Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2019թ. և 2020թ. առաջին կիսամյակի ժողովրդագրական գործընթացներն ու կորոնավիրուսի ազդեցությունը ժողովրդագրական զարգացումների վրա

Օգոստոս 08,2020 14:28

⦁ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԸ

2020թ․ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2963,0 հազար մարդ՝ 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1,4 հազար մարդով։ 2020թ․ հունվարի 1-ի համեմատ բնակչության թվաքանակն աճել է 3,3 հազար մարդով, որը ձևավորվել է 2020թ․ հունվար-հունիս ամիսներին ձևավորված միգրացիայի դրական ցուցանիշի՝ 1,8 և բնական աճի՝ 1,5 հազարի հաշվին։ Ընդ որում, 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ, ի տարբերություն 2020թ․ ապրիլի 1-ի, մշտական բնակչության թիվն աճել է 6,6 հազար մարդով։ Պետք է նշել, որ 1991թ. ի վեր առաջին անգամ է Հայաստանում արձանագրվում միգրացիայի դրական ցուցանիշ, որը պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքով տեղաշարժերի սահմանափակումով և արտերկրից մեր հայրենակիցների վերադարձով:

⦁ ԲՆԱԿԱՆ ՇԱՐԺԻ ՑՈւՑԱՆԻՇՆԵՐԸ 2020Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈւՄ

Չնայած ծնունդների բացարձակ թվաքանակի նվազմանը՝ բավականին դանդաղել է անկման արագությունը։ 2020թ․ հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծնունդների բացարձակ թիվը նվազել է 128-ով կամ 0,8 տոկոսով՝ կազմելով 15․893 երեխա։ Միաժամանակ աճել է մահացածների թիվը՝ 693 մարդով կամ 5 տոկոսով՝ կազմելով 14417 մարդ։ Ծնունդների նվազման և մահացությունների թվի աճի հետևանքով նվազել է բնական հավելաճը՝ կազմելով 1476 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնական աճի ցուցանիշը նվազել է 35,7 տոկոսով կամ 821 մարդով։ Պետք է արձանագրել, որ սա Հայաստանի Հանրապետությունում կիսամյակային առումով 1992թ. ի վեր գրանցված բնական աճի ամենացածր ցուցանիշն է: Կարելի է արձանագրել, որ բնական աճի ցուցանիշի վատթարացման հիմնական պատճառ է հանդիսացել մահացությունների թվաքանակի աճը։ Մասնավորապես նոր համավարակից` կորոնավիրուսից 2020թ. ապրիլ-հունիս ամիսներին մահացել է 461 մարդ:

Համավարակով, ինչպես նաև մարտ, ապրիլ և մայիս ամիսներին առողջապահական և այլ սահմանափակումների հետևանքով մեծ թվով ամուսնություններ (պաշտոնապես գրանցում ստացած) հետաձգվել են: 2019թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ամուսնությունները բացարձակ թվով նվազել են 2148-ով կամ 29 տոկոսով: Պետք է սպասել, որ համավարակային իրավիճակի բարելավմանը զուգահեռ հետաձգված ամուսնությունները կամ կտեղափոխվեն 4-րդ եռամսյակ, կամ 2021 թվականի 1-ին կիսամյակ:

2020թ․ հունվար-հունիսին դրական է ամուսնալուծությունների թվաքանակի շարժը, որը նվազել է 16,7 տոկոսով կամ 299-ով:
2020թ. հունվար-hունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնական աճի բացասական ցուցանիշ արձանագրած մարզերի թիվն ավելացել է, և Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերին են միացել Գեղարքունիքը, Սյունիքն ու Վայոց Ձորը: Մտահոգիչ է այն փաստը, որ առաջին անգամ բնակչության բացասական աճի ցուցանիշ է արձանագրվել ավանդաբար ծնելիության բարձր ցուցանիշ ունեցող Գեղարքունիքի մարզում: Ընդհանուր առմամբ, բնական աճի ցուցանիշը վատթարացել է բոլոր մարզերում՝ բացի մայրաքաղաք Երևանից և Արագածոտնի մարզից: 2020թ. հունվար-հունիսի տվյալներով՝ հիմնականում Երևանն է նպաստել բնական աճի ցուցանիշի դրական տիրույթում հայտնվելուն, քանի որ ՀՀ 10 մարզերում բնական աճը բացասական է եղել 447-ով, իսկ Երևանում արձանագրվել է բնական աճի 1923 դրական ցուցանիշ:

Ծնունդների բացարձակ թվաքանակի անկում է գրանցվել հանրապետության ողջ տարածքում՝ բացառությամբ մայրաքաղաք Երևանի, Լոռու և Շիրակի մարզերի, ընդ որում, Երևանում 2020թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն աճել է 7,3 տոկոսով: Ծնունդների թվաքանակի ամենամեծ անկումը գրանցվել է Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում՝ համապատասխանաբար 16, 15, 14 և 11,4 տոկոսով:

Թեև մայրաքաղաք Երևանն է ապահովել ծնունդների թվաքանակի ամենամեծ աճը, սակայն մահերի աճի առումով այն ևս առաջատար է: 2020թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահերի թիվը Երևանում ավելացել է 10 տոկոսով, որը նաև պայմանավորված է կորոնավիրուսից մահացածներով: Ընդհանուր առմամբ, 2020թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսից 461 մահվան դեպք, որը կազմել է ընդհանուր մահերի 3,2 տոկոսը:

Աղյուսակ 1. ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշներն ըստ ՀՀ մարզերի և ք․ Երևանի 2019-2020թթ․ հունվար-հունիս ամիսներին

Կորոնավիրուսը և դրա հետևանքով միջազգային տեղաշարժերի սահմանափակումը դրական ազդեցություն են ունեցել նաև ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի հաշվեկշռի ցուցանիշներում: Չնայած ընդհանուր ուղևորահոսքի հաշվեկշիռը 2020թ. հունվար-հունիս ամիսներին բացասական է 10.683-ով, սակայն ՀՀ փաստաթղթերով մուտքի և ելքի ցուցանիշները դրական են 24.257 մարդով: Սա հիմնականում պայմանավորված է ժամանակավոր աշխատանքային միգրանտների Հայաստանից չմեկնելու և արտերկրից, նաև կորոնավիրուսի հետևանքով վատ իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների վերադարձով:

Աղյուսակ 2. ՀՀ սահմանային անցման կետերով իրականացված մուտքերի և ելքերի ծավալներն ըստ ընդհանուր և ՀՀ փաստաթղթերի հաշվեկշռի

⦁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ 2019Թ. ՀԻՄՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՑՈւՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆԸ

Աղյուսակ 4.ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխությունները 2019-2020թթ.

2020թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դանդաղել է Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակի նվազման արագությունը, որը կազմել է 5575 մարդ կամ -0,20 տոկոս: Պետք է նշել, որ 2015-2016թթ. ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 12․021, 2016-2017թթ.՝ 12․431, 2017-2018թթ.՝ 13․419 մարդով:

2020թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թվաքանակի նվազման ցուցանիշով առաջատարը Լոռու մարզն է՝ -2156, որին հաջորդում են Շիրակը՝ -1880, Տավուշը՝ -767, Արագածոտնը՝ -719, Կոտայքը՝ -700 և Գեղարքունիքը՝ -624 մարդ:
Մշտական բնակչության թվաքանակի դրական փոփոխություն արձանագրվել է միայն մայրաքաղաք Երևանում, որտեղ 1 տարվա կտրվածքով մշտական բնակչությունն աճել է 2150 մարդով: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանն ապահովում է հանրապետության բնական աճի գերակշիռ մասը, շարունակվում է մարզերից բնակչության արտահոսքը դեպի մայրաքաղաք:

2018թ. ապրիլ-մայիսյան քաղաքական փոփոխությունները դրական են ազդել ծնունդների թվաքանակի շարժի վրա: Արտագաղթի տեմպերի նվազումը, ապագայի հանդեպ լավատեսությունը, մասնավորապես վերարտադրական ակտիվ տարիքի մարդկանց մոտ, էականորեն բարելավել են ծնելիության ցուցանիշները և նպաստել անկման դանդաղեցմանը:
Եթե 2016-2017թթ. ծնունդների բացարձակ թիվը Հայաստանի Հանրապետությունում նվազել է 2892-ով, 2017-2018թթ.՝ 1126-ով, ապա 2018-2019թթ.՝ 533-ով կամ 3,2 տոկոսով: 2019թ․, ի տարբերություն 2018թ․, ծնունդների աճ է արձանագրվել 3-րդ, 4-րդ, 5-րդ և հաջորդ երեխաների կարգաթվերում համապատասխանաբար՝ 537, 174 և 19 դեպքով: Այս ավելացումը մեղմել է 1-ին և 2-րդ երեխաների կարգաթվերում արձանագրված անկումը, որը 1 տարվա կտրվածքով կազմել է՝ 810 և 453 երեխա:

Աղյուսակ 5.Ծնվածների բաշխումն ըստ ծննդի հերթականության 2015-2019թթ.

Երեխաների առաջին և երկրորդ կարգաթվերի նվազման հիմնական պատճառը 2012թ. սկսած ամուսնությունների թվաքանակի նվազումն է, որն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ ակտիվ վերարտադրողական տարիքի մարդկանց թիվն անշեղորեն նվազում է: Այս միտումը մոտակա տարիներին ավելի գերակա է դառնալու, քանի որ ամուսնական տարիք է մուտք գործելու 1990-ականների երկրորդ կեսին ծնված սերունդը:
2019թ. ծնունդների թվաքանակի տեմպերի նվազմանը զուգահեռ բարելավվել են 1000 կնոջ հաշվով տարեկան ծնվածների միջին թվաքանակի ցուցանիշները: Պետք է նշել, որ վերարտադրողական տարիքում գտնվող կանանց ծնելիության ցուցանիշները բարձրացել են բոլոր տարիքային խմբերում՝ բացառությամբ 20-ից ցածր տարիքային խմբի կանանց:
20 տարեկանից ցածր տարիքային խմբում ծնվածների միջին թվաքանակը 1000 կնոջ հաշվով 2018թ. 19-ից 2019թթ. իջել և հասել է 16,8-ի: Ընդ որում, գյուղական բնակավայրերում 20 տարեկանից ցածր տարիքային խմբի կանանց ծնելիության ցուցանիշը մոտ 2 անգամ գերազանցում է քաղաքայինին:

20-24 և 25-29 տարիքային խմբերում 1000 կնոջ հաշվով ծնելիության հաճախությունը 2018-2019թթ. ընթացքում աճել է: Սակայն այս տարիքային խմբում քաղաք-գյուղ կտրվածքով գոյություն ունեն որոշակի տարբերություններ: 20-24 տարիքային խմբում ծնելիության հաճախությունը գյուղական բնակավայրերում ավելի արագ է աճել, քան քաղաքային բնակավայրերում:
25-29 տարեկան կանանց ծնելիության հաճախության ցուցանիշները ևս աճել են, և այն արձանագրվել է թե´ քաղաքային, թե´ գյուղական բնակավայրերում, սակայն 25-29 տարեկան գյուղական բնակավայրերի կանայք ծննդաբերած երեխաների թվաքանակով բավականին զիջում են իրենց քաղաքային տարեկիցներին:

Աղյուսակ 6. Ծնելիության տարիքային գործակիցներն ըստ համապատասխան տարիքային խմբի
1000 կնոջ հաշվով 2018-2019թթ.

Աճ է արձանագրվել նաև 30-34 տարեկանների խմբում: Պետք է նշել, որ այդ խմբում աճն ապահովվել է գյուղական ծնելիության ավելի մեծ հաճախության շնորհիվ: Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ գյուղական բնակավայրերում ծնելիության հաճախությունը բարելավվել է, սակայն դեռևս զիջում է քաղաքային ծնելիության հաճախությանը:
Զգալի է նաև ծնելիության հաճախության վարչա-տարածքային տարբերությունները: Պետք է նշել, որ ծնելիության գումարային գործակցի միջին հանրապետական՝ 1,599-ից բարձր ցուցանիշներ են արձանագրվել միայն մայրաքաղաք Երևանում, Արարատի, Կոտայքի և Լոռու մարզերում համապատասխանաբար՝ 5,5, 1,3 և 1,1 և 1,2 տոկոսային կետով: Հանրապետական միջինից համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում՝ 4,2, 4,1 և 6,1 տոկոսային կետով:

Հաջորդ խմբում են հայտնվել Արագածոտնի և Արմավիրի մարզերը՝ միջին հանրապետականից ցածր՝ 7,6 տոկոսային կետով:
Իսկ ամենավատ ցուցանիշներն արձանագրվել են Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում՝ 16,6 և 17,3 միջինից ցածր տոկոսային կետերով:
2018թ. տվյալներով՝ ծնելիության հաճախության ամենամեծ անկումն արձանագրվել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում: Մասնավորապես ամենածնունակ՝ 20-24, տարեկան կանանց խմբում ծնելիության հաճախությունները 2019թ., ի տարբերություն 2018թ., նվազել են համապատասխանաբար՝ 11,2 և 16,2 տոկոսային կետով:

2019թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63,8%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21,5%-ը՝ աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), 14,7՝ աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: ՀՀ 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 566 մարդ (230 տարեց և 336 0-15 տարեկան երեխա):
Ի տարբերություն 2019թ. տարեսկզբի՝ 2020թ. տարեսկզբին ՀՀ աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան) նվազել է 0,6 աշխատունակ տարիքից ցածր (0-15) բնակչության տոկոսն անփոփոխ է: Միաժամանակ աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչության թիվն աճել է 0,6 տոկոսով: Ընդհանուր առմամբ, ծնունդների թվաքանակի անկումը և բացասական միգրացիոն սալդոն էլ ավելի են արագացնում Հայաստանի բնակչության ծերացման գործընթացը:

2019թ.-ին ի տարբերություն 2018թ., բարելավվել է ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը․ 2019թ. հունվար-հունիսին 110,2 տղա՝ 100 աղջկա դիմաց: 2018թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 110,3 տղա՝ 100 աղջկա դիմաց:

Հոդվածի պատրաստման համար օգտագործվել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի 2020թ․ հունվար-հունիսի հրապարակությունը, ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում։

Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ
ՄԱՀՀԻ ԱՍՈՑԱՑՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏ, Պ․Գ․Թ․, ԺՈՂՈՎՐԴԱԳԻՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31