«Մեր համայնքապետը, ինչպես նաև ոստիկանապետը որպես հիմք ներկայացրեցին, որ այս պահին գոյություն ունեցող, հիմա այստեղ չենք շահարկում՝ ապօրինի է, ապօրինի չէ, որովհետև արդեն կա հարուցված քրեական գործ, բայց այս պահին գոյություն ունեցող փաստաթղթով սա «Լիդիան»-ի տարածքն է, ուղղակի ինքն այնտեղ շինթույլտվության իրավունք չունի, դրա համար այս վագոն-տնակները տարվելու են հետ այնքան, որտեղ արդեն ունի շինթույլտվություն»,- Ամուլսարի երկրորդ պահակակետի հարակից տարածքում հավաքվածներին ասաց բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։
Հիշեցնենք, որ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը ցուցարարներին հայտնել էր, որ վագոն-տնակները կապամոնտաժվեն ուրբաթ՝ օգոստոսի 7-ին։
Շիրակ Բունիաթյանը նշեց, որ ուրբաթ օրը վերահսկելու են այդ գործընթացը և ըստ դրա կորոշեն իրենց անելիքներ․ «Քրեական գործ է հարուցվել՝ կասկածանքով, որ եղել է պաշտոնական դիրքի չարաշահում, որի արդյունքում ճանապարհի բուֆերային գոտին չպահպանելով «Լիդիան»-ին վարձակալությամբ տրամադրվել է այս տարածքը՝ ձևաչափը չպահպանելով։ Բայց եկեք չմոռանանք, որ արդեն 2.5 տարի է Ամուլսարում ռիսկերը միտումնավոր թաքցնելու կասկածանքով կա հարուցված քրեական գործ, որը տեղում ուղղակի դոփում է։ Մենք տեսանք, որ այդտեղ կային ինչ-որ իվանյաններ, բարեկամներ, և այլն։ Դրանից հետո չունենք ոչ մի տեղեկություն։ Հուսով ենք՝ այս գործով կզբաղվեն ողջամիտ մարդիկ, որ իրական ողջամիտ ժամկետներում կտրվի հարցի լուծումը։ Այստեղից ուզում ենք նաև նորանշանակ նախարարին հորդորել, կոչ անել, թե ինքը ինչ լիազորություններ ունի զբաղվի այս հարցով և ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչի»։
Շիրակ Բունիաթյանը ցուցարարներին առաջարկեց դադարեցնել ցույցը, վաղը քննարկումներ կազմակերպել և ըստ այդմ, որոշեն իրենց հետագա անելիքները։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ