Քիչ առաջ բնապահպան ցուցարարները ավտոերթով ժամանեցին Ամուլսարի երկրորդ պահակակետ։ «Ամուլսարը սար է», «Մեր պայքարն արդար է», «Մենք ենք տերը մեր սարի» վանկարկում են ցուցարարները։ Նրանք պահանջում են Ամուլսարի հանքը չշահագործել։
«Մենք համառ ենք, և մենք վստահ ենք, որ ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը ուշ, թե շուտ կպատասխանի և այնպես չէ, որ չեն պատասխանի, վստահ ենք, որ կպատասխանեն։ Եթե այս խաղաղ ցույցերին այլ տարբերակ չի ունեցել ռեժիմը և պատասխանել է, ժողովրդից ծոցից դուրս եկած կառավարությունը անպայման կպատասխանի»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։
Նա նշեց, որ ցուցարարների պահանջները նույնն են․ «Այս պահին երկու (պահանջները խմբ), որոնք արագ պետք է կարգավորեին, դրանք դեռ կատարված չեն։ Այսօր օրակարգում հիմնական հարցերը դրանք են, իսկ մնացածի մասով՝ ասել ենք, որ մենք ազատ, անկախ երկրի քաղաքացիներ ենք, ազատ ենք մեր կամքով և իրավունք ունենք ցանկացած վայրում, որտեղ չի արգելվում, կազմակերպել ցույցեր։ Դա մի օր կարող է լինել այստեղ, մի օր լինի միջպետական ճանապարհին, մի օր լինի Երևանում։ Այսինքն՝ այն ամենի օրինակով ոնց որ եղավ հեղափոխությունը»։
Նկատառմանը, թե «Լիդիան Արմենիա»-ից հայտարարում են, թե հենց վաղն էլ կարող են շարունակել աշխատանքները, նա պատասխանեց՝ եթե կարող են, թո՛ղ շարունակեն․ «Իրավիճակին համապատասխան ժողովուրդը կանի իր քայլը։ Մենք միշտ սադրանքների, բախումների չենք գնացել, դա կարող եք տեսնել որպես ապացույց մեր 2.5 տարվա պայքարում, որ հնարավորինս ժողովուրդը եղել է հանդուրժող, բայց ինչ վերաբերում է նրան, որ հայտարարում են, որ գալու են աշխատեն, եթե կարողանում եմ, թո՛ղ գան աշխատեն։ Սա սպառնալիք չի, եթե հնարավորություն ունեն աշխատելու, թո՛ղ գան աշխատեն»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ