Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ցուցարարները պահանջում են հիմա տեղափոխել «Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակները

Օգոստոս 06,2020 22:40

Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը Ամուլսարի երկրորդ պահակակետի հարակից տարածքում հավաքված քաղաքացիներին առաջարկեց բաց պահել ճանապարհի երթևեկելի մասը, որ մեքենաները կարողանան շարժվել, հետո ցուցարարները շարունակեն իրենց ցույցը։

«Այսօր մենք որոշել ենք այս կոնտեքստով հանդես գալ, այս ձևաչափով։ Եթե դուք ընտրել եք, որ այս տարբերակով այսօր ինչ-որ լսելի կլինի ձեր ձայնը, մենք չենք փորձում դրան խոչընդոտել, բայց միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ այս ամենը կատարվում է արտակարգ դրության պայմաններում, և մարդիկ կան, որ այս պահին ունեն շատ կարևոր իրավունքներ գոնե ազատ գնալ տեղավորվել ինչ-որ ապրելու իրավունք, չգիտեմ՝ բնակվելու կամ էդ երեխեքին ինչ-որ … Հասկանում եմ՝ ձեր իրավունքի համար, բայց սա հեռակա իրավունք է, իսկ իրենց հիմա կոնկրետ այս պահին սահմանափակվում է»,- ասաց նա։

Քաղաքացիները համաձայնության չեկան՝ պատճառաբանելով, որ իրենց ցույցի իմաստը հենց դա է։

Շիրակ Բունիաթյանը առաջարկեց, որ իրենց հարցերի պատասխանը տա Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, և իրենք ըստ այդմ էլ որոշում կայացնեն, թե ինչ են անելու։ Նա նաև ներողություն խնդրեց անհարմարությունների համար այն քաղաքացիներից, որոնք մեքենանների մեջ սպասում են, թե երբ ցուցարարները ճանապարհը կբացեն։

Վարդան Հովհաննիսյաննը ասաց, որ բուռն քննարկումներ են ունեցել․ «Շինթույլտվություն չի տրվել այսքան մոտիկ վագոն-տնակներին։ Դա պարզվել է GPS-ով։ Ես պաշտոնական հայտարարություն կանեմ։ Փաստաթղթաշրջային ժամկետ գոյություն ունի, մենք հենց հիմա չենք կարող մարդուն պարտադրել, որ մեզ պատասխանի։ Եվ կարծում եմ վաղը, վաղը աշխատանքային օր է, ուրբաթ օր է, մենք կստանանք պատասխան։ Համեցեք, եթե կլինեք Ջերմուկում, կտանք նաև ասուլիս։ Իրենք մեզ հեռախոսով ասել են, որ ունեն փաստաթղթեր։ Մեզ մոտ չկա այդ փաստաթուղթը, կոդ գոյություն ունի։ Բուֆերային կոդը, եթե չեմ սխալվում՝ 222057 կոդի վրա չի տրված շինթույլտվություն։ Սա նշանակում է, որ այս վագոն-տնակը դրված է մոտիկ։ Հիմա վաղը ևեթ նամակի պատասխանից պարզ կդառնա, մենք կխնդրենք, որ իրենք իրենց ուժերով դնեն համապատասխան տեղը, որտեղ թույլ է տվել համայնքը։ Եթե չի լինի դա, նոր մենք կանցնենք արդեն իրավապահ մարմիններին»։

Նա խնդրեց հավաքվածներին ճանապարհը բացել։ Շիրակ Բունիաթյանը առաջարկեց հավաքվածներին քննարկել, թե սպասում են, որ վաղը կատարվի գործողությունը, թե՞ հիմա։ Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ հիմա։ Ցուցարարները առաջարկեցին Ջերմուկի քաղաքապետին երկու ժամ տրամադրել «Լիդիան Արմենիա»-ին, որ տնակները տեղափոխեն այն տարածք, որտեղ ունեն շինթույլտվություն, եթե չտանեն համայնքապետարանը համապատասխան տեխնիկա օգտագործի։ Վարդան Հովհաննիսյանը պատասխանեց՝ խնդիր չկա։ Հետո լրագրողների հարցին, թե այսօր կհեռացնե՞ն, պատասխանեց․ «Այսօր ո՞վ պետք է հեռացնի։ Իրենց կգրենք, եթե հնարավորություն ունենան, թո՛ղ հեռացնեն»։

Նա լրագրողներին ասաց․ «Հարգելի՛ս, հիմա ի՞նչ եք ուզում ինձնից, ես ձեռքերով կռանը վերցնեմ, տանե՞մ»։

Հարցին, թե կարո՞ղ է վերամբարձ կռունկ բերել և վագոն տնակը տեղափոխել, Վարդան Հովհաննիսյանը պատասխանեց․ «Որտե՞ղ տեղափոխենք։ Տեղը գիտե՞ք դուք։ Ես ասում եմ՝ առավոտյան, լույսը բացվի, մեր աշխատակիցները բերեն GPS-ը տեղադրեն, ասեն՝ ձեր թույլտվությունը տրված է այստեղից, ոչ թե այստեղից»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31