«Այս վագոնները, որ տեղադրված են ապօրինի են, այս տարածքը, որտեղ տեղադրված է այդ մակերեսի վրա, դա պայմանագրային հիմունքներով տրված է եղել «Լիդիան»-ին, գյուղ նշանակության հող է եղել և չեզոքության գոտի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ջերմուկի համայնքապետի խորհրդական Հայկ Դավթյանը։
Հիշեցնենք՝ Ամուլսարի երկրորդ պահակակետի մոտ ցուցարարները սպասում են «Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակը տեղափոխելուն։
Ըստ նրա, ոչ ոք իրավունք չուներ առանց համայնքի ղեկավարի թույլտվության ինչ-որ մի բան կառուցեր․ «Հիմա արվել է ժամանակին, շեղումներ եղել են։ Սրանք ոչ թե դիտավորյալ է արել «Լիդիան»-ը, այլ ընդհանուր, եթե լավ գիտեք, ամբողջ հանրապետությունում այդ հողաչափումների, չափագրումների մեջ շեղումներ միշտ եղել են։ Ճշտվելուց հետո պարզվել է, որ այդ տարածքը, որտեղ իրենք տեղադրել են, իրավունք չունեին տեղադրելու»։
Կարդացեք նաև
Հայկ Դավթյանը ասաց, որ վագոն-տնակը, հավանաբար, 10-15 մետր է տեղափոխվելու։ Իսկ նկատառմանը, թե բարձրավոլտ էլեկտրական սյուն կա այդ տարածքում, նա պատասխանեց․ «Բարձրավոլտի հետ կապված, եթե խնդիրներ կլինեն հոսանքի, մնացած ենթակառուցվածքների հետ համապատասխան ծառայությունները իրենք կգան կկարգավորեն։ Դա մեր խնդիրը չէ»։
Նա հայտնեց, որ «Լիդիան Արմենիան» չի ցանկանում տեղափոխել վագոն-տնակը և համայնքապետարանի գործողությունները ապօրինի է համարում․ «Դրա համար օրենքը թույլատրում է մեզ, եթե ապօրինի ինչ-որ բան է տեղադրված համայնքի վարձակալած տարածքում, համայնքի ղեկավարը իր լիազորությունների շրջանակում, բացեք հոդվածները կարդացեք «ՏԻՄ մասին» օրենքի, իրավունք ունի ապամոնտաժելու, տեղափոխելու»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ