Լրահոս
Օրվա լրահոսը

72-ամյա քաղաքացին հաղթեց ՊԵԿ-ին. հայերեն չիմանալու արդյունքում նրան մաքսայինում «ֆռռացրել» էին

Օգոստոս 07,2020 13:00

Ըստ իրավապաշտպան Խ.Մարոզյանի, տվյալ գործի ուսումնասիրության շրջանակներում ակնհայտորեն պարզ երեւում է, որ առկա է մոլորությունը: Բագրատաշենի մաքսային կետում նրա վստահորդը պահանջել է, որպեսզի ներմուծումը ձեւակերպվի մեկ տարի ժամկետով, մաքսային տեսուչը պատասխանել է, որ «հիմա մեկ տարով չեն անում, վեց ամիս»:

Արամայիս Գասպարյանի ներկայացուցիչը` «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանն «Առավոտ»-ին երեկ տեղեկացրեց, որ վճռաբեկ դատարանը պատճառաբանված եւ օրենքով հիմնավորված կերպով վերջնական մերժել է բողոքի ընդունումը: Բողոքաբերը այս գործով պետեկամուտների կոմիտեն էր: Ըստ ներկայացուցչի` երկու տարի առաջ հոկտեմբերի 24-ի թիվ 05100033/241018/0000291921 մաքսային մուտքի օրդերով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով 30 օր ժամկետով ՀՀ տարածք է ներմուծվել «MERCEDES- BENZ S – 500» մակնիշի AA233WW պետհամարանիշի, 2006 թվականի արտադրության տրանսպորտային միջոց:

Ձեւակերպված փաստաթղթի նշված տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման վերջնաժամկետը սահմանվել է մինչեւ 2018 թ. նոյեմբերի 23-ը, սակայն մինչ այդ ժամկետի ավարտը ավտոմեքենան չի արտահանվել ՀՀ տարածքից, ինչի արդյունքում խախտվել է հետադարձ արտահանման պարտավորությունը:

2018թ. նոյեմբերի 27-ին ՀՀ ՊԵԿ Արեւելյան- վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ավագ մաքսային տեսուչ-իրավաբանի կողմից Արամայիս Գասպարյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին նշանակված գործի քննության վերաբերյալ կողմը չի ծանուցվել,  ծանուցում չի ստացել:

Հայցվորն ասել էր դատարանում. «ՀՀ ՊԵԿ Արեւելյան – վարչության Բագրատաշենի մաքսային կետում նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ից 18:00 ընկած ժամանակահատվածում, փաստաթուղթը ձեւակերպելիս իրականում այլ իրավիճակ է եղել: Ես աշխատակցից պահանջել եմ ներմուծումը ձեւակերպել մեկ տարի ժամկետով, ինձ աշխատակցուհին պատասխանել է. «հիմա մեկ տարով չի արվում, վեց ամիս կարելի է: Համաձայնվել եմ 6 ամիս ժամկետի հետ ու այլեւս չեմ նայել լրացված փաստաթղթին»: Քաղաքացին ստորագրել է ռուսերեն լեզվով՝ Гаспарян, քանի որ հայերեն գրել-կարդալ չգիտի:

ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն – վարչության պետի 2019 թ. հունվարի 23- ի թիվ 25/6 որոշմամբ Ա.Գասպարյանի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 1 014 595 ՀՀ դրամի չափով:

Ներկայացուցիչ-փաստաբան Խաչատուր Մարոզյանը տեղեկացնում է, որ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարչական վարույթի շրջանակներում հարցում է կատարվել ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն՝ ավտոմեքենայի սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Պատասխան գրությունից պարզվել է, որ «Մերսեդեսը»` 2006 թվականի արտադրության տրանսպորտային միջոցը, 24.10.2018 թվականին Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ներմուծվել է Հայաստան, սակայն հետագա արտահանման պարտավորությունը չի կատարվել:

Իրավապաշտպանը հղում էր կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի`

  1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ՝

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով եւ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները, այդ թվում, եթե՝

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ե ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով:

«Այս դրույթը օրենսգրքի ընդհանուր կանոն է, որի վերլուծությունը վկայում է, որ վարչական դատավարության միջոցով դատական պաշտպանությունն ունի համապարփակ բնույթ։ Դրա ծավալը տարածվելու է հանրային իշխանության մարմինների ամբողջ գործունեության վրա։ Սակայն հիմնական նախապայմանը սուբյեկտիվ իրավունքների խախտման պնդումն է»,-«Առավոտ»-ին ասաց Խ. Մարոզյանը:

Հայցվորի պնդմամբ, 2019 թ. հունվարի 23-ի թիվ 25/6 որոշմամբ խախտվել է իր` օրենքներով ամրագրված իրավունքները, հետեւաբար, այն պետք է անվավեր ճանաչվի:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթի իրականացման ընթացքում թույլատրվում է վարույթի մասնակիցների կողմից օտար լեզուների օգտագործումը: Սակայն այդ անձինք պարտավոր են իրենց ներկայացրած թարգմանչի միջոցով ապահովել հայերեն թարգմանություն, եթե վարչական մարմինն այդպիսի թարգմանություն ապահովելու հնարավորություն չունի:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն`

  1. Դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում` նաեւ վկային, փորձագետին, թարգմանչին եւ այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին:
  2. Վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձեւով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչեւ վարչական ակտն ընդունելու միջեւ ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

Այս դեպքում չի հարուցել վարչական վարույթ (հարուցման փուլ), չի իրականացրել վարչական գործի քննարկման հետ կապված օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ), քաղաքացուն  պատշաճ ձեւով չի ծանուցել վարույթի իրականացման համար եւ նշանակվել է նրա նկատմամբ վարչական տուգանք՝ 1 014 595 ՀՀ դրամի չափով: Վարչական մարմինն ունեցել է բավարար տվյալներ այն մասին, որ քաղաքացին չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, իմանալով, սակայն, նրան չի ապահովել համապատասխան թարգմանություն, չի առաջարկել նրան ներկայանալ թարգմանչի միջոցով:

Տեղեկացնենք, որ Ա. Գասպարյանը դիմել էր ՀՀ ՊԵԿ ղեկավարությանը, հայտնել, խնդրել էր հաշվի առնել մոլորության եւ թյուրիմացության փաստը եւ տուգանքի ակտը վերացնել, սակայն հաշվի չի առնվել: Դիմել էր անգամ ՀՀ վարչապետին:

Վարչական մարմինը գրությամբ պատասխանել էր` ապացույց չկա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31