«Հուլիսյան մարտական գործողություններն ու Ադրբեջանի նախագահի, պետական այլ պաշտոնյաների ելույթները ցույց են տալիս, որ հակամարտության կարգավորման գործում որևէ պայմանավորվածություն չի կարող արդյունավետ լինել, քանի դեռ չեն իրականացվել հիմնական երկու քայլերը․
Հակահայկական ատելության պետականորեն տարվող քարոզչության դադարեցում,
Հրադադարի պահպանում և վերահսկում՝ միջազգային մեխանիզմների ներդրման միջոցով»:
Այս մասին ասվում է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հեղինակած՝ «Հուլիսյան մարտեր․ պատճառները և հնարավոր հետևանքները» խորագրով օրերս հրապարակված վերլուծությունում: Ասվում է նաեւ հետեւյալը. «Նշված քայլերը չիրականացնելու դեպքում անհնար է խոսել «վստահության մթնոլորտի ձևավորման», «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման» և այլ պայմանավորվածությունների արդյունավետության մասին։ Մյուս կողմից՝ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ հիմնաքարային դրույթների իրականացման հնարավորությունը գրեթե զրոյական է»:
Կարդացեք նաև
Վերլուծությունում նաեւ շեշտվում է. «Ակնհայտ է, որ հուլիսյան մարտերում կրած փաստացի պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը փորձելու է «շտկել» իրավիճակը՝ փորձելով նաև խուսափել ներքաղաքական ճգնաժամի խորացման հեռանկարից։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը փորձելու է առավել զգուշավոր և նախապես հիմնավոր և մանրակրկտորեն նախապատրաստված գործողություններ իրականացնել՝ նմանատիպ ձախողման հավանականությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով։ Ադրբեջանում անցկացված ցույցերը վկայում են, որ հերթական ձախողման դեպքում Ադրբեջանում ներքաղաքական ցնցումների հավանականությունը զգալիորեն աճելու է։ Փորձելով հնարավորինս նվազեցնել հակաիշխանական տրամադրությունների ձևավորումը ակտիվ գործողությունների բացակայության շրջանում՝ Ադրբեջանի ղեկավարությունը ակնհայտորեն գնալու է հռետորաբանության ավելի կոշտացման, հետևաբար, նաև հակահայկական ատելության քարոզի առավել ինտենսիվացման, ինչը ավելի է նվազեցնելու բանակցային գործընթացի միջոցով խնդրի կարգավորման հնարավորությունը։
Այսպիսով, հակամարտության ներկայիս փուլի, ինչպես նաև վերջին տարիների զարգացումների ուսումնասիրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ տվյալ պարագայում մենք գործ ունենք զրոյական արդյունքով խաղի հետ (zero-sum game), որտեղ կողմերից մեկի հաղթանակը մյուսի համարժեք պարտությունն է։ Բոլոր կողմերի հաղթանակի (win-win) տեսությունը կիրառելի կարող է լինել միայն հաղթանակի առկա գաղափարախոսության և ընկալումների արմատական փոփոխության դեպքում, ինչի հավանականությունը ոչ միայն ցածր է, այլ նաև ժամանակի ընթացքում ձգտում է զրոյի։
Հուլիսյան մարտերը նաև անդրադարձան արտերկրում հայկական և ադրբեջանական համայնքների միջև բախումներով, ակնհայտ էթնիկական խտրականության դեպքերով։ Լուրջ բախումներ արձանագրվեցին Բելգիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանի Դաշնությունում։ Բախումների ընթացքում նաև առնվազն հայտարարությունների մակարդակով նկատվում էր տվյալ երկրներում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություների կողմից իրավիճակը սրելու միտում։ Նշված խնդիրը, իհարկե, առանձին հետազոտության կարիք ունի, սակայն արդեն իսկ այսպիսի զարգացումների փաստն ի ցույց դրեց, որ հետագա հնարավոր լարվածությունները ևս մեծագույն հավանականությամբ չեն սահմանափակելու հակամարտության գոտիով և կարող են արտերկրում ավելի լուրջ բախումների առիթ դառնալ։ Նշվածն, իր հերթին, վկայում է հակամարտության խորացման և կարգավորման հետագա հեռանկարների հավանականության աստիճանական նվազման մասին։ Այսպիսով դիտարկվում է նոր ռազմական գործողության հավանականության աճ։ Եթե նշվածը դիտարկենք հուլիսյան գործողությունների տրամաբանության շրջանակներում, ապա ավելի հիմնավոր է դառնում այն փաստարկը, որ հիմնահարցի կարգավորման հարցում հայկական կողմերի դիրքերի ամրապնդման տեսանկյունից հավասարապես կարևոր դերակատարում են ունենալու կանխարգելիչ-նախահարձակ գործողությունների ռազմավարության կիրառումը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ճակատներում»:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ