Կամ՝ Համերգասրահի ոդիսականը
«Առավոտը», ըստ պայմանավորվածության, նախօրեին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մոտ հանդիպեց արվեստաբան, մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հիմնադիր-հեղինակ Սերգեյ Առաքելյանի հետ։ Նպատակը մատենաշարի 21-րդ՝ «Սոս Սարգսյան» գիրք-ալբոմի «ճակատագրին» տեղեկանալն էր, որը ձգձգվում է՝ հավանաբար համավարակով պայմանավորված։ Մեր զրույցը արվեստաբանի հետ չկայացավ, որովհետեւ ականատեսը եղանք եթե ոչ 30, ապա ավելի քան 20 տարի մեր իրականության մեջ չհանդիպող երեւույթի. իրականացվում էր «Առնո Բաբաջանյան» համերգասրահի շենքի ճակատային մասի լվացման աշխատանք։ Նկատեցինք, որ անցորդները զարմացած էին։ Մեր ականջին հասավ մեկ-երկուսի երկխոսությունը։ Մեջբերում ենք այն. «Շքամուտքերն ու փողոցները ախտահանելու փոխարեն ի՞նչ կարիք կա ախտահանել շենքի ֆասադը…»։
Աշխատանքներին հետեւում էր համերգասրահի փոխտնօրեն Գեւորգ Մկրտչյանը։ Հետաքրքրությանը, թե ո՞ւմ նախաձեռնությունն է եւ ովքե՞ր են իրականացնում աշխատանքները, նա պատասխանեց. «Նախաձեռնությունը «Հայպետֆիլհարմոնիայինն» է եւ ավելի քան 20 տարի նման աշխատանքներ չեն իրականացվել։ Բայց քանի որ այս շենքը գտնվում է մեր մայրաքաղաքի հենց սրտում եւ այն ոչ միայն հոգեւոր, մշակութային ու կրթական հաստատություն է, այլեւ մեր ճարտարապետական կարեւորագույն կոթողներից մեկը, որոշեցինք, որ այս աշխատանքը պարզապես անհրաժեշտ է»։
Երիտասարդ փոխտնօրենը քանիցս խույս տվեց պատասխանել հարցին, թե ինչ միջոցներով են իրականացվում այդ աշխատանքները, ի վերջո հայտնեց հետեւյալը. «Մեր նախաձեռնությանն արձագանքեցին թե պետական եւ թե մասնավոր ընկերություններ։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Միրաժ սերվիս» կազմակերպությանը (տնօրեն՝ Արման Ապրյան), որը բարեգործական հիմունքներով է իրականացնում աշխատանքները, մասնակցությամբ Երեւանի Կենտրոն թաղապետարանի»։
Կարդացեք նաև
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրեն Գեւորգ Մկրտչյանի հետ մեր կարճատեւ զրույցը համերգասրահի մասին իր պատմություններով «խանգարում» էր մշակութաբան Սերգեյ Առաքելյանը։ Այդ ընթացքում նա հասցրեց տեղեկացնել, որ շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 1900թ. սկզբին, իսկ շատ արագ՝ ընդամենը մոտ 1 տարի անց, այն սկսել է գործել իբրեւ Երեւանի մշակույթի տուն, շուրջ 10 տարի անց, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հիմնադրումից հետո՝ որպես ֆիլհարմոնիկ դահլիճ։ Ռեպլիկին, թե՝ այս շենքը հայտնի է որպես ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ, պարոն Առաքելյանը ստույգ հայտնեց, որ այն որպես այդպիսին գործել է 1956-ից մինչեւ 2003-ը՝ կոմպոզիտորի անվամբ կոչելը։
Սերգեյ Առաքելյանի հիշողությունները դրանով չավարտվեցին։ «Այն տարիների մեր պետական կոլեկտիվները, այդ թվում՝ ջազ նվագախումբը, գուսանական, պարի, երգի-պարի անսամբլները իրենց փորձերն ու համերգները այստեղ էին անցկացնում։ Չմոռանամ նշել նաեւ կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի մասին եւս։ Ի դեպ, այս դահլիճում 1924 թվականին առաջին անգամ կայացավ Ալեքսանդր Սպենդիարյանի բեմելը սիմֆոնիկի հետ։ Այդ երեկո կոմպոզիտորը հնչեցրեց իր «Ղրիմյան էսքիզները»,- հայտնեց մեր զրուցակիցը։
Պարոն Առաքելյանը հիշեց նաեւ, որ համերգասրահի դիմացի շենքում ապրել են մշակույթի մեր մեծերից շատերը, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանը, Նիկոլ Աղբալյանը, Արաքսի Գյուլզադյանը եւ մյուսները. «Եղանակային բարենպաստ պայմաններում այս դահլիճի պատուհանները ցանկացած համերգի ժամանակ բաց էին եւ չեք պատկերացնի, թե ի՜նչ էր կատարվում համերգների ժամանակ փողոցում, ժողովուրդը նաեւ փողոցից էր հետեւում համերգների ընթացքին, մանավանդ՝ երբ ելույթ էր ունենում Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախումբը, Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Երգի-պարի անսամբլը, մեր պետական երգչախումբը եւ այլն։ Մի ուշագրավ բան էլ ասեմ. բեմում ելույթ ունեցող հայաստանցի եւ հյուրախաղերի եկած արվեստագետները հետեւում էին նաեւ փողոցից հնչող բիսերին ու բռավոներին։ Այսինքն, արտիստները արձագանքում էին դրսի հանդիսատեսի ծափողջույններին եւ ծրագրից դուրս հանդես գալիս այլ գործերով եւս։ Պարզ է, չէ՞, դրսի եւ համերգասրահի ծափերը միախառնվում էին… Փոքր դահլիճը ուներ նաեւ մշակութային կրթական առաքելություն. ժամանակ առ ժամանակ կազմակերպվում էին դասընթացներ, օրինակ, 1935-38թթ. աշուղ Շերամը բաց դռներով լեփ-լեցուն դահլիճում անցկացնում էր դասեր եւ, ամենակարեւորը՝ նա ոչ միայն երգեր էր ուսուցանում, այլ ուղիղ ասած՝ երիտասարդներին սովորեցնում էր, թե ինչպես պետք է կուլիսներից բեմ մտնել, ինչպես պետք է խոնարհվել եւ այլն, եւ այլն»։
Խնդրեցինք բարձրաձայնել հանրահայտ անուններ, որոնք բեմ են բարձրացել փոքր դահլիճում։ Պարոն Առաքելյանը նախ նշեց, թե կարող է ժամերով նշել նրանց անունները, հետո էլ նշեց մեկ-երկուսին. «Լյուբով Օռլովայից սկսած մինչեւ միաժամանակ երկու շեփորի վրա հանդես եկող Էդի Ռոզմեր, Կոմիտասի անվան կվարտետի առաջին կազմից մինչեւ Գոհար Գասպարյան, Պավել Լիսիցյան, Զառա Դոլուխանովա, «Մետրոպոլիտենի» աստղեր, մեր հայրենակիցներ Լուսի Ամարա, Լիլի Չուքասզյան, ռումինահայ օպերային բաս Դավիթ Հովհաննես, բուլղարահայ տենոր Կարպիս Զոբյան… Գիտե՞ք, մեծ նշանակություն ունի նաեւ ցանկացած համերգասրահի ներքին հարդարանքը։ Իսկ այն տարիներին այստեղ ճեմասրահում կախված էին Կոմիտասի, Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու հիանալի հարթաքանդակները, ինչը արդեն 1960-ականներին, երբ վերանորոգման աշխատանքներ էին տարվում դահլիճում, հանվեցին»։
Դիտարկմանը՝ բայց արդեն այն տարիներին մենք ունեինք Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճ՝ այսօրվա «Արամ Խաչատրյան» համերգասրահը, ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ եւ մեր, եւ դրսի անվանիները գերադասում էին Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի բեմը։ Բոլորովին այլ է պատկերն այսօր։ Չասենք 30, բայց ավելի քան 20 տարի փոքր դահլիճը կամ այսօրվա «Առնո Բաբաջանյան» համերգասրահը հրավիրում են պոեզիայի երեկոների, գուսանական, ժողովրդական անսամբլների համերգների եւ ոչ մի հյուրախաղորդ երաժշտի համերգի, նույնիսկ մեր անվանի մենակատար երաժիշտ կատարողները չեն նախընտրում այդ դահլիճի բեմը, բացառությամբ Հարություն Թոփիկյանի ղեկավարած կամերային երգչախմբի։ Մեր զրուցակիցը համաձայնելով ասվածին, հավաստիացրեց, որ այդ ամենը գալիս է դեռեւս 1960-ականներից, երբ փոքր դահլիճի վերանորոգման ժամանակ, իբր ակուստիկան բարելավելու նպատակով, դահլիճի պատերի մեջ տեղադրված դատարկ կուժերը հանվել են եւ դա հակառակ էֆեկտ է տվել՝ վատացել է ակուստիկան… «Շատ կուզեի այդ հրաշալի դահլիճը նախկին հեղինակությունն ունենար ոչ միայն մեր, այլեւ հյուրախաղերի եկած արտիստների շրջանում»,- խոսքը եզրափակեց Սերգեյ Առաքելյանը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ. «Առավոտը» կապվեց երեւանյան մշակութային որոշ օջախների տնօրենների հետ։ Նրանց մեծ մասի համար հարցը, թե ե՞րբ է վերջին անգամ իրենց շենքը արտաքինից մաքրվել, զարմանք առաջացրեց, մեկ-երկուսի պատասխանը եղավ հետեւյալը. ի՞նչ եք կորցրել, ի՞նչ եք ման գալիս։ Մեկ-երկուսն էլ նշեցին, որ իրենց մոտ նման աշխատանքներ տարվել են շուրջ 15 տարի առաջ։
Ինչ վերաբերում է «Սոս Սարգսյան» գիրք-ալբոմի ճակատագրին, այն կներկայացնենք առաջիկայում։
Գլխավոր լուսանկարում՝ արվեստաբան Սեգեյ Առաքելյանը
«Առավոտ» օրաթերթ
07.08.2020