Ինչպես հայտնում է JNEWS-ը, օգոստոսի 8-ի երեկոյան Ախալքալաքում սպանության և խմբակային բռնության փաստի առթիվ ձերբակալվել է 1 անձ՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Հետաքննությունը շարունակվում է։ Հասարակական կարգը պահպանելու համար մոբիլիզացված է ոստիկանությունը: Այս մասին հայտնել է ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:
Այսօր, ժամը 10:00-ին, Ախալքալաքում՝ ոստիկանության բաժանմունքի շենքում ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն ճեպազրույց է անցկացրել Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության և զանգվածային անկարգությունների թեմայի շուրջ:
«Ախալքալաքում նախօրեին կատարված սպանության արդյունքում ձերբակալվել է մեկ անձ՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Թեժ հետքերով, դեպքից մի քանի ժամ անց ձերբակալվել է մեկ անձ: Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն (ծնված՝ 1983 թվականին), վիճաբանության ընթացքում հրազենով մահացու վիրավորանք է հասցրել Վ.Մ.-ին (ծնված՝ 1993 թվականին) : Վ.Մ.-ն մինչև հիվանդանոց տեղափոխելը մահացել է: Սպանությունից հետո վիճաբանությունը վերաճել է խմբակային բռնությունների, որի արդյունքում վնասվել է մասնավոր սեփականություն: Ինտենսիվ հետաքննություն է իրականացվում խմբակային բռնությունների կազմակերպման և անցկացման ուղղությամբ՝ գտնելու այն մարդկանց, ովքեր իրագործել են բռնություն: Ինչպես տեսնում եք, իրավիճակը կայուն է: Հասարակական կարգը և անվտանգությունը պահպանելու համար մոբիլիզացված են ոստիկանական ուժեր», – հայտարարել է ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:
Երեկ՝ օգոստոսի 8-ին, Ախալքալաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել վիճաբանություն երիտասարդներից բաղկացած երկու խմբերի միջև, ինչի արդյունքում հրազենով սպանվել է Կուլիկամ գյուղի բնակիչ Վ.Մ.-ն (ծնված՝ 1993 թվականին):
Կարդացեք նաև
Դրանից հետո քաղաքում սկսվել էին զանգվածային անկարգություններ: Երիտասարդների մոլեգնած խումբը ջարդուփշուր է արել և հրդեհել «ԱրտՍեգ» հյուրանոցը և 4 տներ՝ կապված հյուրանոցի սեփականատերերի և նրանց ընկերների հետ:
Երեկվանից՝օգոստոսի 8-ի երեկոյան, քաղաքում մոբիլիզացված են հատուկ նշանակության ջոկատայինները:
Ախալքալաքում տեղի ունեցած կռվի և ավերածությունների փաստով Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննությունն է սկսել Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով:
Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածը ենթադրում է կանխամտածված սպանություն, իսկ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը` ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութերի ապօրինի ճանապարհով ձեռքբերում, պահում և կրում:
https://www.facebook.com/JavakhetiNews/videos/342636873568761/