Մինչ Ամուլսարի պահպանները պայքարում են հանքի շահագործման դեմ, եւ վերջին օրերին դեպի հանք տանող ճանապարհին իրավիճակը լարվել է, հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերության նախկին աշխատակիցները ոստիկանության դեմ հայցապահանջով դատարան են դիմել: Այսօր առաջին դատական նիստն էր:
Նիստին ներկա էին նաեւ ոստիկանության ներկայացուցիչները՝ իրավաբանական վարչության աշխատակիցները:
«Լիդիան Արմենիա»-ի մի խումբ նախկին աշխատակիցների հայցապահանջի առարկան ոստիկանության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին է:
Aravot.am-ի հետ զրույցում «Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակիցների շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արմեն Մելքումյանն ասաց, որ այսօրվա դատական նիստում անհրաժեշտություն եղավ եւս մի քանի փաստաթղթեր ներկայացնել եւ հստակեցնել պահանջը, նույնը՝ պատասխանողի կողմի նկատմամբ եղավ, սակայն նրանք առարկեցին: Փաստաբանն ասաց, որ ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց պատասխանում նշել են՝ վերջիններս՝ հանքի ճանապարհը փակող քաղաքացիներն օգտվում են ազատ հավաքներ անցկացնելու իրավունքից:
Կարդացեք նաև
Ոստիկանության առարկությունը փաստաբան Արմեն Մելքումյանի համար տարակուսելի է. «Ինչպե՞ս կարելի է վկայակոչել նման իրավական ակտեր, քանի դեռ պետությունը գտնվում է արտակարգ դրության ռեժիմում: Քանի օր է՝ հետեւում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ սոցիալական հեռավորությունը չի պահպանվում, հավաքներ են անցկացվում, բայց ոստիկանությունը վերջիններին չի ցրում: Մեզ համար ակնհայտ է, որ օրենքը բոլորի համար չէ, խոսքը վերաբերում է արտակարգ դրության ժամանակ հավաքներ անցկացնելու սահմանափակումներին: Ակնհայտ է, որ այդ տարածքում՝ Ամուլսար տանող ճանապարհները փակող անձանց նկատմամբ ոստիկանությունը խտրական է վերաբերվում, քանի դեռ վերջիններս չեն հետապնդվում եւ ցույցերը կամ հավաքները չեն ցրվում: Օրինակ, երբ ԿԲ-ի մոտ արտակարգ դրության պայմաններում ցույց էր, ոստիկանությունը ցրեց այն»:
Պարոն Մելքումյանն ասաց, որ ընկերության նախկին աշխատակիցները մի քանի խմբով են հայցով դիմել դատարան. 36 քաղաքացու հայցի գործով նիստն այսօր էր, կա 85 քաղաքացու հայց, կրկին վարչական դատարան, սակայն սա տարբեր պատճառաբանությամբ վարույթ չի ընդունվել.«Նույն վարչական դատարանն է, նույնաբովանդակ պահանջ, բայց մի դատավորն ընդունում է վարույթ մյուսը՝ մերժում: Մենք բողոքարկել ենք վերաքննիչ վարչական դատարան, գործն ընդունվել է վարույթ: Սպասում ենք դատարանի որոշմանը: Բացի այս, մենք ունենք եւս մի քանի տասնյակ աշխատակիցներ, որոնք սպասում են, որ իրենց ներգրավենք գործընթացում, նախագծում ենք նույնաբովանդակ պահանջ, որպեսզի նրանց շահերը ներկայացնենք դատարանում»:
Հանքարդյունաբերական այս ընկերության նախկին աշխատակիցներն, ըստ էության, որ ոստիկանությունը ճանապարհը բացի եւ իրենք գնան աշխատանքի: Փաստաբանն ասաց՝ եթե դատարանը որոշի ոստիկանության անգործությունը ոչ իրավաչափ է, ապա դրանից բխելու է փոխհատուցման պահանջներ.« Մարդկանց աշխատելու իրավունքն է խախտվել: Ասենք՝ բարձրակարգ մասնագետ է, ունի աշխատանքային պայմանագիր՝ անորոշ ժամկետով, բարձր աշխատավարձ է ստացել, նա աշխատելու էր հանքի շահագործման ողջ ընթացքում: Հիմա նրան գործից հանել են, պատճառաբանելով՝ ընկերությունը չի աշխատում, որովհետեւ չի կարողանում տարածք մտնել, դիմելու են դատարան՝ պետության դեմ եւ այլն, օտարման՝ պետության դեմ: Հաշվարկվելու է՝ որոշակի տարիների ընթացքում որքան գումար էր ստանալու՝ աշխատելու պարագայում, եւ պետությունից փոխհատուցման պահանջ ենք ներկայացնելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ