Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Խաչատրյան․ «Ամուլսարը Հայաստանի սիրտն է, և մենք թույլ չենք տա, որ այս սիրտը իրենք վնասեն»

Օգոստոս 06,2020 21:01

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցուցարարները հավաքվել են Ամուլսարի երկրորդ պահակակետի տարածքում։

Ոստիկանությունը պահանջեց ցուցարարներին դադարեցնել և ազատել տարածքը՝ ողջամիտ ժամկետում, նաև բաց պահել ճանապարհի երթևեկելի մասը։

Ցուցարար Շիրակ Բունիաթյանը հորդորեց հավաքվածներին սադրանքների չտրվել, պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակներ․ «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ մեր պահանջը առաջ քաշելու։ Մեր այսօրվա օրակարգում երկու արագ լուծվող հարցեր են, որոնք որ մեր պատկերացմամբ կառավարությունը հնարավորություն ունի արագ լուծելու։ Դրանք են՝ այս վագոն-տնակները այստեղից հանելը և սադրիչ պահնորդներին այստեղից հանելը։ Իսկ այն, որ կառավարությունը պետք է ասի կոնկրետ օր՝ Ամուլսարի խնդիրը լուծելու, և այնտեղ շատ հարցեր ենք առաջ քաշել՝ Ամուլսարում ՇՄԱԳ-ը չեղարկել, և այլն։ Այս ամենի մասին կշարունակենք խոսել այս վագոն-տնակները այստեղից հանելուց հետո։ Ու էլի եմ ասում՝ այնպես չի, որ մենք խուսափելու ենք մեր կողմից ընտրված կառավարության հետ խոսելու»։

Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը տարածքում հասարակական կարգն է պահպանում։ Իսկ նկատառմանը, թե ոստիկանական ուժերը չորեքշաբթի ավելի շատ էին, նա պատասխանեց․ «Երեկ ինձ կոչ արեցին, որ ես կարող եմ մենակ գալ, ու ամեն ինչ նորմալ կլինի։ Ես աշխատել եմ մեր ուժերով սահմանափակվել»։

Ցուցարարների մի մասը նստեց ճանապարհի երթևեկելի մասում։ Ցուցարար Անի Խաչատրյանը հայտարարեց, որ սա մի սարի հարց չէ, ամբողջ Հայաստանի հարցն է․ «Ամուլսարի տակով հոսում է Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելը։ Այս պահին այն չի գործարկվում, բայց այդտեղով տարեկան 3 միլիոն խորանարդ ջուր է հոսում դեպի Կեչուտի ջրամբար։ Իսկ Կեչուտի ջրամբարը ջուր է տալիս Սևանին։ Այսինքն՝ եթե մենք աղտոտում ենք Ամուլսարը, այն ջրերը, որոնք հիմա հոսում են, գոյանում են Ամուլսարից, աղտոտվելու են և լցվելու են Կեչուտ։ Կեչուտից մենք թունավորելու ենք Սևանը։ Սևանը գիտեք՝ ինչ նշանակություն ունի Հայաստանի ու ոչ միայն Հայաստանի համար․ Սևանը ամենամեծ քաղցրահամ ջրերի պաշարն է տարածաշրջանում։ Սևանը աղտոտելով մենք կկորցնենք ուղղակի Հայաստանը։ Սևանի ջրերով ջրվում է Արարատյան դաշտը, այսինքն՝ մենք կորցնում ենք Հայաստանի մի մեծ մասը։ Երբ որ իմ տղային բացատրեցի այս ամենը, ինքն ասում է՝ մամ, Ամուլսարը Հայաստանի սի՞րտն է։ Հա՛, Ամուլսարը Հայաստանի սիրտն է, և մենք թույլ չենք տա, որ այս սիրտը իրենք վնասեն, այս սիրտը բաբախելու է և այս ջրերը մաքուր են հոսելու»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31