Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառի համար նույնն էր երեկ, նույնն է՝ այսօր»

Օգոստոս 07,2020 13:30

Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից Դանտոնի խոսքը, թե «Հեղափոխությունը խժռում է իր իսկ զավակներին», մեզանում կիրառվելու հնարավորություն չունի, քանի որ թեեւ ախորժակի բացակայություն ամենեւին չկա, բայց բարեբախտաբար այստեղ հեղափոխություն երբեւէ չի եղել: Ավելի շուտ այն հիշեցնում է այն գեղեցիկն ու օգտակարը, ինչին մինչեւ Եգիպտոսում գլխատվելը հետեւել էր հայոց արքայից արքա Արտավազդը՝ Արտաշատ մայրաքաղաքի թատրոնում:

Պարոն Դավիթ Սանասարյանն առաջին «խժռվողը» չէր 2018-ի ալիքից: Նրան նախորդել էր խաղից դուրս թողնված հավակնորդների միանգամից մի ամբողջ պլեադա, որ Ազատության հրապարակում, նախապես «գնալով ջրի սափորը բարձածի ետեւից», ամեն բան նախապես պատրաստել էր՝ ինչպես ասված էր: Սակայն, ի զարմանս իրենց, նրանք մասնակից չեղան Պասեքի ընթրիքին: «Կերակուրները պաղ մատուցվեցան հարսանքասեղանի հրավիրյալներին»՝ կասեր Շեքսպիրը: Հետո զոհաբերվեց ժողովրդին որպես հերոս ներկայացված ու անմիջապես գեներալական ուսադիրներով օծված «կինոյի տղեն»: Իսկ նրանք, ովքեր իրենց ֆեյքերի հետ պետք է «հեղափոխությունը» որպես աննախադեպ սուրբ գրոց կանոններ ժամանակագրեին, սկսեցին ասպատակությունը գերագույնից՝ հայոց լեզվից:

Այնպես որ, ցավով, բայց ըմբռնումով է պետք մոտենալ անկրկնելի Արթուր Մեսչյանի պաշտոնանկմանը: Նա ո՛չ առաջինն էր, ո՛չ էլ վերջինն է լինելու: Ամեն բան տրամաբանական է. չէ՞ որ ավելի վաղ անաղմուկ հեռացվել էր ճարտարապետությանն առնչվող ոլորտի՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, իսկ քաղաքապետարանը, ինչպես միշտ, կրկին լցվել անդեմ զանգվածով, ինչպես մեր երկրի ամենաքաղաքական մարմինը՝ ապաքաղաքականներով կամ, ավելի ստույգ, «պոլիտիկաններով», ինչպես Տերյանը կասեր: Հիմա արդեն ավելի հեշտ կլինի անել այն, ինչն արգելվեց նախկին քաղաքապետին՝ Մաշտոցի պուրակը բետոնապատել. ավելի հեշտ կլինի 10 միլիոն ծառի փոխարեն Սեւանով կանաչեցնել Հայաստանը: Պարզապես այժմ ամեն վայրկյան աչքի առջեւ չի լինի մեկը, ով որպես բարոյական զսպիչ կխաթարի երիտհայերի թիմային հովվերգությունը՝ իր սոսկական ներկայությամբ զգաստացնելով. «Կորչում գնում են, հեռանում մեկ-մեկ մեր բոլոր ջութակները, /Ձեզ պետք է մի նվագախումբ, որտեղ տիրում են թմբուկները, /Որտեղ ամեն մի մեղեդի փչում են լոկ փողայինները, /Երբ լարերի ձայներ չկան, նրանք են մենակատարները» (Արթուր Մեսչյան, «Խաչմերուկ»):

Ցավալիորեն ծիծաղելի է Երեւանի պարոն քաղաքապետի պարզաբանումը, թե Արթուր Մեսչյանն ի սկզբանե որոշել էր աշխատել ընդամենը երկու տարի, ուստի եւ հեռացավ (իսկը Շուրայի դամբանականը՝ Պանիկովսկու շիրմին): Առաջին հանրապետության շրջանում երբ իր աշխատասենյակում գնդակահարվեց ամենալրջախոհ գործիչներից մեկը՝ խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանը, դարձյալ թերթերը գրեցին, իսկ խամաճիկները բանավոր տարածեցին, թե նա իբր անձնական խնդիրներ է ունեցել իր կուսակից ընկերոջ հետ, թե 1918-ին Կարսը հանձնելիս իբր աջակցել է վրացիներին, թե իբր հոգեկան շեղումներ է ունեցել… Երկրորդ հանրապետության արշալույսին, երբ ոչնչացվում էին հայ սպայությունը, ֆիդայությունը, մտավորականությունը, հոգեւորականությունը, դարձյալ ասվում էր, որ նրանք Հայաստանի թշնամիներն են, որ օտարերկրյա գործակալներ են… Երբ ուզում էին ոչնչացնել մեծագույն լեզվաբան Հրաչյա Աճառյանին, նրան մեղսագրում էին իբր բազում երկրների, այդ թվում՝ Թուրքիայի լրտես է, թե Երեւանից մինչեւ անհունություն թունել է ուզեցել պատրաստել խորհրդային ղեկավարներին ոչնչացնելու եւ իմպերիալիստների հետ կապ հաստատելու համար: Երբ Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Հայկազ Խաչատրյանին հերթական անգամ մեկուսացնում էին, ասում էին՝ իբր խախտել է հարեւանների անդորրը, իսկ Էդմոնդ Ավետյանը՝ իբր հոգեկան հիվանդ է եղել… Նույնիսկ կոմունիստական ղեկավար Յակով Զարուբյանը հեռացվեց՝ «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:  Երբ առ այսօր չպարզաբանված հանգամանքներում սպանվում էին գեներալ Մարիուս Յուզբաշյանից մինչեւ Համբարձում Գալստյան, Արցախի առաջին ղեկավար Արթուր Մկրտչյանից մինչեւ գեներալ Արծրուն Մարգարյան, ոստիկանապետ Հայկ Հարությունյանից մինչեւ գեներալ Աշոտ Կարապետյան, դարձյալ նույն շշուկներն են, թե ինքնասպան են եղել՝ ստուգողական կրակոց արձակելով սեփական ծոծրակին, գազից են խեղդվել… Պատահում է: Այդպես հետհեղափոխական Վրաստանում էլ գազից խեղդվեց նաեւ Զուրաբ Ժվանիան՝ համայն Կովկասի ամենախոհեմ գործիչներից թերեւս առաջինը, որը հետմահու բամբասվեց ճիշտ այնպես, ինչպես մեր վարչապետի ու իմ սիրած Պապ թագավորը՝ հեռավոր չորրորդ դարում: Պարզապես ականջ կախելն ու երեւույթների բուն էությունը չտեսնելը մեզանում էթնիկ հոգեբանության կերպարանք է ստանում, որ շատ վտանգավոր է:

Ուրեմն ինչո՞վ է առանձնակի, նույնիսկ ահազանգի նման՝ Խորհրդային Միության առաջին ռոք խմբի հիմնադրի հրաժարականը Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Որեւէ մեկը չի վիճարկի, որ հայ ժողովուրդն այսօր էլ ունի բազում լավագույն ճարտարապետներ, գուցեեւ Մեսչյանից առավել հմուտ. այսինքն՝ այստեղ արտառոց ոչինչ չկա: Որեւէ մեկը չի վիճարկի, որ հայ ժողովուրդն այսօր էլ ունի բազում անկաշառ ու մաքուր քաղաքացիներ՝ Մեսչյանի մաքրությանը ոչնչով չզիջող. այսինքն՝ այս կտրվածքում էլ արտառոց ոչինչ չկա: Ոչ ոք չի վիճարկի, որ լավագույն պոետ ու երգահան լինելը դեռ չի նշանակում լավ պետական գործիչ լինել. այստեղ էլ, կարծես, արտառոց ոչինչ չկա: Բայց, այնուամենայնիվ, արտառոց բան կա:

Եվ այդ արտառոցը «կապված է պետականության հիմնադրույթների հետ», ինչպես կասեր Հիմնադիր-նախագահն իր հրաժարականի խոսքում: Մնացյալը պատրվակ է ու մանիպուլյացիա: Մեր երկրի պետական կառավարման համակարգում կա՛մ չկան, կա՛մ գրեթե չկան անբասիր անցյալով ու վաստակով հանրային հեղինակություն վայելող անհատականություններ, մինչդեռ Արթուր Մեսչյանն այդ համակարգում իրենով մարմնավորում էր հոգեւորի ենթագիտակցական պահանջմունքը, հայկականի անխաթարությունը, քաղաքակրթական առաջավոր արժեքների խիզախ կրողին: Եթե հեղինակավոր Հասմիկ Պապյանը համակարգի դրսից է կրկնում Ամուլ սարի մասին իր տեսակետը, եթե հեղինակավոր Ռուբեն Հախվերդյանը համակարգի դրսից է կրկնում մայրենի լեզվի անձեռնմխելիության պահանջը, եթե, ինչպես Խորենացին կասեր, «դեպի օտարություն են աքսորվում ազնվականները», ստացվում է, որ երկրի հոգեւոր սերուցքը դեմ է երկրի իշխողներին. ստացվում է, որ երկիրը հոգի չունի: Սրանո՛վ է արտառոց Արթուր Մեսչյանի, որ (ճիշտ կամ սխալ-էական չէ) հանրային բնազդների մեջ արբիտրի ու համայնական խղճի առաքյալ ու պատվիրակ էր ընկալվում պետական համակարգում, հեռացումը ենթագիտակցության մեջ յուրացվելու է որպես երկրի՝ հոգեւորից պարպում, որպես «ազնվականի աքսորում»:

Չկա այն ինստիտուտը, որը հանրային հեղինակություն վայելի (խնդրեմ՝ չհանդգնեք Հանրային խորհրդի անունը տալ), որը կամուրջ լինի իշխանության եւ հոգեւոր սննդի մշտապես ծարավ մեր քաղաքացիների միջեւ: Ընդամենը մեկ՝ թեկուզեւ դեռեւս սիրելի անհատի «լայվերը» խամրելու մոտ են արդեն, մանավանդ, երբ հայհոյախառն են ու գռեհկաբան: Խորհրդարանում հայհոյող նեոշմայսներ են, որ չեն փայլում ո՛չ վարքով, ո՛չ բարքով, ո՛չ վաստակած հեղինակությամբ կամ գոնե անցյալով: Երեւանի ավագանիում եւ քաղաքապետարանում բառի բուն իմաստով բացի մեկ-երկուսից՝ ժողովուրդը չի տեսնում իր իղձերի պատվիրակներին ու հեղինակություններին, իսկ Կառավարության անդամների մեծ մասի գործունեությունն իր աչքի առաջ ունենալով՝ ուղղակի խորթանում է օրեցօր, որքան էլ բոլորն իրենց խոսքերը սկսեն ու ավարտեն՝ «Սիրում եմ բոլորիդ» ասելով:

Անկախ այն բանից, թե ինչ կասի անձամբ Արթուր Մեսչյանն իր հրաժարականի մասին, որն ամենեւին էլ հետաքրքիր չէ, փաստն այն է, որ մեր իշխանությունը հերթական անգամ պարպվեց հոգեւոր առանցքից՝ «ասպարեզը թողնելով համբակներին», ինչպես Ջիվանին կասեր. նրանց, ովքեր դասագրքերի վրայից կջնջեն «Հայը», իսկ միջից՝ նախաուրարտական Հայաստանն ու Արեւմտյան Հայաստանը, կամավորականների խմբերին ու հայ դասականներին: Երկրներն ու ազգերը ձախողված են դառնում, երբ պարպվում են հոգուց ու հոգեւորից: Երկրներն ու ազգերն անապագա են դառնում, երբ զրկվում են անցյալից:

Վտանգավոր շեմի ենք մոտենում: Զարմանալի զուգադիպությամբ պատմությունը կրկնվում է: Թեեւ 1997թ.-ին դեռեւս կային իշխանությունների կողմից ճանաչված հեղինակություններ Հրանտ Մաթեւոսյանն ու Օհան Դուրյանը, Լեւոն Ներսիսյանն ու Երվանդ Մանարյանը, Տիգրան Մանսուրյանն ու Ալեքսանդր Մանուչարյանը, ավելին՝ գրողներ Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը կառավարության անդամ էին, բայց Արթուր Մեսչյանի նույն՝ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հեռանալուց եւ Բոստոն մեկնելուց ընդամենը մեկ տարի անց փլուզվեց իշխանությունը: Փլուզման են դատապարտված բոլոր այն իշխանությունները, որոնց համար հոգեւորն առանցքային չէ, որոնց չափման միավորը դրամն ու «լայվերն» են: Ազատ անկումն է դա, որի մասին նույն Արթուր Մեսչյանը դեռ տասնամյակներ առաջ էր երգել. «Ոտքի տակ՝ ոչինչ, Երկնքում՝ ցանցեր եւ աղոտ հույսեր»:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ
07.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31