Լրահոս
Օրվա լրահոսը

100 հարկ վճարողներ գործում են փոխհամաձայնեցված. ինչպես է ՊԵԿ-ը «բռնացնում», որ իրական շահառուն մեկն է

Օգոստոս 07,2020 16:20

«41 դեպքով հիմնավորվել է, որ 100 հարկ վճարողներ գործում են փոխհամաձայնեցված սկզբունքով, հետեւաբար, նշյալ 100 հարկ վճարողները պետական եկամուտների կոմիտեի նախագահի որոշումներով ճանաչվել են փոխկապակցված»,-այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: Հարցին՝ ինչպիսի բացասական հետեւանքներ է ունենում այդ 100 տնտեսվարողի փոխկապակցվածությունը հարկերի հավաքագրման վրա, պարոն Չարխիֆալակյանը պատասխանեց, որ տվյալ պարագայում գործ ունենք բիզնեսն արհեստականորեն տրոհելու գործընթացի հետ. «Դրա նպատակը մեկն է՝ պակաս հարկեր վճարելը: Ինչպես հայտնի է բազմաթիվ ընկերություններ պակաս հարկեր վճարելու համար իրենց հարազատների, ընկերների, բարեկամների անուններով գրանցում են կազմակերպություններ եւ արհեստականորեն տրոհում իրենց բիզնեսը՝ հարկման ավելի բարենպաստ ռեժիմով՝ շրջանառության հարկով, հարկվելու դաշտում աշխատելու համար: Նաեւ՝ ավելացված արժեքի հարկի վերաբերյալ հաշվարկներ եւ տարեկան շահութահարկի հաշվարկներ չներկայացնելու դիտավորությամբ: Արդյունքում պետական բյուջե վճարվում են պակաս հարկեր»:

Ըստ ՊԵԿ պաշտոնյայի, այս խախտման համար պատիժը նախատեսված է քրեական օրենսգրքով: Թե ինչպես է ՊԵԿ-ը «բռնացնում», որ իրական շահառուն մեկն է, ըստ Վահան Չարխիֆալակյանի, տվյալ տնտեսվարողին պատկանող խանութներից մեկից գաղտնի, ծածկագրված եղանակով կատարում են հսկիչ գնում, այնուհետեւ այդ գնված ապրանքը փոխարինում են երկրորդ խանութում: Կամ՝ մի խանութից ծածկագրված եղանակով ստանում են զեղչի քարտ եւ դա օգտագործում են մյուս խանութում:

Պարոն Չարխիֆալակյանի տվյալներով, 2019 թվականին 15 դեպքով 38 հարկ վճարողներ ճանաչվել են փոխկապակցված:
2020 թվականի հունվար-հունիս ամիսներին, ըստ նրա, հարկային իրավախախտումների բացահայտման նպատակով ձեռնարկվել են 1750 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում 731 իրավախախտման դեպքով արձանագրվել են պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա մոտ 2,8 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ: Նախորդ տարի այս թիվը շատ ավելի պակաս է եղել: Պարոն Չարխիֆալակյանն ասաց, որ նույն ժամանակահատվածում 2019-ին արձանագրվել է իրավախախտման 567 դեպք եւ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 431 միլիոն դրամ:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների թվի աճը, ՊԵԿ պաշտոնյան ի պատասխան ասաց, որ նախ՝ աշխատակիցների նախաձեռնողականությունն է ավելացել, քանի որ ՊԵԿ վարչության կողմից նման պահանջ է դրվել, որպեսզի աշխատակիցներն ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեն, երկրորդ՝ 2020 թվականին ՊԵԿ-ում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ: Ըստ պարոն Չարխիֆալակյանի, այս տարվա հունվար-հունիս ամիսներին ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվողներին հայտնաբերելու արդյունքում վճարած տուգանքի չափը կազմել է 94 միլիոն դրամ: Հարուցվել է 285 քրեական գործ, որի արդյունքում պարզվել է, որ պետությանը պատճառած վնասի չափը կազմել է 13,7 միլիարդ դրամ: Տնտեսվարողները խուսափել են հարկերից, ստեղծել կեղծ կամ անվճարունակության հատկանիշներ, զբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ: Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերով հարուցվել է 83 քրեական գործ:

ՊԵԿ պաշտոնյան նաեւ հայտնեց, որ զգալի աշխատանքներ են կատարվել ԵԱՏՄ երկրներից գնված եւ Հայաստանի հանրապետություն տեղափոխվող ապրանքների գների, ինչպես նաեւ նշված ապրանքների՝ ՀՀ-ում դրանց իրացման ընթացքում գների արժանահավատությունը պարզելու ուղղությամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31