Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սիրիահայերի պես պիտի վերադառնան հայրենիք, հետո ստիպված լքեն, ավելի լավ է մնան Լիբանանում»․ քաղաքագետ

Օգոստոս 08,2020 20:36

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունից տուժած լիբանանահայերն ավելի լավ է վերագտնեն իրենց ու մնան Լիբանանում, քան տեղափոխվեն այլ երկրներ, այդ թվում պատմական հայրենիք՝ Հայաստան։

«Լիբանանում պաշտոնապես 250 հազար հայեր են բնակվում, որը կազմում է երկրի բնակչության 6,5 տոկոսը։ Մոտավորապես 120-130 հազար հայեր բնակվում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամենատուժած թաղամասում՝ Բուրջ Համուդում, որտեղ գտնվում է նաև մեր ազգային առաջնորդարանը՝ Արամ Ա Կաթողիկոսի նստավայրը, ինչպես նաև Սուրբ Գևորգ եկեղեցին։ Լիբանանի հայ համայնքն, իհարկե, շատ ազդեցիկ է, բայց այս իրադարձությունները հանգեցնում են նրան, որ մեր համայնքի ազդեցությունը Մերձավոր Արևելքում կարող է թուլանալ արտագաղթի արդյունքում։
Մենք տարածաշրջանից ունեցել ենք երկու խոշորագույն արտագաղթ, առաջինը Լիբանանում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի հետևանքով էր․ ահռելի քանակությամբ լիբանանահայեր լքեցին և հիմնականում տեղափոխվեցին ԱՄՆ։ Երկրորդը՝ Իրանում 1979 թվականին տեղի ունեցած հեղափոխությունն էր, որի արդյունքում կրկին մեծ քանակությամբ իրանահայեր լքեցին երկիրը։ Գրեթե ամբողջությամբ վերացավ Իրաքի հայկական սփյուռքը։ Իսկ 2011 թվականից Սիրիայում ահաբեկիչների կողմից սանձազերծած քաղաքացիական պատերազմը շեշտակի հարված հասցրեց սիրիահայությանը։

Ինչ վերաբերում է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքներին, ապա Բեյրութի հայ համայնքն ամենաշատ տուժածն է, որտեղ խոսվում է 13-14 զոհի մասին, բավական մեծ քանակությամբ վիրավորներ կան։
Լիբանանահայերը բավականին բարեկեցիկ կյանքով ապրող են, Բուրջ Համուդ թաղամասում կենտրոնացած են խոշոր առևտրային կենտրոնները, այդ թաղամասում շատ զարգացած է գոհարագործությունը, որը գտնվում է հայերի ձեռքում, ինչպես և կաշվեգործությունը։ Լիբանանը հայտնի է իր կաշվեգործներով, և նրանք հիմանականում հայեր են։ Բուրջ Համուդում բավական մեծ թիվ են կազմում խոշոր արհեստագործական հիմնարկներն, այս իրադարձությունները շատ մեծ հարված են մեր համայնքի համար։

Ինչ վերաբերում է հայերի արտագաղթը կազմակերպելուն, պետք է նշեմ, որ 2018 թվականից սկսած, երբ որ գործող իշխանությունները Սփյուռքի հանձնակատար նշանակեցին Սփյուռքի նախարարի փոխարեն և զարկ տվեցին այսպես ասած հայրենադարձության ծրագրին, ես որևէ արդյունք չեմ տեսել։ Բայց այդ, ինձ թվում է՝ լիբանանահայերը շատ լավ տեղյակ են Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ու սոցիալ-տնտեսական վիճակի մասին։ Չնայած հիմա Լիբանանում սոցիալ-տնտեսական ճգնաժամ է, բայց այնտեղ ապրող հայերն ավելի լավ են ապրում, քան ՀՀ-ում բնակվող քաղաքացիներն, այնպես չէ, որ լիբանանահայերը շատ վատ վիճակում են։

Շատ ուրախ կլինեի, որ մեր երկիրն ի վիճակի լիներ ընդունել լիբանանահայերին, օգտագործել նրանց ներուժը երկրի զարգացման համար, բայց չեմ կարծում, որ լիբանանահայերը կգան Հայաստան, որովհետև նրանք տեսան սիրիահայերի ներգաղթման դառը փորձը։
Սիրիահայերը Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհը դարձան, և նրանց հիմնական մասը եկավ Հայաստան։ Կարծում եմ՝ Լիբանանի օրենսդիր ու գործադիր իշխանության մեջ գտնվող հայազգի քաղաքական գործիչներն ամեն ինչ կանեն, որ լիբանանահայերը վերագտնեն իրենց տնտեսական ոլորտում և չլքեն իրենց երկրորդ հայրենիքը, մնան այնտեղ, որովհետև հայկական հզոր համայնքի առկայությունը Լիբանանում շատ անհրաժեշտ է մեզ համար։

Ես չեմ ցանկանա, որ նրանք տեղափոխվեն արևմտաեվրոպական երկրներ կամ ԱՄՆ, որովհետև մեր համայնքների ուժեղ լինելը Լիբանանում, Սիրիայում, ինչպես նաև Իրանում մեր հզորությունն է։ Միշտ չէ, որ պիտի ուրախանանք՝ նրանց հայրենիք ներգրավելով, մենք նախ պիտի կարողանանք ներգրավել, ինչպես որ դա այս 50-60 տարիների ընթացքում անում է Իսրայելը։
Մենք տեսնում ենք, որ ներգաղթում են հայրենիք, հետո թողնում, լքում են, Ադրբեջանից գաղթեցին, եկան Հայաստան, թողեցին, լքեցին երկիրը, վրաց-աբխազական հայտնի կոնֆլիկտի ժամանակ Աբխազայից եկան, բայց էլի թողեցին, լքեցին Հայաստանը, Սիրիայում տեղի ունեցած գործընթացների պատճառով մոտ 50 հազար հայեր եկան, դարձյալ թողեցին, լքեցին երկիրը։ Եթե մենք այս ձևով ենք վերադարձնելու մեր սփյուռքահայերին պատմական հայրենիք, այս ձևաչափով վերադարձնել պետք չէ, որովհետև սա հետվերադարձ չէ»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31