«Հպարտ կլինեի, եթե պայթյունի անմիջապես հաջորդ օրը մեր ԱԻՆ-ի ջոկատը Բեյրութում սկսեր օգնել Լիբանանի ժողովրդին, ինչպես դա արեցին Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Թուրքիան: Լիբանանը մեզ համար պակաս կարեւոր չէ: Ապագայում էլ պետք է կարողանանք ավելի արագ արձագանքել նման մարտահրավերներին»,-«Հոդված 3» մամուլի ակումբի տեսակապով ասուլիսի ժամանակ այսօր անդրադառնալով Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքներին` ասաց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը:
Նա տեղեկացրեց՝ Հայաստանում գտնվող լիբանանահայերը պայթյունից անմիջապես հետո ցանկացել են մեկնել Լիբանան եւ օգնել բարեկամներին. «Պետք էր անվճար չվերթ կազմակերպել, որովհետեւ այսօր չվերթը շաբաթական միայն մեկ անգամ է, իսկ տոմսի գինը՝ մեկ ուղղությամբ մոտ 450 դոլար, ինչը լուրջ խնդիր է: Լիբանանում ծնողներ եւ բարեկամներ ունեցողները պետք է հնարավորություն ունենային հնարավորինս շուտ Բեյրութ հասնելու: Բացի այդ, Լիբանանում կան ՀՀ քաղաքացիներ, ուստի մեր համոզմամբ, դեսպանատունը պետք գրանցեր նրանց, ու եթե ցանկություն ունեն՝ կազմակերպեր նրանց անվճար վերադարձը Հայաստան: Իհարկե, տեղափոխելը միայն բավարար չէ, Հայաստանում նրանց աջակցել է պետք»:
Վարդան Մարաշլյանի համոզմամբ՝ պետք է նաեւ պարզեցվի հայրենադարձվողների՝ քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Իհարկե, հիմա առաջնահերթ մարդասիրական աջակցության մասին է պետք խոսել, բայց պետք չէ բացառել հայրենադարձվողներին աջակցելու գործընթացը: Դա պետք է անել ոչ թե թանկարժեք թռիչքներով, այլ անվճար»:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր պարզաբանել է, թե ինչու է Լիբանանը մերժել ԱԻՆ-ի օգնությունը եւ թե ինչ է արվում՝ հայրենադարձվածների քաղաքացիություն ստանալը հեշտացնելու համար: ՀՀ կառավարությունն օժանդակելու է պայթյունից տուժած Լիբանանին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ