Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվաշենցիներից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հենց ինքն է Արծվաշենի հիմնահարցի լուծողը

Օգոստոս 07,2020 11:10

28 տարի առաջ այս օրերին Հայաստանը կորցրեց իր անբաժանելի մաս կազմող Արծվաշենը: Կորստի հետ կապված կան բազմաթիվ վկայություններ, ըստ որոնց Արծվաշենը փոխանակվել է: Դրա մասին է բարձրաձայնում անգամ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյան Լևոնը: Եվ եթե Տեր-Պետրոսյան Լևոնի՝ Արծվաշենի փոխանակման վերաբերյալ հայտարարությունները հիմք ընդունենք, ապա կստացվի, որ՝

1.1992թ օգոստոսի 7-8-ը իրագործվել է պետական մասշտաբի հանցագործություն:

2.Հանցագործություն իրականացնող կամ դրա մասին մանրամասն տեղեկացված անձը հանրությանը բացահայտ և հանրամատչելի կերպով տեղեկացնում է իրականացված հանցագործության մասին:

3.Չնայած բազմաթիվ ահազանգերի, հայտարարությունների և առաջարկությունների, ՀՀ քաղաքական համայնքը և իրավապահ համակարգը որևէ կերպ չեն արձագանքում Տեր-Պետրոսյան Լևոնի՝ հանցագործության վերաբերյալ բացահայտ և հանրամատչելի կերպով ներկայացված տեղեկություններին:

Եվ եթե այս ամենին ավելացնեմ այն, որ 28 տարվա ընթացքում որևէ մեկը չի հերքել Տեր-Պետրոսյան Լևոնի՝ Արծվաշենի փոխանակման վերաբերյալ հայտարարությունները, ապա վստահաբար կարող եմ պնդել, որ Արծվաշենի փոխանակումը նորանկախ Հայաստանի պատմության մեջ մեծամասշտաբ և շարունակվող հանցագործություն է: Ինչո՞ւ մեծամասշտաբ: Որովհետև թշնամուն է հանձնվել/փոխանակվել ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող տարածք և դա իրականացվել է ՀՀ բարձրագույն ղեկավարության անմիջական մասնակցության/տեղեկացվածության պայմաններում: Ինչո՞ւ շարունակվող: Որովհետև հանցագործությունը, չնայած դրա իրականացնողի/տեղեկացնողի կողմից բացահայտ և հանրամատչելի կերպով ներկայացնելը, չի ստանում քաղաքական և իրավական գնահատական, չի հարուցվում քրեական գործ, պարտակվում է թե իրավապահների, թե քաղաքական գործիչների կողմից: Դա նշանակում է, որ հանցագործության մեջ անընդհատ ներգրավվում են նոր մասնակիցներ, որոնք համահեղինակում են հանցագործությունը, ապահովելով դրա շարունակականությունը:

28 տարվա ընթացքում, Արծվաշենի հիմնահարցում նկատելի է դրական դինամիկան: Այն է՝

1.Այսօրվա դրությամբ, հայաստանցիների զգալի մեծամասնությունը տեղեկացված է ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենի մասին:

2Այսօրվա դրությամբ, հայաստանցիների զգալի մեծամասնությունը տեղեկացված է, որ ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը 07-08.08.1992թ փոխանակվել է ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից:

3.ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենն այլևս (չնչին բացառությամբ) ներկայացված է ՀՀ պետական և հանրային նշանակության կազմակերպությունների կողմից ներկայացվող ՀՀ քարտեզներում:

Բայց և այնպես, պետք է նշեմ այն, ինչ դեռ չի հաջողվել իրականացնել՝

1.Արծվաշենցիների զգալի մասն առայժմ պատրաստ չէ Արծվաշենի հիմնահարցը լուծել իրավական և, առավել ևս քաղաքական հարթություններում:

2.Արծվաշենի հիմնահարցն իրավական և քաղաքական հարթությունում լուծելու համար պատրաստակամ արծվաշենցիների միասնությունն առայժմ անբավարար է:

Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ Արծվաշենի և արծվաշենցիների խնդիրն այլևս օրակարգում է և հետ ճանապարհ չկա: Դա նշանակում է, որ մենք դեռ շատ անելիք ունենք: Կարծում եմ, որ մեր պայքարը երկարատև է, իսկ պայքարի թիրախն առաջին հերթին հենց արծվաշենցին է: Վերջիններից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հենց ինքն է Արծվաշենի հիմնահարցի լուծողը: Դրա համար շատ բան պետք չէ: Միայն գիտակցության բարձր աստիճան և միասնականություն: Եվ միայն այդ պայմանների առկայության դեպքում հաստատապես կարող եմ պնդել, որ՝

1.Քաղաքական և իրավական գնահատական կտրվի Արծվաշենի փոխանակողին/ներին:

2.Արծվաշենի խնդիրը կներառվի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում:

3.Արծվաշենցիները պատշաճ կփոխհատուցվեն:

Իսկ մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր անհատներին, կազմակերպություններին, լրատվամիջոցներին (հատկապես Aravot.am-ին), որոնք հասկացել, օժանդակել և լուսաբանել են այն ամենն, ինչն անչափ կարևոր է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    1993-1994 թթ. իմ գնդի Էջմիածնի առաջին գումարտակի հրամանատրն եղել է Արծվաշենի հրամանատար Սերյոժա Երիցյանն:Նա շատ բանիմաց դշտային հրամանատար է:Միասին կարողացել էնք սատկացնել «գորշ գայլեր»-ի խմբից մեկին:Արծվաշենի հարցը մենք միասին կարող էնք լուծել,ազատագրել:Միայն պետք է ՀՀ կառավարության հրամնն իսկ հարձակման ծրագիրն ես Սերյոժայի հետ միասին կգծեք:
    Ուրիշ ձեվի հարցի լուծում չեմ տեսնում:

    Մարտակերտի առանձին գնդի նախկին հրամանատար՝ Աղասի

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31