Տարիներ առաջ լրագրողական մի ծրագրով Գերմանիայում էի՝ Բեռլինում: Մեր խմբի ղեկավարներից մի գերմանուհի մի օր եկավ ու ասաց, որ այդ երեկո չի կարող խմբին տանել էքսկուրսիայի, քանի որ զբաղված է. պետք է գնա իր մայրիկի հարսանիքին և շատ ուրախ է, քանի որ առիթ կլինի այնտեղ տեսնել իր հայրիկին. նա էլ է հարսանիքին հրավիրված անձանց թվում:
Այս դրվագն ամեն անգամ հիշում եմ, երբ տեսնում եմ, թե մեր հասարակությունում ինչպիսի թշնամանքով են իրար դեմ լցվում անձինք ամուսնալուծությունից հետո: Իհարկե, քննադատելը թերևս ճիշտ չէ, քանի որ տարբեր են ամուսնալուծության պատճառները, հարաբերություններն ու մարդիկ:
Aravot.am-ը թեմայով որոշ պարզաբանումներ ստացավ Կանա հոգեբանական կենտրոնի նախաամուսնական և ընտանեկան հարցերով խորհրդատու հոգեբան Տաթև Մարտիրոսյանից:
-Հայ հասարակության շրջանում ամուսնալուծված զույգերի մեծամասնության մոտ կարծես թե ընդունված չի եղել ամուսնալուծությունից հետո նորմալ հարաբերություններ պահպանելը, ընկերություն անելը: Ի՞նչ է ցույց տալիս Ձեր՝ վերջին տարիների փորձը. այս առումով փոփոխություն նկատո՞ւմ եք:
-Հայ հասարակության մեջ առհասարակ ամուսնալուծությունը դիտարկվել է որպես ծայրահեղ բացասական երևույթ, քանի որ ընտանիքի՝ ամեն գնով պահպանման կարևորությունը խիստ արմատացած է եղել: Սովորաբար ամուսնալուծություններն անձանց կանգնեցրել են ավելի մեծ դժվարությունների առաջ, ինչպես օրինակ հասարակության կողմից խտրական վերաբերմունքը և այլն, ինչն արդեն բավական հիմք է «թշնամական» վերաբերմունքի ձևավորման համար։ Վերջին ժամանակներում հասարակությունն ավելի «լայն հնարավորություններ» է տալիս ամուսնալուծվող անձին, բացի այդ փոխվել են նաև պատճառները, որոնք հանգեցնում են ամուսնալուծության, օրինակ՝ մարդիկ կարող են գիտակցել, որ այդ հարաբերություններն այլևս չեն բավարարում միմյանց պահանջմունքները, առհասարակ այս հարցի շուրջ գիտակցված մոտեցումը, պատճառների վերլուծությունը զույգի կողմից արդեն բավական հիմք կարող է լինել, որ զույգն ուղղակի բաժանվի՝ դիտարկելով դա որպես խնդրի քաղաքակիրթ լուծման տարբերակ, հետևաբար խուսափելով թշնամական հարաբերություններից, ինչու ոչ՝ նաև պահպանելով ընկերական հարաբերություններ։
-Ինչո՞ւ է կարևոր ամուսնալուծությունից հետո միջանձնային հարգալից հարաբերությունների պահպանումը: Կնշե՞ք այդ հարաբերությունների՝ նորմալ լինելու դերակատարությունը երեխայի կամ երեխաների դաստիարակության հարցում:
– Նախևառաջ, պետք է հիշել, որ անհարգալից ու բացասական երանգ ունեցող բոլոր հարաբերությունները վնասում են անհատին, խլում նրա հոգեկան ու ֆիզիկական էներգիան, ավելորդ լարվածության պատճառ դառնում: Բացի սա, հարկավոր է հիշել, որ զույգն անցել է համատեղ կյանքի ճանապարհ՝ անկախ դրա տևողությունից՝ կանգնելով ինչ-ինչ խնդիրների առջև, որոնք նրանց կողմից սուբյեկտիվորեն դիտարկվում են որպես անլուծելի, ապա ամուսնալուծությունը դառնում է խնդրի լուծման մի տարբերակ․այսպիսի գիտակցման գալը կարևոր է դառնում հետագա բարիդրացիական հարաբերությունների պահպանման համար։ Իսկ երբ կան նաև երեխաներ, ապա այս հիմնահարցի կարևորությունը կտրուկ բարձրանում է, քանի որ երեխան այլևս հանդիսանում է այդ երկու անձանց կապող օղակ, անկախ նրանից, որ զույգը դադարում է ամուսիններ լինելուց, մշտապես մնալու են այդ երեխայի ծնողները, շատ էական է, որպեսզի հարաբերություններն այնպիսին լինեն, որ երեխայի մոտ չձևավորվի թշնամական վերաբերմունք որևէ կողմի ծնողի հանդեպ, նաև հնարավոր լինի պահպանել ծնողական կողմերի մասնակցությունը երեխայի կյանքին, ու դրան չխանգարեն մեծերի միջանձնային վատ հարաբերությունները։
-Ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնալուծվող զույգին: Ինչպե՞ս անեն, որ անկախ նրանից՝ բաժանվում են ինչ–ինչ հանգամանքների, պատճառների բերումով, սակայն հետագայում կարողանան պահպանել հարգալից միջանձնային հարաբերություններ:
-Նախ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընտանիքն իսկապես ամենակարևոր սոցիալական ինստիտուտներից մեկն է, որի բարեկեցությունը էական դեր է կատարում թե՛ տվյալ հասարակության առողջ կենսագործունեության համար, թե՛ որպես հետագա սերնդի բնականոն զարգացման համար կարևոր միջավայր լինելով: Այս պատճառով ընտանիքի պահպանումն ու դրանում առողջ մթնոլորտի ապահովումը խիստ կարևոր խնդիր է։ Ուղղորդվելով այս գիտակցմամբ՝ զույգը պետք է նախ քայլեր ձեռնարկի խնդիրների լուծման ու ընտանիքի պահպանման համար, եթե դա չի հաջողվում անել ինքնուրույն, ապա հրաշալի կլինի դիմել օրինակ ընտանեկան հոգեբանի օգնությանը։ Սակայն երբեմն ամուսնալուծությունն իսկապես դառնում է խնդրի լուծման լավագույն տարբերակ կամ այսպես ասած «փրկություն», այս դեպքում էլ հարկ է ամուսնալուծության գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ ու գիտակից կերպով, ինչը ևս կարելի է վստահել հոգեբանին: Նա կօգնի վերլուծել և գիտակցել անձնային և միջանձնային խնդիրներն ու պատճառները, որոնք հանգեցրել են հարաբերություների դադարեցման անհրաժեշտությանը, ակնառու կերպով ներկայացնել զույգին հետագայում միմյանց հանդեպ բացասական ու չարակամ հարաբերությունները բացառելու կարևորությունը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ