Այսօր ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները «Փաստարկ» ակումբում ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու, թե ինչպես է քաղաքական մեծամասնությունը ուզուրպացրել Սահմանադրական դատարանը, որ այնտեղ ունենա մեծամասնություն:
Նրանք դիմել էին իրավապահ մարմիններին՝ օրենսդիր եւ գործադիր մարմիններում մի խումբ պաշտոնատար անձանց ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով: Սակայն ՀՔԾ-ի հատուկ կարեւոր գործերով ավագ քննիչ Մինասյանի որոշմամբ՝ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժվել է:
Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, թե ինչ փաստեր էին մատնանշել ու ինչի վրա է հենվել քննիչը. «Ակնհայտորեն խեղաթյուրելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը, այն հանցավոր մտադրությունները, որի շրջանակներում ձեռնարկվել են սահմանադրության փոփոխությունները եւ որով նպատակ է ունեցել հանցավոր խումբը հասցնելու իրենց մտադրությունը, այն է՝ զավթել ՍԴ-ն, արհեստականորեն հակադրել է պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքի հետ եւ ամրագրել, որ դա նրանց իրավունքն էր, հետեւաբար, քանի որ պատգամավորը անձեռնմխելիության իրավունքից է օգտվում, նրա նկատմամբ չի կարող հարուցվել քրեական գործ: Փաստորեն, ցանկացած պատգամավոր կարող է իր օրենսդրական նախաձեռնության շրջանակում թույլ տալ հանցագործություն եւ մնալ անպատիժ: Մեկ այլ դրվագում ավագ քննիչը չի ուսումնասիրել ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների հարցի ներկայացան ժամանակ հնչեցված ելույթների պատշաճ ուսումնասիրությունը»:
Մինասյանը մատնանշեց, որ, օրինակ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովի եզրակացության 69-րդ կետում ամրագրված տեսակետը խեղաթյուրված է ներկայացրել ու ապակողմնորոշել. «Դա իրականությանը չհամապատասխանող եւ հանցավոր մտադրությունը վերջնանպատակին հասցնելու հիմնավորումներ էին»:
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը նաեւ ասաց, որ քննիչն իր եզրակացությամբ հաստատել է, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումը ԱԺ-ի կողմից առանց ՍԴ-ի եզրակացության տրված դիրքորոշման, օրինական է, ինչը դուրս է գալիս քննիչի լիազորություններից ու հակասում է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական տեսակետը:
Մինասյանը նշեց, որ հիմա ակնկալում են, որ գլխավոր դատախազությունը կվերացնի քննիչի որոշումը եւ կհետեւի, որ իրականացվի պատշաճ նախաքննություն:
«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանն էլ հիշեցրեց, թե ինչ փուլերով է անցել իշխանությունը՝ ՍԴ-ն մեծամասնության ենթակա մարմին դարձնելու համար՝ ընդունելով «Վաղ կենսաթոշակի մասին» օրենքը, Վահե Գրիգորյանին երկրորդ անգամ առաջադրելով եւ այլն. «Մենք չէինք էլ մտածում, որ ՀՔԾ-ն կհամարձակվի, կունենա այդքան դուխ եւ կհարուցի քրեական գործ»:
Իվետա Տոնոյանի խոսքով՝ մեկ տարի շարունակ իշխանությունները լծված ն եղել ՍԴ-ն բռնազավթելու եւ իրենց համար ցանկալի կազմով համալրելու աշխատանքներով, իշխանահաճո որոշումներ կայացնելու նպատակով պայմանավորված. «Այսօր իրականում իշխանությունների թեթեւ ձեռքով ՍԴ-ում ճգնաժամ կա»:
Տոնոյանը նաեւ հերքեց լուրերը, որ իրենց եռակողմ ձեւաչափն արդյունավետ չէ, նա վստահեցրեց, որ ինտերնետով են երբեմն քննարկումներ անում ու շատ արդյունավետ են գործում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ