղաքական ճարտարապետությունը!
    – Այն հնարավոր ամենաբարձր մակարդակով ԻՐԱՎԱԿԱՆՈՐԵՆ ԱՄՐԱԳՐԵՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և նախանշեց ու ՀՍՏԱԿԵՑՐԵՑ Հայաստանի Հանրապետության ՍԱՀՄԱՆԸ Թուրքիայի հետ:

    Հայաստանի մասով այն կյանքի չկոչվեց ԲԱՑԱՌԱՊԵՍ Ռուսաստանի ու նրա դաշնակից քեմալականների կողմից ծայրահեղ թշնամական ու զավթողական գործողությունների պատճառով (փաստացի ԾՆԿԻ ԵԿԱԾ թուրքերին ռուսները սնեցին, զինեցին ու քեմալականների հետ համատեղ բռնազավթեցին ՀՀ-ը)։
    Մեր պարտքն է ոչ թե կրավորականորեն “հիշել այն և պահպանել նրա խորհուրդը”, ԱՅԼ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐԵՐԸ ԿՈՉԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ` խորհրդարանական հայտարարությամբ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ 1918թ ՀՀ-ի ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ բռնազավթումը ու լիարժեքորեն հանդես գալ որպես 1918թ ԱՆԿԱԽ Հայաստանի Հանրապետության ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ ու ՏԷՐ կանգնել մեր իրավունքներին։

    Ապագաղութացման պայքարը այսօր դեռ ՇԱՏ հեռու է ավարտված լինելուց ու այս հիմնարար ու կենսական քայլը ուշացնելը ոչ միայն “դուխի” իսպառ բացակայության նշան է, այլ ծանր հանցավոր անգործություն, նախ եւ առաջ “հեղափոխական” վարչապետի, եւ ապա “հեղափոխական” պատգամավորների կողմից։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31