Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիակները հատուկ պարկերի մեջ են տեղադրված եղել` վարակի տարածումը կանխելու նպատակով. բնավ անհարգալից մոտեցում չի եղել». ԱՆ-ն դիահերձարանի գետնին դրված դիերի մասին

Օգոստոս 07,2020 15:13

Օրերս մամուլն անդրադարձել էր Թոքաբանության ազգային կենտրոնի տարածքում գտնվող դիահերձարանին,  որտեղ տեղափոխել էին կորոնավիրուսից մահացած քաղաքացու դին: Անահիտ Հարությունյանը պատմել է, որ եղբոր դին ճանաչելու համար էր գնացել նշված դիահերձարան եւ ականատես եղել, իր բնութագրմամբ՝ անմարդկային, ոչ սանիտարական պայմաններին եւ սարսափելի տեսարանի: Քաղաքացու պատմելով, այդ դիահերձարանում մարդկանց մարմինները, սեւ տոպրակների մեջ անցկացրած, ընկած էին գետնին. «Մահացած մարդիկ ընկած էին ոտքերիս տակ։ Այնպես չէր, որ հերթով մարմինները շարված էին։ Ուղեկցողի ձեռքի շարժումից ես հականում եմ, որ ոտքիս մոտ ընկած դին իմ եղբայրն է։ Տեսնում եմ՝ բերանը բաց, ինչպես որ մահացել է…»: Քաղաքացու բնորոշմամբ՝ ներսում կատարվողն ուղղակի անհարգալից վերաբերմունք էր մահացածների ու նրանց հարազատների նկատմամբ։

Ոլորտի պատասխանատուները գտնում են, որ նման իրավիճակն ամենեւին էլ անարգալից վերաբերմունք չէ: Aravaot.am-ի հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից վստահեցրեցին. «Դիակները պահվել են համապատասխան պայմաններում, բնավ անհարգալից մոտեցում չի եղել: Հատուկ պարկերի մեջ են տեղադրված եղել` վարակի տարածումը կանխելու նպատակով: Համապատասխան մշակումներ կատարելուց հետո դիակները հարազատներին են հանձնվել փակ դագաղներով»:

Նախարարությունը նաեւ խոստանում է՝ առաջիկայում նոր վերանորոգված եւ սարքավորումներով հագեցված դիահերձարանում են կատարվելու կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դատաբժշկական փորձաքննության նպատակով հերձումները:

Նույն քաղաքացին նաեւ պարետատան ոչ համակարգված աշխատանքի մասին է պատմել. «Պարետատան ոչ համակարգված աշխատանքի պատճառով իմ մորաքրոջ ընտանիքն անընդհատ սթրես է տարել։ Մեկուսացման ընթացքում զանգահարել են երեք անգամ, խնդրել են փոխանցել մահացած եղբորս։ Ստացվում է, որ իրենք ոչ միասնական բազա ունեն, ոչ էլ դրանք թարմացվում են։ Նույն համարին 5 րոպե տարբերությամբ զանգում են տարբեր մարդիկ, նույն հարցերը տալիս։ Ասում են՝ վայ ինքնամեկուսացած եք, 7 հոգի եք, ձեզ սնունդ պետք կլինի, քիչ հետո ձեզ կզանգեն, որ սնունդ բերեն։ Ու էդ զանգելն էր, որ պետք է զանգեին, ոչ մեկ չզանգեց ու չհետաքրքրվեց»:

Մենք նաեւ պարզաբանում ենք խնդրել պարետատնից. Առաջիկայում կներկայացնենք նաեւ նրանց պատասխանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Կյանքում կարող ես լինել միայն լույսի կամ խավարի կողմում, միջանկյալ ճանապարհ չկա։ Կիսախավարն ու կիսալույսը բարոյական հարթակում տեղ չունեն։ Եթե մահացած մարդուն անարգում են և ոտնատակ տալիս, դա վկայում է այն մասին, որ այդպես անողները խավարի կողմում են և խավար են տարածում։ Ուրեմն, բարոյական իրենց վարձն էլ կգա համապատասխան ձևով և համապատասխան ցավ կպատճառի նրանց։ Ով ինչ անի՝ իրեն կանի սկզբունքով։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31