Լրահոս
Օրվա լրահոսը

Գերտերությունների հետաքրքրություններն ու Բեյրութում որոտացած պայթյունը

Օգոստոս 07,2020 16:10

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունին, որը, ըստ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի, տեղի է ունեցել 2750 տոննա ամոնիումի նիտրատից, ասաց․ «Լիբանանը Մերձավոր Արևելքի ամենախնդրահարույց երկրներից մեկն է, որտեղ միմյանց են բախվում ոչ միայն աշխարհի խոշորագույն տերությունների, այլ տարածաշրջանի խոշոր պետությունների շահերը։ Լիբանանը միշտ եղել է այդ իրադարձությունների կիզակետում։ Ամեն դեպքում այն, ինչ տեղի ունեցավ Բեյրութում, մեծ ազդեցություն կունենա Լիբանանի ներքաղաքական իրավիճակի վրա։ Շատ շատերի համար, իրոք, անհասկանալի էր այդ աղետը, բայց երբ նույն «Հզբոլան», որը ներկայացնում է շիա մահմեդականներին, ինչպես նաև սուննի մահմեդականների ու քրիստոնեական համայնքի ներկայացուցիչներն ասում են՝ բացարձակ ահաբեկչություն չկա, իմ կարծիքով սա արվում է այս խառը իրավիճակում ներքաղաքական դրությունը վերահսկելի դարձնելու համար։

Պատահական չեմ համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Լիբանան։ Լիբանանը ժամանակին եղել է ֆրանսիական գաղութ, և այսօր Ֆրանսիային հետաքրքիր է, թե ինչ է ընդհանրապես տեղի ունենում այդ երկրում։

Լիբանանը վերջին ժամանակաշրջանում սուր քաղաքական ճգնաժամ էր ապրում՝ կապված երկրի ներքաղաքական իրավիճակի հետ, և դա հատկապես էլ ավելի սրվեց նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո։ Ի դեպ, այսօր կհրապարակվի Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատավճիռը։

Ես չեմ կարող պնդել, թե Լիբանանի իշխանությունները հարյուր տոկոսով պայթյունի իրական պատկերն են ներկայացնում, էլի եմ կրկնում, չի բացառվում, որ սա տեխնոգեն աղետ էր՝ առաջացած անփութության հետևանքով, բայց միևնույն ժամանակ, երբ երկրում այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում, դա ենթադրությունների առիթ է տալիս»։

Ըստ Գագիկ Համբարյանի, Բեյրութի նավահանգստի ոչնչացումը ծայրահեղ ծանր հետևանքներ է ունենալու երկրի համար, որովհետև Լիբանանի առևտրի 78 տոկոսը կատարվել է մայրաքաղաքի նավահանգստի միջոցով։ Վնասները կազմում են 5-15 միլիարդ ամերիկյան դոլար։

«Լիբանանն առանց այդ էլ գտնվում է շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, հիմա այս ամենն ավելի է սրելու երկրի ներքաղաքական իրավիճակը։ Ես հենց սրանով եմ պայմանավորում այն, որ երկրի կարևոր ուժերն ու կրոնական առաջնորդները հայտարարում են՝ երկրում տեղի ունեցածը ընդամենը տեխնոգեն աղետ է, այլ ոչ թե ահաբեկչություն։ Բայց, էլի եմ կրկնում, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն ենթադրելու առիթ են տալիս, որ պայթյունի հիմքում ոչ թե տեխնոգեն աղետը կարող է լինել, այլ ահաբեկչությունը։ Բեյրութը շատ մոտ՝ ընդամենը 100 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում ռուսաստանյան ամենախոշոր՝ Սիրիայի տարածքում գտնվող Խմեյմիմ բազայից, Բեյրութը բավական մոտ է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին։ Պատահական չէ, որ սիրիական զորքերը, որոնք 60-ական թվականներից սկսած՝ եղել են Լիբանանի տարածքում, դուրս են բերվել Լիբանանի տարածքից 2005 թվականին։

Այսինքն՝ սիրիական զորքերը մշտապես գտնվել են Լիբանանի տարածքում և ապահովել են երկրի անվտանգությունը, իսկ հարավային Լիբանանից պրոիսրայելական ուժերը դուրս են բերվել 2000 թվականից։ Այնպես որ Լիբանանը շատ պարարտ հող է, Սիրիան թուլացած է, ի վիճակի չէ նույնիսկ իր տարածքում ամբողջությամբ վերահսկողություն սահմանել, ուր մնաց Լիբանանում և չի բացառվում, որ այս իրադարձությունները օգտագործվեն հետագայում նոր հարթակ ստեղծելու այն ուժերի համար, որոնք փորձ կկատարեն տարածել իրենց ազդեցությունը Սիրիայում։

2016 թվականից սկսած Արևմուտքի ազդեցությունը Սիրիայում շատ թուլացել է, կոնկրետ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող այն ուժերը, որոնք շատ մեծ ազդեցություն ունեին Դամասկոս, Հոմս, Համայի տարածաշրջանում, ինչպես նաև Պալմիրայի մոտ, ուղղակիորեն պարտություն են կրել, և հիմա Լիբանանը կարող է դառնալ ազդեցությունների տարածման էլ ավելի համար հարթակ դեպի Սիրիա»,-ասում է քաղաքագետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31