Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու տարվա ընթացքում կանաչը բետոնով ծածկելու քաղաքականությունը շարունակվեց՝ ուղղակի ավելի թավշյա ձևակերպմամբ». Դավիթ Խաժակյան

Օգոստոս 07,2020 17:36

Այսօր՝ օգոստոսի 7-ին, «Մեդիա կենտրոն»-ն անցկացրեց առցանց հանրային քննարկում «Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին» թեմայով, որին մասնակցեցին ինչպես Երևանի ավագանու անդամները, այնպես էլ բնապահպանության ոլորտի մասնագետները:

«Նախևառաջ ուզում եմ նշել, որ գալով քաղաքային իշխանության՝ մենք միանգամից սկսել ենք զբաղվել Երևանի կանաչապատման հարցով: Ստեղծվել է հիմնարկ, որը զբաղվում է դրանով: Նույնիսկ համավարակի պայմաններում Երևանի կանաչապատման և բնապահպանական խնդիրների լուծման աշխատանքները չեն դադարեցվել, իսկ հատկացված բյուջեն կազմում է շուրջ 3,6 միլիարդ դրամ կանաչապատման համար և ավելի քան 1 միլիարդ՝ ոռոգման համակարգի բարելավման, ինչը խոսում է բնապահպանական խնդիրներին քաղաքային իշխանության վերաբերմունքի մասին»,-ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը:

Երիցյանը նշեց, որ համակարգային փոփոխություններ կարճ ժամկետներում հնարավոր չեն, քանի որ Երևանում հիմա կան մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ՝ կիսաանապատային վիճակ, խարխլված ոռոգման համակարգ, աղբի վերամշակման հարց, օդի աղտոտվածություն, խիտ բնակեցում և այլն:

«Իրավիճակը շատ բարդ է: Երկու տարվա ընթացքում կանաչը բետոնով ծածկելու քաղաքականությունը շարունակվեց՝ ուղղակի ավելի թավշյա ձևակերպմամբ: Մենք հետևում ենք ծառերի, կանաչ տարածքների պահպանման ընթացիկ աշխատանքներին և, ցավոք, այնպիսի վատ պատկեր, ինչպիսին է վերջին երկու տարիներին, դժվար է մտաբերել»,-նկատեց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն էլ նշեց՝ Մաշտոցի պուրակի բետոնապատման աշխատանքները ցույց տվեցին, որ հանրային վերահսկողությունը բավականին թուլացել է:

«Ամեն ինչ մատուցում են որպես լավ, բարի գործ ու վերջում էլ ասում՝ «մարդիկ լավ բանից էլ են դժգոհ»: Սա վառ ապացույց է, որ իշխանությունը կանի այն, ինչ ուզում է, իսկ պայքարողներ, ինչպես 2012 թվականին՝ այլևս չկան, չկան մարդիկ, որոնք կգնան ու կպառկեն պուրակում և կպայքարեն»,-ավելացրեց Հռիփսիմե Առաքելյանը:

Ջուլետտա Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31