Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարտադրված օրակարգից դուրս գալն օրակարգային է

Օգոստոս 09,2020 21:00

Վերջերս ուրախությամբ իմացա, որ Բեթհովենի 250-ամյակի առիթով մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը ձայնագրելու է կոմպոզիտորի բոլոր 9 սիմֆոնիաները: Վստահ եմ, որ դա կարեւոր իրադարձություն կլինի մեր մշակութային կյանքում. դասական գործերի կատարումը Հայաստանում, հայ երաժիշտների կողմից մաս են կազմում հենց մե՛ր մշակույթի, ճիշտ այնպես, ինչպես նշանավոր գրական ստեղծագործությունների հայերեն թարգմանությունը եւ լույս ընծայումը դառնում է մեր, հայկական իրականության երեւույթ:

Բեթհովենի սիմֆոնիաները ձայնագրվել են նաեւ Խորհրդային Հայաստանում՝ անձամբ ես լավ եմ հիշում Օհան Դուրյանի եւ Դավիթ Խանջյանի կատարումները: Բայց վստահ եմ, որ երաժշտական կատարողական արվեստը պիտի քայլի ժամանակին համընթաց. գլուխգործոցների տեքստը մնում է նույնը, իսկ կյանքը շարժվում է առաջ: Վերջին տասնամյակների ընթացքում ինչ ասես մեր գլխով չի անցել, եւ արվեստն ամպայման պետք է դա արտացոլի: Վստահ եմ, որ մեծ կոմպոզիտորի հոբելյանը (որն ամբողջ աշխարհում, հասկանալի պատճառներով, հետաձգվել է մինչեւ 2021 թվականը) ինչ-որ ձեւով կնշեն նաեւ Պետական սիմֆոնիկ նվագախումը, Կոմիտասի անվան քառյակը եւ մեր բոլոր շնորհալի երաժիշտները, որոնց պակասը մենք չունենք եւ երբեք չենք ունեցել:

Իսկ ես հիշեցի, որ ուղիղ 50 տարի առաջ ընտանիքով հանգստանում էինք էստոնական Պյարնու քաղաքում, եւ այնտեղ նշվում էր Բեթհովենի 200-ամյակը: Սիմֆոնիկ նվագախումբը՝ այն ժամանակ երիտասարդ դիրիժոր Նեյմե Յարվիի գլխավորությամբ համերգաշարի ընթացքում կատարեց Բեթհովենի սիմֆոնիաների մեծ մասը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գործեր: Այնպես չէ, որ Հայաստանում մեր կատարողական արվեստով զիջում էինք որեւէ մեկին: Օրինակ, Պյարնուում ես (10 տարեկանում) առաջին անգամ լսեցի Կրոյցերյան սոնատը, իսկ 2-3 տարի հետո նույն ստեղծագործությունը բախտ ունեցա ունկնդրելու Ժան Տեր-Մերկերյանի կատարմամբ, որն, իմ կարծիքով, աշխարհում լավագույններից է: Բայց կես դար առաջ, այն ժամանակվա պատկերացումներով՝ հեռավոր Էստոնիայում ես առաջին անգամ զգացի մոլորակի միասնականությունը, եւ կարծում եմ, որ Բեթհովենի երաժշտության, եթե կարելի է այդպես ասել, փիլիսոփայությունը հենց դա՛ է հուշում:

Հոգեւոր կյանքն այսօր տասնապատիկ ավելի կարեւոր է, քան 50 տարի առաջ: Բանն այն է, որ այժմ մարդկանց հոգին, ուղեղը շատ ավելի «ծանրաբեռնված է» դատարկ, անիմաստ մտքերով եւ ձգտումներով, քան դա 20-րդ դարում էր: Եվ ամենակարեւորն այն է, որ դա պատահականություն չէ՝ համացանցային կախվածություն ունեցող մարդկությունը այսօր բաց է մանիպուլյացիաների համար, մարդկանց մտքերը սկսել են ուղղորդվել: Օրինակ, հայաստանյան ֆեյսբուքում գերիշխում են քաղաքականացված բանավեճերը՝ ասենք, «ում վախտ էր» կյանքն ավելի վատը: Այդ օրակարգի իմացաբանական նշանակությունը, բնականաբար, զրոյական է: Իսկ ամերիկյան թվիթերում վիճում են ապաքաղաքական թեմաներով՝ ենթադրենք, որն է լավը՝ «Պեպսի կոլան», թե «Կոկա-կոլան» ՝ իմացաբանական նույն հետեւանքներով: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ թե՛ Հայաստանում եւ թե՛ Ամերիկայում մարդկանց թվում է, թե իրե՛նք, իրենց հոժար կամքով են ընտրել այդ օրակարգերը:

Մինչդեռ դրանք ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ են համացանցային մանիպուլյացիայի միջոցով, եւ այդ վերահսկելիության հետեւանքները կարող են շատ ավելի վտանգավոր լինել, քան ստալինյան կամ հիտլերյան տոտալիտարիզմը: Իսկ ահա հոգեւոր արժեքները մեզ ուժ եմ տալիս դիմադրելու այս պարտադրանքին: Եթե փոքր-ինչ պարզեցնենք, ապա կարելի է ասել. եթե մարդը 30 րոպե լսում է Բեթհովենի սիմֆոնիան եւ այդ ընթացքում չի մտածում, թե երբ է մտնելու իր հեռախոսի մեջ՝ տեսնելու, թե ով ում է քլնգել, ուրեմն, նա կարողացել է գոնե կես ժամով դուրս գտնվել վերահսկողությունից;

…1890-ականների սկզբին գերմանացի կոմպոզիտոր Յոհաննես Բրամսին հարցրել են, թե որ իրադարձություններն է նա ամենաշատը կարեւորում իր կյանքի օրոք, եւ նա պատասխանել է՝ «Գերմանիայի միավորումը եւ Բախի գործերի լիակատար ժողովածուի հրապարակումը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ուշագրավ է, որ եթե հոդվածը “զուտ” քաղաքական թեմաներով չէ (իմ կարծիքով այս հոդվածը շատ ավելի խորքային խնդիրների մասին է ), ապա մեկնաբանություններ հիմնականում չեն լինում։ Դե երևի չեն էլ կարդում…

  2. Tigran Mkhitaryan says:

    Ուշագրավ է, որ ոչ քաղաքական հոդվածների տակ (չնայած այս հոդվածը ավելի խորքային խնդիրների մասին է) մենաբանությունները բացակայում են։ Երևի չեն էլ կարդում․․․

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31