Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը «Սպորտի կառավարման եւ մարքեթինգի հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղան-խորհրդակցությունից առաջ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց, որ նախաձեռնելով այս քննարկումը, ինստիտուտը չի պատրաստվում այդ ամբողջ բեռը վերցնել իր վրա:
«Մենք ավելի շատ պատրաստվում ենք խնդիրները բարձրացնել եւ դրանց լուծում տալ: Թե ինչքա՞ն պատրաստ կլինենք, դա ժամանակը ցույց կտա: Կարեւորը պատասխանատվությունից չխուսափելն է: Այն գործառույթները, որ ունի ՖԿՍՊԻ-ն, մենք պատրաստ ենք այդ շրջանակներում վերցնել եւ բեռ եւ պատասխանատվություն»,-ասաց նա: Հարցին, թե նախարարությունից այս նախաձեռնությանն աջակցություն կա՞, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց. «Միշտ խոսվում է նախարարության աջակցության մասին: Բայց այստեղ կարեւոր է, որպեսզի սպորտը դիտվի որպես բիզնես, շուկա, որտեղ պետք է որ ոչ միայն նախարարությունը դրույքներ սահմանի եւ մարզիչներն այդ դրույքներով աշխատեն, այլ լինի ազատ շուկա, որտեղ իրենք կարողանան լինել ստեղծող, թելադրող, ինչու չէ՝ նաեւ արժանապատիվ եկամուտ ունեցող, աշխատավարձ ստացող կառույց ստեղծվի»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, ԿԳՄՍ նախարարությունն է մշակում սպորտի քաղաքականությունը եւ կառավարում, Դավիթ Խիթարյանը հակադարձեց. «Այո, այդպես է, բայց ես կարծում եմ, որ հենց ինստիտուտները նրա համար են, որպեսզի խնդիրները բարձրացնեն եւ կառավարության ուշադրությունը գրավեն դրանց վրա»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ