Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդների գունեղ տոն Գյումրիում՝ լրիվ նոր ձևաչափով ու կանոններով (ֆոտոշարք)

Օգոստոս 10,2020 11:51

Գյումրիում 6-րդ տարին անընդմեջ նշվում է երիտասարդների միջազգային օրը, սակայն այս տարի երիտասարդները, բնականաբար, փողոցներ դուրս չեն գա, քայլարշավ չեն կազմակերպի, չեն լինի համերգային ծրագրեր, գունային փառատոներ (color festival)․ օգոստոսը 12-ը կտոնվի առցանց հարթակում։

Քաղաքի տարբեր հատվածներում հայտնվել են երիտասարդների լուսանկարներով՝ հետաքրքիր ուղերձներ պարունակող ցուցապաստառներ, որոնցից արդեն կարելի է կռահել, որ մոտենում է երիտասարդների տոնը։

Այդ տոնը կազմակերպող կառույցի՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի ղեկավար Արթուր Նաջարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համավարակով պայմանավորված՝ ամենամյա միջոցառումների ձևաչափի փոփոխություն է եղել․ տոնական և ժամանցային միջոցառումներ մեծամասամբ իրականացվելու են առցանց հարթակում:

Ըստ մեր զրուցակցի` ՄԱԿ-ի կողմից այս տարվա խորագիր հայտարարվել է երիտասարդների մասնակցությունը (Youth engagement): Արթուր Նաջարյանի տեղեկացմամբ, նախատեսել են մի քանի միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության մեջ երիտասարդների դերի բարձրացմանը, այդ նպատակով էլ սկսել են ցուցապաստառների արշավ։

«Գյումրի քաղաքի մուտքից սկսած մինչև կենտրոնական հատվածի տարբեր մասերում մեծ ցուցապաստառներ են տեղադրված, որոնցից յուրաքանչյուրն իր վրա կրում է հստակ խոսք և ասելիք։ Ցուցապաստառներում գյումրեցի երիտասարդներ են, որոնք միգուցե հասարակության կողմից լայն ճանաչում չունեն, բայց նրանց գործունեությանը հետևելով՝ մեր թիմի անդամները տեսել են, թե ինչպես վերջիններս զրոյից հաղթանակների հասնելու լուսավոր ճանապարհ են անցնում, ինչը շատ ոգևորիչ ու գովելի է։ Թիմով երկար ենք քննարկել, թե այս ցուցապաստառների վրա ովքեր լինեն՝ Հայաստանի տարբեր ճանաչված անձի՞նք, ասենք սպորտսմեններ, դերասաններ, թե՞ գյումրեցի երիտասարդներ։ Այս արշավը ունի հստակ ասելիքներ, ու այն խորագրերը, որոնք կան ցուցապաստառների վրա՝ կոչ են մեր հասարակությանը «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Օրինակ՝«Ակտիվ և նախաձեռնող» խորագրով ցուցապաստառի վրա պատկերված է գյումրեցի երիտասարդ Ժորա Աբգարյանը (խոսքն ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու տանկերը խորտակած ու նահատակված հերոս Տիգրան Աբգարյանի եղբոր մասին է, ով անվադողերի մեծ քանակ է հավաքում ու տանում սահման, հեղ․): Նա վերջին մի քանի տարիների ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալում և աչքի ընկնում իր հայրենանվեր նախաձեռնություններով», -մանրամասնեց Արթուր Նաջարյանը:

Ի դեպ, ցուցապաստառների խորագրերը մի քանիսն են՝ «Բարեկեցիկ և առողջ երիտասարդ», «Հմուտ և մրցունակ երիտասարդ», «Իրավագիտակից և իրազեկ երիտասարդ», «Նորարար և ստեղծարար երիտասարդ», «Ակտիվ և նախաձեռնող երիտասարդ»։

«Այս ամբողջը մեր պատկերացմամբ երիտասարդի հավաքական կերպարն է` հանուն որի կերտման անմնացորդ ներդրված է մեր կառույցի աշխատակիցների ներուժը: Մենք ուզում ենք համայնքում տեսնել երիտասարդների, որոնք նախաձեռնող են և ակտիվ։ Սա մրցանակաբաշխություն չէ, մենք տարվա նախաձեռնող կամ ակտիվ երիտասարդ չենք որոշել, սրանք անվանակարգեր չեն, պարզապես մեր լոզունգներն են, ուր ենք ուզում հասնել, հանուն ինչի ենք աշխատում և ինչպիսի երիտասարդ ենք ուզում տեսնել»։

Մեր զրուցակիցը խոսեց նաև ինքնատիպ պարային ֆլեշմոբի մասին, որը երիտասարդների տոնին նախաձեռնել էին իրականացնել Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում։ Համավարակով պայմանավորված` հանրային այդ միջոցառումը, բնականաբար, չեն կարողանա իրականացնել, այդուհանդերձ այն կմատուցեն տեսանյութով։

«Այն նվիրված է ոչ միայն երիտասարդներին, այլ մեր բուժաշխատողներին․ պարով մեր երախտիքի խոսքն էինք հայտնելու այս օրերին համավարակի դեմ պատերազմի դուրս եկած մեր առաջամարտիկներին։ Ամեն դեպքում մեր պատանիներն ավելի պնդաճակատ էին ու պահանջեցին՝ եթե ֆլեշմոբը չեն կարող հանրային վայրում օֆլայն տարբերակով իրականացնել, ապա պետք է տեսանյութ նկարահանվի։ Երկու շաբաթ տևողությամբ փորձեր տեղի ունեցան փոքր խմբերով, որի արդյունքում օրեր առաջ նկարահանվել է պարային ֆլեշմոբ։ Հենց երիտասարդների միջազգային օրը`օգոստոսի 12-ին տեղի կունենա պրեմիերան ու համացանցով կտարածվի այն։

Մտադրություն կա պարային ֆլեշմոբը դարձնել շրջիկ․ երիտասարդները մինչև խոր աշուն մի քանի քաղաքային համայնքներում շրջելու են ու տոնական տրամադրություն են հաղորդելու: Մենք մեր երկրին ու քաղաքին տոներ ենք պարտական և այս փոքրիկ գործողություններով փորձելու ենք դրական էներգիա հաղորդել»,- ասաց Արթուր Նաջարյանը։

ԵՆԿ կառույցի ղեկավարը պատմեց, որ պարային ֆլեշմոբի գաղափարը ծագել է դեռևս մարտ ամսին, երբ ողջ աշխարհը սկսել է պայքարի մեջ մտնել կորոնավիրուսի դեմ։

«Տանը մեկուսացման շրջանում, որպեսզի հետաքրքրություն մտցնեն իրենց առօրյայում, շատերը, հատկապես եվրոպական տարբեր երկրներում, մասնավորապես Իտալիայում սկսեցին տարբեր երաժշտական ֆլեշմոբեր և մարտահրավերներ կազմակերպել: Երգը, որ ընտրել ենք, վերջին ամիսների հիթերից է, որի ներքո համավարակի շրջանում բազմաթիվ ընտանեկան պարային զվարճալի ֆլեշմոբեր են կազմակերպվել: Ի սկզբանե որոշվել էր պարային ֆլեշմոբը իրականացնել Գյումրի բժշկական կենտրոնում, սակայն ընթացքում խստացվեցին սահմանափակումները, մուտք ու ելքը բարդացավ հիվանդանոց, մենք հասկացանք, որ սա անհնարին կլինի այս օրերին, դրա համար տեսանյութի միջոցով փորձեցինք մեր ուղերձը հղել։ Հուսով ենք հնարավորություն կունենանք այս ամենը հաղթահարելուց հետո հիվանդանոցում ևս իրականացնել»։

Երիտասարդների միջազգային օրվան նվիրված մեկ այլ միջոցառում ևս իրականացնելու են, օնլայն հարթակում հայտարարված է «Իմ ինքնատիպ ուղերձը երիտասարդներին» խորագրով տեսանյութերի մրցույթ, որը պիտի լինի 30 վայրկյան տևողությամբ։ Մրցույթին կարող են մասնակցել 15-35 տարեկան անձինք։ Ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված տեսանյութը ստանալու է մրցանակ․ հաղթողը հնարավորություն կստանա թռնել պարապլանով։ Ըստ մեր զրուցակցի, ֆիլմ է նկարահանվելու՝ թռիչքից պահից սկսած, ու այն նվիրելու են հաղթող ճանաչված անձին։

 Ի դեպ, ԵՆԿ-ն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ երիտասարդների օրվան նվիրված ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ է հանդես գալու․ 21-30 տարեկան թվով 15 շիրակցի երիտասարդներ, որոնք 2018-2020 թվականների բուհերի շրջանավարտներ են, կարող են վեց ամսյա վճարովի աշխատանքային պրակտիկա անցնել տարբեր գործատուների մոտ։ Այսինքն՝ նրանք վեց ամիս շարունակ կարող են աշխատել իրենց նախընտրած մասնագիտությամբ, ձեռք բերել աշխատանքային փորձ և ստանալ վճար իրենց պրակտիկայի ընթացքում:

Այս մասին ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ ԵՆԿ-ի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31