Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ զինված ուժերը Հայաստանի տարածքում որոշակիորեն բարելավել են դիրքերը». «Օրբելի» կենտրոնի վերլուծություն

Օգոստոս 09,2020 13:24

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հեղինակած՝ «Հուլիսյան մարտեր․ պատճառները և հնարավոր հետևանքները» խորագրով օրերս հրապարակված վերլուծությունում այդ թվում անդրադարձ է կատարվում տավուշյան սրացման հետեւանքով ստեղծված դիրքային իրավիճակին: Մասնավորապես ասվում է. «Մարտական ակտիվ գործողություններն ընթացել են ՀՀ Տավուշի մարզի Մովսես և Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղերի միջև ընկած հատվածում։ Հրետակոծության և «կամիկաձե» տեսակի անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով բախումների աշխարհագրությունը տարածվել է նաև հարակից բնակավայրերի տարածքներում։

Բաց աղբյուրների մշտադիտարկումն առայժմ թույլ չի տալիս տեղեկություն ստանալ նշված հատվածում դիրքային որևէ փոփոխության մասին։ Առայժմ հասանելի միակ ամենաթարմ քարտեզի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ ՀՀ զինված ուժերը Հայաստանի տարածքում որոշակիորեն բարելավել են դիրքերը, ինչի արդյունքում, հավանաբար, հաջողվել է նաև տվյալ շրջանում որոշակի դիրքային առավելություն ստանալ։ Սակայն վերջնական փոփոխությունների մասին խոսելը դեռևս վաղ է, ինչպես նաև տվյալներ չկան հակառակորդի դիրքեր զբաղեցնելու վերաբերյալ: Ինչպես տեսնում եք, Հայաստանի տարածքում դիրքերի որոշակի բարելավման առաջին նախանշանները երևում են հուլիսի 15-ի քարտեզում, այսինքն՝ մարտական գործողությունների սկսվելուց երեք օր անց:

Այս հատվածի այլ գյուղերի տարածքում Ադրբեջանը շարունակում է պահպանել գյուղերի տարածքները դիտարկելու հնարավորությունը, ինչը դեռևս սպառնալիք է նշված գյուղերի բնակիչների անվտանգությանը։ Խոսքը, մասնավորապես, Չինարի գյուղի մասին է, որտեղ ՀՀ զինուժը 2019 թ. ընթացքում որոշակի բարելավումներ իրականացրել է, սակայն հետագա առաջխաղացումն արդեն անխուսափելիորեն բերելու է ուղիղ բախման՝ միջդիրքային տարածության արդեն իսկ բավականին նեղ լինելու պատճառով։ Նույն իրավիճակը նաև Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում է։ Մյուս կողմից՝ հայկական զինված ուժերը նույն կերպ դիտարկում են Այգեպար գյուղի դիմաց գտնվող Ալիբեյլի գյուղի, ինչպես նաև հարակից գյուղերի տարածքները, ինչը հնարավոր լարման դեպքում հակառակորդին ճնշելու հնարավորություն է տալիս»:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31