ՀՀ կառավարության նիստում հերթական անգամ լսեցինք վարչապետի պոպուլիստական հայտարարությունը, այս անգամ՝ կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Նման բազմաթիվ հայտարարություններ արդեն երկու տարուց ավելի մեր հասարակությունը լսել է և չի տեսել դրանց արդյունքները, չի համոզվել դրանց իրավացիության մեջ: Որ վարչապետը երկիրը ղեկավարում է միանձնյա, և ինքն է պատասխանատու բոլոր կառույցների գործունեության համար, դա էլ փաստ է: Իսկ ու՞ր մնացին մյուս բոլոր ոլորտների մասնագետները, եթե ոլորտային հարցերը պետք է քննարկվեն բացառապես իշխող թիմի կողմից՝ առանց հաշվի առնելու հասարակության լայն շրջանակների և հակառակ տեսակետ արտահայտող մասնագետների կարծիքները:
Կառավարության ռազմավարական պատկերացումները պետք է լինեն Հայաստանի hանրապետության, նրա ժողովրդի ռազմավարական պատկերացումները, ոչ թե միայն վարչապետի կամ նրա նշանակյալների: Չափորոշիչների վերաբերյալ հնչեցված բազմաթիվ մասնագիտական կարծիքները (բուհերի մասնագիտական ամբիոններ, ՀՀ ԳԱԱ պատմության, գրականության ինստիտուտներ, Հայ առաքելական եկեղեցի, քաղաքական և հասարակական գործիչներ, առանձին անհատներ), ցավոք, ցույց տվեցին, որ կառավարության պատկերացումները արատավոր լինելուց բացի, վտանգավոր են, թշնամական և չեն բխում մեր երկրի ռազմավարական և անվտանգային շահերից:
Հանրության քննարկումներից հետո այն ինչ-որ չափով փոփոխվել է: Ինչ-որ չափով: Արդյոք փոփոխվածն էլ իշխանությունների պատկերացումների շրջանակներո՞ւմ էր: Եթե այո՛, ապա ի սկզբանե թող այդպես լիներ: Ինչո՞ւ էր «Հայ գրականություն» առարկան ներկայացվում 150 տարվա կտրվածքով և առանց «հայ» բառի: Ի՞նչ է, օտար երկրի համար գրված գրականության չափորոշիչ և ծրագի՞ր էր՝ հայկական ուղղվածությամբ: «Հայոց պատմություն» առարկան սկսվում է մ.թ.ա. 9-րդ դարով, դուրս թողնելով մեր փառահեղ պատմության կեսից ավելին:
Արածի ու չարածի վրա վերջերս, իբր, զարմացող Լևոն Տեր-Պետրոսյանը չափորոշիչը որակելով ազգային խայտառակություն, ամենևին ոչ վայել հիրավի փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդին, ևս այդքան է համարում՝ ընդամենը 2500-ամյա, տուրք տալով հայերի եկվորության սին, կեղծ տեսությանը, որն այսօր միայն թուրք-ադրբեջանական ուժերն են թմբկահարում: Ի դեպ, պատմության չափորոշիչներում թուրքական հետքը չի ժխտվել: Թուրքական հետքը՝ ռազմավարությո՞ւն: Պետակա՞ն ռազմավարություն: Ո՞ր պետության ռազմավարություն: Մի՞թե ուժեղ պետություն են ունենում՝ աշակերտին կրթելով կեղծ խաղաղասիրությամբ, թշնամու կերպարի վերացմամբ, թուրքին ներելու, ֆեմինիզմի գաղափարներով:
Կարդացեք նաև
Սա այլևս ոչ միայն և ոչ այնքան կրթական հարց է, որքան լրջագույն սպառնալիք մեր ազգի ու պետության անվտանգության համար: Թերևս, հասկանալի է, թե ինչու է «նախագծում» բացակայում «հայրենասիրություն» հասկացությունը, ինչը հայաստանցի աշակերտին «Հայոց պատմություն», «Հայ գրականություն», «Հայ եկեղեցու պատմություն», «ՆԶՊ» առարկաների միջոցով սերմանվող հիմնաքարային գաղափարն է: Երեխայի մեջ հայրենիքի սահմանները պաշտպանելու բնական ձգտումը խրախուսելը, հայրենասիրություն ձևավորելը ռազմատենչություն չէ: Ընտանեկան ավանդույթները սրբազան դարձնելը գավառականություն չէ: Հայկական խորհրդանիշներով, հերոսների սխրանքներով և հերոսական պատմությամբ դաստիարակված սերունդն է, որ ստեղծում է պետություն-ազգ-բանակ եռամիասնությունը, բնական դաշինք, որն անպարտելի է ցանկացած թշնամու պարագայում: Վկան՝ Տավուշի մարզում վերջերս մեր զավակների կատարած անօրինակ սխրանքը, մեր ռազմական մասնագետների մարտավարական արվեստի բացառիկ դրսևորումները: ՀԱՅՈՑ ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅՈՒՆԸ և ուժեղ պետության հայեցակարգը երբեք չի եղել և երբևէ չի էլ լինելու սեռական կյանքի վրա կենտրոնացվածությունը, եսակենտրոնությունը, ընտանիքի թուլացումը: Դա է վկայում մեր պատմությունը: ՀԱՅՈՑ ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅՈՒՆԸ ամփոփված է մեր ժողովրդի ոգեղենության մեջ, որ անծանոթ է շատերին:
Քանի որ կառավարության կողմից առաջարկվող հայոց պետության հավիտենության հայեցակարգը այս խայտառակ, հակապետական և ապազգային չափորոշիչներն են և դրանց հիմքի վրա ստեղծված ծրագրերը, ապա մեր ազգային, պետական շահը և հայ ազգի հավիտենականության իրական հայեցակարգը պահանջում են այս կառավարության՝ օր առաջ իշխանությունից հեռանալը:
Նունե ԱՄԻՐՅԱՆ
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ
Անահիտ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
հանձնախմբի անդամ, Բանասիրական գիտությունների թեկնածու