Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերադասավորման անհրաժեշտ ուղիները

Օգոստոս 06,2020 20:00

Հայկական սփյուռքում սառը պատերազմի ժամանակ մեծ ուժերի մրցակցության ֆոնին տարածված աջ ու ձախ ծայրահեղական հոսանքներ՝ կոմունիստական և նացիոնալ-սոցիալիստական հնացած ու պատմության աղբանոցը նետված կուսակցությունների ու չակերտի մեջ ասված «կաղապարների» ժամանակաշրջանը վաղուց է անցել: Սակայն ցավոք սփյուռքի որոշ հատվածների գործիչները դեռ տառապում են այդ նախնադարյան հոսանքների մրցակցության մարմաջով և իրար դեմ պայքարելու ցինիզմով։
Սփյուռքի ավանդական կուսակցությունները և, մասնավորապես Դաշնակցությունն Մերձավոր Արևելքի որոշ երկրներում պետականորեն չեն գրանցվել որպես իրավական կուսակցություններ և համայնքային առումով նույնիսկ չունեն օրինական կուսակցության լեգիտիմություն։

Սփյուռքում աշխատող ինքնակոչ որոշ խմբակցությունների համբերելը և հանդուրժելն բնականաբար խախտում է տվյալ երկրում բնակվող հայ համայնքի քաղաքացիական իրավունքների և բարոյական հիմունքների ընդունված չափորոշիչները։ Հետևաբար, օրավուր փոփոխվող աշխարհում աշխարհասփյուռ հայության առողջ ու հայրենասեր համայնքները պարտավոր չեն համբերել ու հանդուրժել այդ իրավական և բարոյական ճանաչումից զուրկ խմբակցության, քանի որ աշխարհը վաղուց է փոխվել և հասարակական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական, կրթական և մշակութային կարիքներն ու պահանջները վերջին 50 տարվա ընթացքում հիմնական փոփոխության են ենթարկվել և մեծ զարգացումներ են արձանագրել տարբեր ոլորտներում։ Մինչդեռ Սփյուռքի հայկական որոշ համայնքներում կարծեք թե որոշ «կուսակցականամետ» և խմբակցային շահերը պաշտպանող կարծրատիպային «պարտադրված» գործիչների համար ժամանակը սառել է և նրանք դեռ ապրում ու գործում են 1800-ական թվականների վերջին տասնամյակի պայմաներին հարիր գործելաեղանակով ու այն օրերի հասարակական ու քաղաքական մթնոլորտում:

Ինչպես հայտնի է, Մերձավոր Արևելքի տարածաշրջանի որոշ երկրներում հայկական համայնքների 98 տոկոս ժողովուրդը փաստորեն և միանգամայն չեն համակրում ավանդական կուսակցությունների և հայկական խմբակցությունների գործելաոճին ու հետապնդած անիրատեսական նպատակներին, սակայն ցավոք հայ համայնքի 98 տոկոս նյութական և բարոյական հարստությունն ու ռեսուրսները պատանդ է դարձել նման խմբակցությունների ձեռքում, որոնք ծախսվում են աննպատակ ու անհեռատես ճանապարհներում, առանց օգուտ բերելու նույնիսկ տեղի հայ համայնքի իսկական կարիքները հոգալու կամ Հայաստանի տնտեսական, սոցիալական և բարեգործական հիմքերն ամրացնելու նպատակներին:

Ցավոք, նրանց խմբիշխանությունը թույլ չի տալիս իրենց օղակից դուրս գտնվող կամ կախվածություն չունեցող հայ համայնքի անկախ ազգային գործիչները և գործարարներ կարողանան ուղղակի մասնակցել համայնքային աշխատանքներին, կամ ներդրում կատարել Հայաստանի տնտեսական և արդյունաբերական համատեղ նախագծերում:
Մերձավոր Արևելքի և մասամբ Եվրոպայի որոշ երկրներում հայկական համայնքներն այժմ կանգնած են խիստ կարևոր և անկյունադարձային ժամանակահատվածի և ընտրության առջև, և դա բխում է համայնքային շահերից և հակահայկական ու Հայաստանի հետ միասնության պահպանման և փոխգործակցության միտումների զարգացման պահանջներից:

Աշխարհասփյուռ հայ համայնքների կրթական, սոցիալական, կրոնական և մշակութային հնաոճ ու անգործունյա կառույցները, կարծրատիպային գործիչների մենաշնորհի և միահեծան գործունեության հետևանքով այլևս չունեն պահանջված դինամիկան առաջ անցնելու և ժամանակին համահունչ զարգանալու կարողությունը և հեռանկարը, որը չափազանց կարևոր է հայկական սփուռքի գոյատևման համար, որպես խթանիչ ուժ մեր հայրենիք՝ Հայաստանի պետականության հզորացման կարևորագույն բաղադրիչ ուժ: Ներկա պայմաններում սփյուռքահայության որոշ համայնքներ, ի դեմս ավանդական որոշ կուսակցությունների հետադիմական ընթացքի և վարած անիրատեսական սխալ քաղաքականության արդյունքում, արդեն հյուծվում, հնանում, ծերանում և կորցնում են իրենց կենսունակությունը: 18-19 դարի հեղափոխական ռոմանտիզմի երազանքներով ու մեր դարի ժամանակին չհամապատասխանող գաղափարներով տարված համահամայնքային որոշ գործիչներ երևակայական հեքիաթներով ու արկածախնդրական ոչ այնքան համարձակ քայլերով խոչընդոտում են հայության նոր սերնդի զարգացման ուղին: Երազանքներով տարված ու հետադիմական գաղափարներով սնված խմբակցության անհեռատես գործիչները չեն տեսնում ապագան և միայն կառչած են մնացել սահմանափակ թվով կարդացած կամ մեծերից լսած պատանեկան երևակայությունը սրող պատմությունների գործելաոճից ու հեքիաթային անարդյունավետ և հաճախ վտանգահարույց արկածներով են առաջնորդում հայ համայնքը:
Այսօրվա աշխարհի պայմանները և ժամանակները փոխվել են և հայության և առհասարակ ժողովրդի պահանջները տարբեր ոլորտներում, ինչպես քաղաքական և հասարակական, այնպես էլ սոցիալական, կրթական և մշակութային և հոգևոր ոլորտներում ենթակա են աշխարհի և մեր հայրենք Հայաստանի քաղաքական, սոցիալական իրավիճակի փոփոխության: Ժամանակն է՝ քայլ պահել օրվա հասարակական, քաղաքական և տնտեսական պահանջների հետ և բավարարել սփյուռքահայության իրական կարիքները կրթական, սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում:

2018 թվականից ի վեր Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդական խաղաղ թավշյա հեղափոխություն և ժողովրդի ջախջախիչ մեծամասնության կամքով ու կայացած ազատ ընտրությունների ժողովրդի ձայնով ընտրվել է նոր վարչակազմ, որն ուղղված է մեր ժողովրդի հասարակական և քաղաքական և տնտեսական կյանքում լուրջ բարեփոխումներ առաջացնել և դա բացառիկ առիթ է հայրենակարոտ և Հայաստանից լուրջ ակնկալիքներ ունեցող սփյուռքահայության համար, որպեսզի մնալով այս համահայկական առաջադիմական հոսանքի կողքին, փորձել հիմքեր ստեղծել Հայաստանի հետ համագործակցություններն ընդլայնելու և առողջ մթնոլորտում միմյանց զարգացման, առաջադիմության և, անկասկած, հայ ժողովրդի անվտանգությունը և միասնությունը պահպանելու համար քայլեր ձեռնարկել:

Ինչ վերաբերվում է օրինական և իրավական կուսակցություններին կամ սոցիալական խմբերի գործունեությանը, այսինքն՝ ըստ էության հայկական սփյուռքի համայնքների կողմից ընդունված նոր ուժերը, որոնք չեն պատկանում աջ կամ ձախ ծայրահեղական քաղաքական հնացած հոսանքներին, և անկախ ու ազատ են պահպանողական որոշ շրջանակների ազդեցությունից, այնուամենայնիվ կկարողանան, օրինակ վերցնելով Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներից և ձևավորվող առողջ հայրենասիրությամբ ու պետականամետ և ժողովրդավարական հակումներով ու գաղափարներով արդիական կուսակցությունների գործելաձևը, երրորդ անկախ ուժ ձևավորել համայնքներում և ցանկացած պետության և տեղի համայնքի ժողովրդի կողմից ճանաչում ստանալով, օրենքների սահմաններում աշխատել ըստ նոր պայմանների և ժամանակների, հայկական սփյուռքի և մասնավորաբար համայնքների իսկական պահանջներին գոհացում տալու ուղղությամբ։

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Թեհրան, Իրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31