Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին հետևելով միջազգային առաջարկներին և բժշկագիտության ողջամտության սկզբունքներին՝ կարող էիք երկրում շատ ավելի քիչ մահ ունենալ. բժիշկ-համաճարակաբան

Օգոստոս 07,2020 11:44

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ամենաբարձր մակարդակի վրա ստացանք ապացույց այն բանի՝ ինչի մասին խոսում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում․ Առողջապահության նախարարությունը պասիվ դիրքում է եղել, համաճարակի դեմ պայքարում նախաձեռնող չի եղել, այսինքն՝ նախարարությունը իր տեղում չի եղել և ձախողել է համաճարակի դեմ պայքարը։

Վարչապետն ասում է, որ այս պահին «դեպքերի հայտնաբերելիությունը լավացել է, բարձրացել է, որովհետև եթե նախկինում մեր նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում են 15 տոկոս, պլյուս-մինուս 1-2 տոկոս, ինչը նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք։» Ցավոք դա այդպես չէ, և կրկին անհասկանալի է վարչապետը ինքնուրո՞ւյն է վերլուծում համաճարակը, թե ինչ-որ մեկի կողմից պատկերը ներկայացնում է այնպես, ինչպես ձեռնտու է։ Հայտնաբերելիությունը չի աճել, չի բարելավվել, քանի որ էականորեն չի փոխվել թեստավորման ռազմավարությունը, և 30%-ից իջել է 15% միայն համաճարակի զարգացման տեմպի թուլացման պատճառով, այնինչ մենք պարտավոր էինք այնքան ավելացնել թեստավորումը կոնտակտավորների թեստավորման հաշվին, որ այն ժամանակ, երբ օրը 600 դեպք ունեինք դա կազմեր թեստերի 15%-ը։ Այլ կերպ ասած՝ ԱՅՍՕՐՎԱ 15%-ը՝ ԴԱ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՆՎԵՐՆ Է ՄԵԶ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ։

Նախարարը ասում է, որ «նախկինում ունեինք ցուցում, որ 38․5 ջերմությամբ քաղաքացիներին էինք միայն հետազոտում, հետո իջեցրեցինք դա 37․5-ի, որը փաստացի ցանկացած ջերմությունն է, միևնույն է, դիմողները քիչ են։ Բայց որպեսզի մենք բաց չթողնենք որևէ թաքնված դեպք, մենք որդեգրել ենք այդ երկրորդ մոտեցումը, ինչն իր արդյունքները, վստահ եմ, կտա։» Խոսքը կոնտակտավորների և առավել խոցելի խմբերի ակտիվ թեստավորման մասին է։ Փաստորեն խոստովանում եք, որ ձեր ընտրված ռազմավարությունը թույլ էր տալիս բաց թողնել վարակման բազմաթիվ դեպքեր, որոնք անխուսափելիորեն իրենց մեծ ներգործությունն են թողել համաճարակի զարգացման վրա։

Նախարարը ասում է, որ պետք է պրոակտիվ դիրք գրավել։

Հարց՝ ՆՈ՞Ր ԵՔ ԻՄԱՑԵԼ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ։

Բոլոր ուղեցույցներում, ԱՀԿ-ի ռազմավարական առաջարկություններում (էլ չեմ ասում տեղական մասնագետների ճիչերի մասին), առաջին տողով գնում էր այդ ակտիվ աշխատանքի առաջնահերթության անհրաժեշտության կոչը։ ՀԻՆԳ ԱՄԻՍ անցել է, նո՞ր եք արթնանում պարոն նախարար, երբ համաճարակը գրավել է բոլոր հնարավոր բաստիոնները։

Դուք հասկանո՞ւմ եք, որ ժամանակին հետևելով միջազգային առաջարկներին և բժշկագիտության ողջամտության սկզբունքներին՝ կարող էիք երկրում շատ ավելի քիչ մահ ունենալ։

Հուսով եմ հասկացել եք, որ միայն դիմակի հույսին մնալով աշունը խայտառակ պարտություն ենք կրելու համաճարակից, զարգացրեք թեստավորումը, զարգացրեք կոնտակտավորների վերահսկումը, զբաղվեք ի վերջո համաճարակաբանական հսկողությամբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել