Ցուցարարները կրկին հավաքվել են Ամուլսարի երկրորդ պահակակետի տարածքում։
Նրանք այժմ սպասում են վերամբարձ կռունկին, որը կտեղափոխի «Լիդիան Արմենիա»-ի վագոն տնակը, որը ցուցարարների կարճաժամկետ պահանջներից մեկն էր։
Մինչ այդ քաղաքացիները նկատեցին ևս մեկ խնդիր։ Բնապահպան ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ասաց՝ նշված տարածքում առկա է բարձրավոլտ էլեկտրական սյուն, ինչը անվտանգության խնդիր է առաջացնում․ «Օրենքն ասում է, որ նվազագույնը 10 մետր այս կամ այն կողմ պետք է լինի։ Հիմա, եթե տեղադրվի այդտեղ, դա օրենքի կոպտագույն խախտում է։ Այսինքն՝ փաստորեն այս կողմ 10 մետր չկա, պարզվում է, որ 10 մետր ևս օրենքի սահմաններում պետք է գնա այն կողմ»։
Կարդացեք նաև
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը ևս երկրորդ պահակակետի տարածքում են։
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են նաև, որ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդական խումբը հեռանա տարածքից, անվավեր ճանաչվի ՇՄԱԳ հետազոտությունը, և որ կառավարությունը լուծի Ամուլսարի շուրջ ծավալված խնդիրը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ