Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ցանցերը օգնության հասան կորոնավիրուսից տուժող տնտեսվարողներին

Օգոստոս 07,2020 14:00

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմը օգոստոսի 12-ից կերկարաձգվի եւս մեկ ամսով, եւ հավանաբար կլինի վերջինը։ Տնտեսվարողներն իրենց մտահոգությունն են հայտնում՝ ի՞նչ կլինի արտակարգ դրության ավարտից հետո՝ դեռ պարզ չէ։

«Կառավարության սահմանած «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման» ծրագրից օգտվել ենք, բայց դա շուտ ծախսվեց-գնաց։ Վնասները շատ ավելի մեծ են»,-ասաց Երեւանում գործող հագուստի խանութներից մեկի տնօրեն Էլեն Քոչարյանը։

«Այս օրերին մարդիկ ավելի շատ են խնայում, փորձում են իրենց զերծ պահել «ոչ պետքական» գնումներ կատարելուց։ Վերջին 5 ամիսների ընթացքում նկատել ենք եկամտի շուրջ 4 անգամ նվազում։ Եթե արտակարգ դրությունն էլ ավարտվի, կորոնավիրուսի պատճառած վնասների հատուցումը շատ ավելի երկարաժամկետ կլինի ։ Մարդիկ դեռ պետք է ուշքի գան․ հաճախորդների սոցիալական վիճակից է կախված խանութի հետագա աշխատանքը»։

Սոցիալական ցանցերում ապրանքի գովազդով զբաղվող Հեղինե Օհանյանն էլ մեր զրույցում պնդեց՝ արտակարգ դրության ընթացքում շահեցին վաճառքով զբաղվող այն կազմակերպությունները, որոնք արդեն պատրաստ էին 21-րդ դարի այս փորձությանը․ «Համավարակի արդյունքում նկատելի դարձավ մարքեթինգում սոցցանցերի դերը։ Խանութները, որոնք սոցիալական մեդիայում ծավալած գործողությունները համարում էին անիմաստ եւ ժամանակի կորուստ, սկսեցին օգտագործել սոցիալական մեդիան որպես վաճառք իրականացնող հարթակ, եւ հիմա ջանք չեն խնայում՝ այս ոլորտի միջոցով իրենց բիզնեսը զարգացնելու համար։ Հաճախորդների կողմից էլ է նկատվում պահանջարկ՝ շատերն այս շրջանում ավանդական գնումները փոխարինեցին առցանցով»։

«Մինչ արտակարգ դրությունը երբեւէ չեմ օգտվել օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից։ Ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Այս անգամ սոցցանցերը օգնության հասան թե՛ գնորդին, թե՛ համավարակից տուժող տնտեսվարողին։ Առցանց գնումներ կատարելը արագ է եւ հեշտ, բայց մարդկային շփումն առեւտրի հարցում էլ  ոչնչով չես փոխարինի»,- ասաց գնումների շտապող Սոնա Մկրտչյանը։

Էլիզաբեթ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31