Օգոստոսի 5-ին Լիխտենշտայնի հայտնի օրաթերթերից մեկում՝ «Volksblatt»-ում, լույս է տեսել Լիխտենշտայնի Իշխանապետությում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Բեռլին) Աշոտ Սմբատյանի լայնածավալ հարցազրույցը:
Հարց. Ինչո՞ւ Հայաստանը որոշեց 2018թ. Լիխտենշտայնում դեսպան հավատարմագրել:
Աշոտ Սմբատյան. Լիխտենշտայնի Իշխանապետությունն ուղեկցում է Հայաստանի Հանրապետությանը դեպի Եվրոպա վերջինիս որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: …Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 2008թ.-ին: 2018թ. որոշում կայացվեց Գերմանիայում ՀՀ դեսպանին հավատարմագրել նաև Լիխտենշտայնում:
Հարց. Ինչպե՞ս են փոխկապակցված Հայաստանը և Լիխտենշտայնը տնտեսական առումով:
Աշոտ Սմբատյան. Երկու երկրներն էլ տարածքով փոքր են և սահմանափակ բնական ռեսուրսներ ունեն, սակայն երկուսն էլ հպարտ են, օրինակ, իրենց ՏՏ ոլորտով: Եվ հենց այստեղ եմ տեսնում մեր համագործակցության մեկնակետը: Աշնանը Բեռլինում կբացվի ԹՈՒՄՈ կենտրոնը, որը կարող է հետաքրքրություն ներկայացնել նաև Լիխտենշտայնի համար: Բացի այդ, Լիխտենշտայնը ճանաչելի է դեղագործության ոլորտում: Այս շրջանակներում քայլ առ քայլ կկառուցվի փոխշահավետ համագործակցություն: …
Կարդացեք նաև
Հարց. Հուլիսի կեսերից հայ-ադրբեջանական սահմանին սկսվեցին հրաձգություններ և կրկին բռնկվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև շուրջ 30 տարի տևող հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ինչո՞ւ է այդ շրջանը շարունակում երկու երկրների միջև նմանատիպ վեճի առարկա մնալ:
Աշոտ Սմբատյան. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտությունը վերսկսվեց Խորհրդային միության փլուզմանը զուգահեռ: 1921թ. Հիմնականում հայաբնակ այդ շրջանը Ստալինի կողմից ամրակցվել էր Ադրբեջանին: «Պերեստրոյկային» և ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ինչպես և մյուս բոլոր խորհրդային հանրապետությունները, հռչակեցին իրենց անկախությունը՝ հիմնվելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա, ինչը, սակայն, Ադրբեջանը փորձեց կանխել ռազմական ուժով: Պատերազմական գործողությունները դադարեցին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև 1994թ. զինադադարի մասին համաձայնագրով, որին ավելի ուշ միացավ Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր:
Այսօր արդեն շուրջ երեք տասնամյակ շարունակվող հակամարտությունը բացասական ազդեցություն ունի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև ամբողջ տարածաշրջանի քաղաքական և տնտեսական զարգացման վրա: Վստահ եմ, որ այս իրավիճակը ցավալի է բոլոր կողմերի համար: Նոր պատերազմն անդրտարածաշրջանային աղետալի հետևանքներ կունենա: Հակամարտության խաղաղ և քաղաքական ճանապարհով հանգուցալուծմանն այլընտրանք չկա:
Հարց. Ինչպե՞ս է ստացվում, որ հակամարտությունը թեժանում է համաշխարհային առողջապահական ճգնաժամի օրերին, հատկապես, երբ առնվազն 2016թ.-ից իրավիճակը հիմնականում հանգիստ էր և 2018թ. Հայաստանում իշխանափոխությունը նոր մեկնարկի համար հույսեր էր առաջացրել:
Աշոտ Սմբատյան. 2018թ. թավշյա հեղափոխությունը Հայաստանում հանգեցրեց խաղաղ իշխանափոխության: ՀՀ կառավարությունը նպատակ դրեց շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները և լավագույնս կառուցելու իրավական պետություն: Այս բարեփոխումների գործընթացները բարձր են գնահատվել միջազգային առաջատար կառույցների ու կազմակերպությունների կողմից:
Հակառակ դրան, ավելի քան 25 տարի է Ադրբեջանում իշխում է Ալիևների ընտանիքը: Հեղինակավոր միջազգային կազմակերպությունները, ինչպես, օրինակ, ԵԱՀԿ-ն և ԵԽԽՎ-ն, մտահոգություն են հայտնում այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի առնչությամբ: Նախորդ ամիսների ընթացքում Ադրբեջանում նկատելի էին ներքաղաքական դաշտի ձևափոխումներ և լարվածություն: Կորոնավիրուսի համավարակը խիստ բացասաբար ազդեցություն ունեցավ հումքի առևտրից մեծ կախում ունեցող ադրբեջանական տնտեսության վրա: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն օգտագործում է Ղարաբաղյան հակամարտությունը՝ այն թեժացնելով փորձելով հասնել երկրի քաղաքական էլիտայի և ներքաղաքական համախմբմանը:
Հարց. Տարբեր կարծիքներ կան առ այն, թե ինչպես իրավիճակը լարվեց հուլիսի կեսերից: Նշվում է, որ ադրբեջանական ուժերին պատկանող մեքենան հատել էր սահմանը, որից հետո կրակ էր բացվել դրա ուղղությամբ: Ոմանք նշում են, որ հավանաբար սահմանը պատահաբար էր հատվել, քանի որ խոսքը միայն մեկ մեքենայի մասին է:
Աշոտ Սմբատյան. Հուլիսի 12-ին ադրբեջանական զինուժը փորձել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Տավուշի շրջանի հայկական դիրքեր վերցնել իր վերահսկողության տակ: Փոխհրաձգության արդյունքում թիրախավորվել էին նաև Հայաստանի քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ օրինակ, մեկ մանկապարտեզ: … Հատկապես անհանգստացնող է, իմ կարծիքով, հակամարտության արտահանումը երկրների պետական սահմաններից դուրս: Այսպիսով, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր սաստկանում են հայկական համայնքի ներկայացուցչների դեմ թշնամանքը և բռնությունների, ինչպես նաև գույքի վնասման դեպքերը: Բեռլինում մեր դեսպանությունը ևս հարձակման թիրախ դարձավ. դեսպանության ծառայողական մեքենան անհայտ անձանց կողմից հրկիզվեց:
Հարց. Բայց մյուս ուղղությամբ էլ են հարձակումներ լինում՝ ադրբեջանական համայնքի անդամների վրա: Հակամարտությունում դիրքորոշումները սև ու սպիտակ չեն:
Աշոտ Սմբատյան. Նախորդ շաբաթ ես կոչով դիմեցի Գերմանիայի հայկական համայնքին՝ հորդորելով հեռու մնալ այնպիսի նախաձեռնություններից և ցույցերից, որոնք արտոնված չեն դաշնային և երկրամասային պատասխանատու գերատեսչությունների կողմից: Այլապես դա կարող էր հանգեցնել առկա լարվածության սրմանը:
Հարց. Միջազգային հանրությունը կոչ է արել գնալու դեէսկալացիայի և վերադառնալու բանակցային սեղանի շուրջ: Հնարավո՞ր է արդյոք դա ներկա առողջապահական ճգնաժամի պայմաններում: Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս ուղղությամբ:
Աշոտ Սմբատյան. Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ հակամարտության հանգուցալուծմանը խաղաղ ճանապարհով, որին մեզ համար այլընտրանք չկա: Միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների առաջարկներն ընդգրկում են շփման գծի երկայնքով հետաքննության մեխանիզմի ստեղծում, դիպուկահարների հետքաշում, որոնք դրական կանդրադառնան վստահության մթնոլորտի ձևավորման հարցում: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղ ընդունել են համանախագահների առաջարկները: Դրանք սակայն մերժում է Ադրբեջանը: Վերջերս նախագահ Ալիևը հայտարարեց, որ իր համար անօգուտ է երկխոսությունը Մինսկի ձևաչափում: Նա նաև նշել է, թե Հայաստանի Հանրապետությունը «հնագույն ադրբեջանական տարածք է»: Այս ամենը լրացուցիչ բարդություններ է ստեղծում բանակցություններում:
Իսկ բանակցություններում հաջողության համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորումը: Թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը գիտակցում են, որ միայն փոխզիջումային լուծումը կարող է տևական լինել: Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ: Պետք է խոսել ոչ թե Լեռնային Ղարաբաղի «մասին», այլ նրա «հետ»: …
Հարց. Թուրքիան Ռուսաստանի հետ միասին արտգործնախարարների հանդիպումից հետո կոչ արեց իրավիճակի դեէսկալացիայի:
Աշոտ Սմբատյան. Ֆորմալ առումով՝ այո: Սակայն Թուրքիայի և Ադրբեջանի ներկայիս համատեղ զորավարժությունները ճիշտ հակառակն են վկայում: Միաժամանակ, Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ իրենք բոլոր ռազմական միջոցներով կաջակցեն Ադրբեջանին, իսկ վերջինիս ՊՆ խոսնակը բացահայտորեն սպառնացել է ռմբակոծել Հայկական ԱԷԿ-ը:
Հարց. Բայց միայն, եթե Հայաստանը կրակ բացի ադրբեջանական Մինգեչաուրի ջրամբարի կամ այլ ռազմավարական կետերի վրա:
Աշոտ Սմբատյան. Եկեք հստակ փաստերն ամրագրենք: Նախ, հայկական կողմի որևէ պետական քաղաքական գործիչ չի հայտարարել կամ սպառնացել թիրախավորել Մինգեչաուրի ջրամբարը կամ այլ ռազմավարական կետ: Երկրորդ, հակառակ դրան, փաստացի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հստակ նշեց, որ իր զենքերը «պատրաստ են հարվածելու Մեծամորի ատոմակայանի ուղղությամբ, ինչը Հայաստանի համար աղետալի հետևանքներ կունենա»:
Ատոմակայանը քաղաքացիական օբյեկտ է, որի թիրախավորումը 1949թ. և 1977թ. Ժնևյան կոնվենցիաների լրացուցիչ I արձանագրությամբ անթույլատրելի է: …
Հարց. Հայաստանն ու Թուրքիան երկար և բարդ պատմություն ունեն՝ կապված Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետ: Շվեյցարիան, Ավստրիան և Գերմանիան արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին, ինչպիսի՞ն է այս առնչությամբ Լիխտենշտայնի դիրքորոշումը:
Աշոտ Սմբատյան. … Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը երկար և բարդ ճանապարհ էր: 100 տարի անց միայն այն ճանաչեցին նաև Գերմանիան և Ավստրիան, որոնք ժամանակին Օսմանյան Կայսրության դաշնակիցներն էին: Վստահ եմ, որ մի օր նաև Լիխտենշտայնի Իշխանապետության Լանդթագը կճանաչի այն: Այդ նպատակով բոլորս միասին պետք է աշխատենք՝ քաղաքական, հասարակական գործիչները, խորհրդարանականները և մամուլը՝ հիմք ընդունելով այն, որ միևնույն է ճշմարտությունը միակն է, կատարվածը մերժելով ոչնչի հասնել հնարավոր չէ, անհրաժեշտ է առերեսվել անցյալին և պատմությանը, պատմությունից դասեր քաղել՝ ապագայում մարդկության դեմ նմանօրինակ հանցագործությունները կանխելու նպատակով:
Իր հարցազրույցը դեսպանն ավարտել է հետևյալ նախադասությամբ. «Միջազգային հարթակում Հայաստանը հայտնի է վստահելի գործընկերոջ համբավով»: