Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակոբ Հավաթյան. «Լիբանանահայությանն անհրաժեշտ է համահայկական զորակցություն եւ նեցուկ»

Օգոստոս 07,2020 12:51

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով նավահանգստում պայթյունից հետո Բեյրութում տիրող իրավիճակը՝ նշեց, որ այս պահին զոհված հայորդիների թիվը 11-է, կան մեկ-երկու անհետ կորածներ, 250 վիրավորների մեծ մասն անցել է նախնական ապաքինման հանգրվանը եւ արդեն համեմատաբար լավ վիճակում են: Նրա խոսքերով, կան նաեւ ծանր վիրավորներ ու վնասվածքներ ունեցող հայորդիներ, որոնց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:

Ինչ վերաբերվում է ավերածություններին, Հակոբ Հավաթյանի խոսքերով, դա համատարած է, հատկապես Բուրջ Համուդի հայահոծ շրջանը եւ Բեյրութի հայկական թաղամասերը աննախադեպ են ավերվել. կան եւ լիովին ավերված բնակարաններ, եւ կիսով չափ քանդվածներ, եւ ինչ-ինչ վնասվածքներ ստացած բնակարաններ:

Մեր զրուցակիցը նշեց, որ կան հայորդիների ընտանիքներ, որոնք անտուն են մնացել, սակայն նրանցից ոմանք տեղափոխվել են հարազատների մոտ կամ ազգային միությունների ու ազգային կառույցների միջոցով փորձել են ինչ-որ ձեւով լուծել այդ հարցերը:

Նրա խոսքով, մեծ է այն հայորդիների թիվը, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել, տրամադրել իրենց բնակարանները, ինչը Հակոբ Հավաթյանը աղետին դիմագրավելու ճիգ է որակում: Ազգային, եկեղեցական, կրթական, բարեսիրական եւ կուսակցական հաստատությունները եւս մեծ վնասներ են կրել, Հավաթյանի հավաստմամբ, ներկայումս շարունակվում են մաքրման, բեկորների վերացման աշխատանքները, այդ առումով աշխատանք է տանում նաեւ Բուրջ Համուդի քաղաքապետարանը:

Տեղեկացանք, որ հայ երիտասարդ կամավորները եւս մասնակցում են ճանապարհների եւ քանդված բնակարանների մաքրման աշխատանքներին, որոշ աշխատանքներից հետո ոմանց տներում ապրելու համար քիչ թե շատ նորմալ պայմաններ կլինեն:

Հակոբ Հավաթյանի խոսքերով, թերեւս մեկ շաբաթ կարող են տեւել մաքրման աշխատանքները, ու ներազգային իմաստով սկսված է նյութական վնասների գնահատման գործընթացը, պետական համակարգը եւս նման գործընթաց է սկսել, սակայն, ողջ Լիբանանն ինքն աննախադեպ տնտեսական ճգնաժամի մեջ է:

Մեր զրուցակիցը կարծում է, որ պետությունն այս պահին ի վիճակի չի լինի մեծ մասշտաբով օժանդակություն ցուցաբերելու, դրա համար առաջնահերթ է Հայաստանի, Արցախի, Սփյուռքի համահայկական զորակցությունը եւ համահայկական նեցուկը լիբանանահայությանը, որպեսզի ինքն իրեն վերագտնի եւ դարձյալ վերադառնա իր առաքելությանը՝ համահայկական դերակատարությամբ: Պետական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու առանձին հայորդիներ արդեն աջակցելու պատրաստակամություն են հայտնել, եւ Հակոբ Հավաթյանը հուսով է, որ լիբանանահայությունը միայնակ չի մնա մարտահրավերի հետ:

ՀՅԴ Լիբանանի ԿԿ անդամը միաժամանակ նշում է, որ լիբանանահայությունը նման դժվարությունները հաղթահարելու փորձ ունի: Հարցին՝ այս պահին ո՞ւմ շուրջն է համախմբված լիբանանահայությունը՝ եկեղեցի, դեսպանատուն, ազգային կառույցներ, հաստատություններ, մեր զրուցակիցը ընդգծեց, որ բոլորը համախմբված աշխատանքն են տանում, յուրաքանչյուրն իր գործն է կատարում այն գիտակցությամբ, որ այս ճգնաժամը, աղետահար վիճակը հարկ է արագ հաղթահարել ու վերադառնալ կյանքի բնականոն հուն:

Ինչ վերաբերում է նրան, որ շատերը ցանկություն են հայտնել Հայաստանում ընդունելու լիբանանահայ ընտանիքների, արդյոք կա՞ մտադրություն, որ մարդիկ ցանկանան հաստատվել Հայաստանում, Հակոբ Հավաթյանը պատասխանեց, որ Հայաստանը լիբանանահայության համար հայրենիք է եւ սուրբ հող, լիբանանահայությունն ունի հարուստ անցյալ եւ ներկա՝ կապված Հայաստանի եւ Արցախի հետ՝ լինի Արցախյան պատերազմ, Հայաստանին զորակցություն՝ Հայաստանի անկախության կայացման գործընթացում, թե ընդհանրապես:

Նրա խոսքով, լիբանանահայերից շատերը Հայաստանում արդեն իսկ բնակարաններ ունեն, իրենց տնտեսությանը զուգահեռ տնտեսություններ են հաստատել, սակայն հայաստանյան լրատվամիջոցներում եւ սոցցանցերում անպատեհ վերլուծություններ, խրատներ եւ ավելորդաբանություններ են շրջանառվում, որոնք, իր համոզմամբ, չեն նպաստում այսօրվա ճգնաժամի հաղթահարմանը, այլ խոսքով՝ հայրենադարձությունը համազգային ռազմավարական խնդիր է:

Հակոբ Հավաթյանի ձեւակերպմամբ, համազգային հայրենադարձության ռազմավարությունը ենթադրում է համահայկական քննարկում եւ ընդհանուր ուղղությունների ճշտում, ինչն այս պահի դրությամբ տեղին չէ, հատկապես որ խուճապ ստեղծելու իմաստ չկա արդեն խուճապահար ժողովրդի մոտ:

Նա հավելեց, որ Սփյուռքի մեջ լիբանանահայ համայնքն ունի ինքնուրույն համահայկական դերակատարություն, մասնակից է երկրի քաղաքական դրվածքին՝ իբրեւ կարեւորագույն 7 համայնքներից մեկը, ներկա է խորհրդարանում, կառավարությունում, պետական կառույցներում, ինչը ծառայեցվում է հայության ներուժին, հետեւաբար այսօր զանգվածային, անկազմակերպ եւ տարերային շարժի մասին խոսելը չի նպաստում աղետի հաղթահարմանը:

«Լիբանանահայությունը հայրենիքը ճանաչում է, այն իր սրտի հատորն է, բայց զանգվածային շարժերի մասին խրատները տեղին չեն, որովհետեւ այսօրվա առաջնահերթությունը մեկն է՝ համահայկական զորակցություն, որպեսզի կարողանանք միասնաբար այս աղետահար վիճակից դուրս գալ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ իր տպավորությամբ ե՞րբ հնարավոր կլինի քիչ թե շատ բնականոն կյանքի անցնել, Հակոբ Հավաթյանը պատասխանեց, որ այս պահին դա հնարավոր չէ կանխատեսել, որովհետեւ սա երրորդ մեծ հարվածն է Լիբանանին. երկիրը սուր տնտեսական ճգնաժամի մեջ էր, բանկային համակարգը կազմաքանդվել էր, ազգային արժույթն՝ արժեզրկվել, դրանից հետո վրա էր հասել կորոնավարակը, իսկ պայթյունը ամբողջացրել է համընդհանուր ավերի պատկերը, հետեւաբար վերականգնման գործընթացը երկար ժամանակ կպահանջի, սակայն լիբանանահայությունը այս ընդհանուրի մեջ միշտ էլ ցուցաբերել է կամք եւ վճռականություն՝ համբերելու եւ իր գործնական ներդրումով ճգնաժամը հաղթահարելու համար:

Նա հույս հայտնեց, որ հայությունը միասնական կգտնվի իբրեւ ժողովուրդ՝ տեսլականների առումով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հակոբ Հավաթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31