Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք էր ամեն ինչը փակ պահել». ԱԴԿԱՌՍ-ի տնօրենը՝ կասկածների, 10-15 մլրդ դոլարի ներդրման եւ հայ-չինական քաղաքի մասին

Օգոստոս 10,2020 11:06

Օրերս Հայաստանում «Խելացի քաղաք» հիմնադրելու մասին պայմանագիր է ստորագրվել՝ Չինաստանի Տեխնոլոգիաների ակադեմիայի, Չինաստանի Տեխնիկական զարգացման ընկերության և ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և զարգացման գործակալության միջեւ: ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և զարգացման գործակալության տնօրեն Սարգիս Գևորգյանն էլ հայտնել է, որ մեր երկրում 10-15 մլրդ դոլարի ներդրում է արվելու:

«Խելացի քաղաք» հիմնադրելու մասին լուրը, ինչպես հիմա ընդունված է ասել «ցնցել է» համացանցը, ոմանք ոգեւորվել են, ոմանք էլ չեն դադարում այդ թեմայով հումորային գրառումներ կատարել եւ լուսանկարներ հրապարակել Ֆեյսբուքում՝ ներկայացնելով իբր այս կամ այն քաղաքը կամ հաստատությունը 15 մլրդ դոլար ներդրումից հետո:

Aravot.am-ը ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և զարգացման գործակալության տնօրեն Սարգիս Գևորգյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ հսկայական ծավալի ներդրումների պայմանագրի կողմերից մեկը հենց իր ղեկավարած գործակալությունն է, որի մասին համարյա ոչ ոք ոչինչ չի լսել՝ գոնե վերջին տարիներին, իսկ գործակալության կայքը չի թարմացվել 2015-ից: Կայքում զետեղված հնգամյա վաղեմության վերջին նորությունն այն է, որ Հայաստանում հիմնադրվելու է LED լամպերի արտադրություն։

2013-ին նույն կայքում մի հիշատակում կա, որ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյոմժինովը ճանաչողական այց է կատարել ԹՈՒՄՈ, որը կազմակերպել է ԱԴԿԱՌՍ-ը: Մի լուր էլ 2011-ին է հրապարակվել այն մասին, որ Մոսկվայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել շնորհանդես, որի ընթացքում Սարգիս Գևորգյանը պատմել է ինովացիոն գիտելիքների վրա հիմնված տնտեսության ստեղծման դեպքում՝ Հայաստանի զարգացման հեռանկարի մասին:

«Մենք մեր չինացի գործընկերների հետ երկար աշխատանք ենք կատարել, դա տարիուկես է տեւել, պարզապես այդ մասին չէինք հրապարակում, որովհետեւ նախագիծը շատ մեծ է եւ ֆանտաստիկ էր թվում, իսկ մինչեւ ստորագրելը սխալ կլիներ այդ մասին ասելը: Դրա համար ստորագրելուց մի քանի օր առաջ հայտարարեցինք: Իրականում դա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրն է, որի մեջ նախատեսված են նման ներդրումներ տարբեր երկրներում, որոնք ունեն ներուժ եւ հնարավորություններ՝ չինացիների հետ հավասար զբաղվելու գիտությամբ եւ տեխնոլոգիաներով: Այդ երկրներից մեկն էլ Հայաստանն է»,-պարզաբանեց Սարգիս Գեւորգյանը:

Ինչ վերաբերվում է գործակալության կայքին, որ 2015-ից չի թարմացվել, մինչդեռ ցանկացած կազմակերպության, կառույցի համար պաշտոնական կայքը այցեքարտ է, մեր զրուցակիցը նշեց, որ հատուկ են այդպես արել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով. «Պետք էր ամեն ինչը փակ պահել, ոչ թե նրա համար, որ գաղտնիք էր, պարզապես պետք էր այս գործարքը վերջացնել, դրա համար փակեցինք նորությունները եւ զբաղվեցինք այս ծրագրով, որն իրոք աննախադեպ մեծ է…Մեր քաղաքականություն էր այդպիսին, չէինք ուզում երեւալ, բայց հիմա կերեւանք, ուղղակի բարձր տեխնոլոգիաների բիզնեսը չի սիրում նման բաներ, այն էլ Հայաստանում: Բայց այժմ արդեն անիմաստ է այդ ամենը փակ պահելը»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում ցրել մարդկանց, կասկածները, որ սա հերթական «բլեֆը» չէ, որովհետեւ նախկինում էլ եղել են խոստումներ, եւ չեն կայացել խոշոր նախագծեր, Սարգիս Գեւորգյանը պատասխանեց. «Դա ուղղակի պետք է արվի, մենք հենց սկսենք ծրագիրն իրականացնել, հետո թող ինչ ուզում են խոսեն»: Չթաքցրեց, որ նայել են բոլոր մեկնաբանությունները՝ նախագծի հետ կապված:

«Այնքան ամպագոռգոռ հայտարարություններ են եղել, ես էլ եթե կողքից լսեի, նույն վերաբերմունքն իմ կողմից էլ կլիներ… Դա բնական է »,-ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե ինչով հենց իրենց գործակալությունը շահեց չինացիների վստահությունը: «Մենք բավականին երկար ենք աշխատել, իրենք գիտեն մեր կարողունակությունը, այն նախագծերը, որ իրենց ցույց ենք տվել, որ կարելի է համատեղ անել, իրենք շատ լավ են ընդունել»,-ասաց ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և զարգացման գործակալության տնօրենը:

Նրա խոսքով. «Մեր տնտեսությունը ավելի փոքր է, քան Ադրբեջանինը, կարելի է ասել՝ ամենափոքրն է տարածաշրջանում, իսկ այս ծրագիրը հնարավորություն է գիտելիքահեն տնտեսության: Կդառնանք առաջատարը ոչ միայն տարածաշրջանում: Փոքր երկիր՝ չի նշանակում փոքր տնտեսություն, օրինակ` Սինգապուրը փոքր երկիր է, բայց հզոր տնտեսություն ունի, մինչդեռ 80-ականների սկզբներին, երբ Հայաստանը զարգացած երկիր էր, Սինգապուրի բնակչության կեսից ավելին անգամ գրագետ չէին: Այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք հզորանալու, պարզապես պետք է հավատանք»:

Հարցրինք նաեւ, թե իր կարծիքով ո՞րն է չինական կողմի շահը՝ նման ծավալի ներդրում անելու դեպքում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Շահն այն գիտական ներուժն է, որ Հայաստանն ունի, տեխնոլոգիաները զուտ հայկական չեն լինի, դրանք համատեղ օգտագործման կլինեն: Իրենք երրորդ երկրում չեն անում ներդրումներ, որովհետեւ չեն տեսնում այդ ներուժը: Հետաքրքիր է, որ իրենք տեսնում են, իսկ մենք մեր հանդեպ թերահավատ ենք»:

Նա չցանկացավ «փակագծեր» բացել, ասաց, որ ծրագրի մեջ կմտնի նաեւ ՀՀ Գիտությունների ակադեմիան, քանի որ առանց գիտական ինստիտուտների եւ համալսարանների, անհնար կլինի ծրագիրն իրականացնել:

«Մենք սկզբում չէինք ուզում, որ շատ մարդ տեղեկանար ծրագրի մասին, քանի դեռ ընթանում էին մեր բանակցությունները, հիմա պարզ է, որ պետությունը պետք է իմանա, գիտական հիմնարկները, համալսարանները, տեխնոլոգիական ընկերությունները, ստարտափները, բոլորը…Սա ինչ-որ մեկի ծրագիրը չէ, սա բոլորի ծրագիրն է»,- շեշտեց Սարգիս Գեւորգյանը: Ասաց, որ սեպտեմբերից կսկսեն անձնակազմ հավաքել, մարդկանց հետ աշխատել, իսկ առաջին քարը կդրվի 2021թ: Հավելեց, որ քաղաքը միայն չինական ընկերություն չի նախագծելու, այն հայ-չինական է լինելու , նաեւ առաջադեմ շինարարական տեխնոլոգիաներ են մտնելու Հայաստան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Սարգիս Գևորգյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31