Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիբանանահայերը հայրենադարձվում են. պայթյունի արհավիրքն արագացրեց գործընթացը». Զարեհ Սինանյան

Օգոստոս 07,2020 13:53

«Սա երեք մարդասիրական թռիչքներից առաջինն է: Օդանավի գույքը՝ օգնությունը, կազմվել է՝ հիմնվելով այն ցուցակի վրա, որը մեզ տրամադրել է Լիբանանի կառավարությունը»,-«Հոդված 3» մամուլի ակումբի տեսակապով մամուլի ասուլիսի ժամանակ այսօր անդրադառնալով Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքներին՝ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Հիշեցնենք, որ պատվիրակությամբ վաղը Լիբանան են այցելելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին:

«Այստեղ մի նուրբ հարց կա: Բնական է, որ մենք որպես պետություն, չենք ուզում տպավորություն ստեղծել, թե Լիբանան ենք գնում՝ հայերին օգնելու: Դա սխալ ուղերձ է Լիբանանի համար: Հետեւաբար, գնում ենք, որպեսզի օգնություն հասցնենք Լիբանանի ժողովրդին, որի մեջ մտնում է նաեւ հայ համայնքը»,-շեշտեց Զարեհ Սինանյանը: Նա հայտնեց, որ տեղում ծանոթանալու են վնասներին, հասկանալու, թե ինչ կարող են անել. «Ավելի լավ է երկարաժամկետ ձեւով լծվենք գործին՝ բազմապիսի օգնություն հասցնելու համար»:

Սինանյանի խոսքով. «Լիբանանահայերի մի մասն ուզում է ՀՀ գալ, բայց խնդրին տեղում եւ նուրբ ձեւով ենք անդրադառնալու: Չենք ուզում, որ սա հիմնական թեման դառնա, բայց չենք էլ կարող խուսափել դրանից: ՀՀ կառավարությունը պատրաստակամ է նաեւ լիբանանահայերի որոշ ավերված շինությունների վերականգնումը ստանձնել, բայց այս դեպքում էլ տեղում պետք է իրավիճակը գնահատենք: Չպետք է տպավորություն ստեղծենք, թե գնալու ենք հայկական մշակութային կենտրոնները վերականգնելու եւ մյուս համայնքների կրած վնասն արհամարհելու»:

Զարեհ Սինանյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե սիրիահայերին ընդունելուց հետո ՀՀ-ն արդյոք պատրա՞ստ է ապաստանել հայրենադարձվող լիբանանահայերին. «ՀՀ-ն հայտարարել է, որ հայրենադարձությունն ազգային անվտանգության ծրագրի մի մասն է, որի շնորհիվ մեր բնակչության թիվն է ավելանում, եւ սա գաղտնիք չէ: Լիբանանի դեպքում կա փաստ, որ տնտեսական ճգնաժամը վատթարացել է, եւ արդեն իսկ սկսվել էր հայրենադարձության գործընթաց: Վերջին շաբաթներում չորս մարդատար ինքնաթիռ է եկել՝ 300 հայրենադարձներով: Բոլորը հաշվառվել են: Նրանք եկել են բնակվելու ՀՀ-ում, անշարժ գույք են ձեռք բերել եւ քաղաքացիություն: Անգամ կորոնավիրուսից առաջ լիբանանահայերն ասում էին, որ ամռանը պետք է նկատելի հոսք սպասել դեպի ՀՀ: Մեր բուհերը պետք է պատրաստ լինեն մեծ թվով լիբանանահայ ուսանողների ընդունել: Իսկ պայթյունի արհավիրքն արագացրեց գործընթացը»:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաեւ ընդգծեց՝ իրեն անհանգստացնում է ՀՀ-ում քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացը. «Հասկանալի չէ, թե վեց ամիս Հայաստանն ինչ է անում՝ մարդուն քաղաքացիություն տալու համար, ուստի վարչապետի հանձնարարությամբ՝ գործընթացը երեք ամսից ավելի չպետք է տեւի: Իսկ հայրենադարձներին, որոնք ուզում են գրանցվել, անմիջապես օգնում ենք դեսպանատան միջոցով: Մենք լիբանանահայ համայնքը տարհանելու կամ քանդելու մտադրություն չունենք, բայց իրավիճակը փաստ է»:

Զարեհ Սինանյանը նշեց նաեւ, որ Լիբանանին առաջարկել են փրկարարներ ուղարկել՝ տեղում օգնություն ցույց տալու. «Որքան հասկացա՝ մերժում ենք ստացել, որովհետեւ Ռուսաստանն ու Թուրքիան, օրինակ, նաեւ ծանր տեխնիկա՝ վերամբարձ կռունկներ, «բուլդոզերներ» են տրամադրել, որի հնարավորությունը Հայաստանը չունի: Պատրաստ ենք նաեւ բժիշկների գործուղել, թեեւ կորոնավիրուսի պայմաններում ենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31