Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եղբայրս տեսակապով զանգեց, աչքերը լցված էին, վախեցած էր»․ Գյումրիում բնակվող բեյրութահայ պրոդյուսեր

Օգոստոս 06,2020 19:44

Aravot.am-ի հետ զրույցում ութ տարի շարունակ Գյումրիում բնակվող լիբանանահայ պրոդյուսեր, «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» փոխնախագահ Վիգեն Թանաշեանն, որի ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, եղբայրները, բարեկամները բնակվում են Բեյրութում,  պատմեց, որ նրանք շատ են վախեցել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից։

«Իմ ընտանիքի անդամները հայկական թաղամասում՝ Բուրջ Համուդում չեն բնակվում, բայց այնտեղ ապրող բազմաթիվ ծանոթներ ունենք, նավահանգստի մոտ գտնվող այս թաղամասն ամբողջությամբ ավերվել է։ Ես տեղյակ չէի պայթյունից, մշտապես կապի մեջ ենք ընտանիքիս անդամների հետ, զանգում, զավակներիս հետ են խոսում։ Եղբայրս, որ տեսակապով զանգեց,  երեխան գրկումս էր, տեսա աչքերը լցված, վախեցած էր, երեխային մի կողմ տարա, հարցրեցի՝ ի՞նչ է եղել, ասաց՝ լուրերը չե՞ս լսել։ Ես էլ նոր էի տուն մտել, խաբար չէի տեղի ունեցածից, ասաց՝ տաս րոպե առաջ պայթյուն եղավ, չգիտենք ինչից է, բայց ահավոր շատ վախեցանք։ Եղբայրս խանութում է եղել, հայրս էլ սովորաբար այդ ժամերին իր խանութում է լինում՝ աշխատանքի վայրում։

Հեռախոսազանգից հետո տեղեկություններ իմացա լրատվականներից, փորձեցի անմիջապես կապ հաստատել ծնողներիս հետ, բայց տվյալ ժամանակահատվածում կապ չկար, կապերը խափանված էին։ Շատ դժվարությամբ էին զանգերն ընկնում, Փառք Աստծո, որ հայրս պայթյունից 10 րոպե առաջ էր տուն հասել, այլապես տարեց մարդը կարող էր փողոցում ինչ-որ մի վիճակում հայտնվել։ Կապվեցի ընկերներիս հետ․ այնտեղ մեծ ընկերական շրջապատ ունեմ, նրանցից մի քանիսը մնացել են անտուն, մյուսների տան ապակիներն են կոտրվել։ Եղբայրս ասաց՝ հանկարծ Բուրջ Համուդն աչքովդ չտեսնես, լաց կլինես, այդ աստիճանի վնասվել է։ Երեկ առավոտվա դրությամբ, ինչքան որ հետևեցի լրատվականներին ու իմացա՝ պետությունը նախնական գնահատական տվել է վերակառուցման համար՝ 3-5 միլիարդ դոլար սահմաններում է, բայց երեկոյան այլ աղբյուրից նորից կարդացի, երևի կառավարական բանբերից էր՝ նախատեսել է 15 միլիարդ դոլար։ Արդեն շատ երկրներ իրենց զորակցությունը հայտնել են լիբանանցիներին», -ասաց մեր զրուցակիցը։

Վիգեն Թանաշեանը խոսեց նաև Լիբանանում տիրող սոցիալ-տնտեսական վիճակից, ասաց, որ ապրելակերպն այնտեղ շատ է դժվարացել։

«Ես չեմ ուզում տարանջատել լիբանանահայերին, խոսեմ լիբանանացու ապրելակերպից, լիբանանցին տեսել է և՛ շատ լավ,  և՛ շատ վատ օրեր, բայց դրանք միշտ ամբողջությամբ հաղթահարել է։ Եղել է ժամանակ, երբ մենք երկար տարիներ չենք ունեցել հանրապետության նախագահ, որովհետև Ազգային ժողովը չի կարողացել ընտրել նախագահ, երկար ժամանակ չենք ունեցել կառավարություն։ Կառավարությունը, որ կա այսօր, չլինելու հաշիվ է, Ազգային ժողովի ընտրություններից առաջ թեկնածուները հավաքների ժամանակ ու նաև դուռ առ դուռ ծեծելով,  խոստումներ տվեցին՝ սա ենք անելու, նա ենք անելու, բայց երբ աթոռին են նստում, 48 ժամ հետո հիշեցնես, կասեն՝ մենք նման բան չենք ասել։ Այնտեղ փող աշխատելու տեղ է, մարդիկ, գնում, պատգամավոր են դառնում, որ փող աշխատեն, իրենց չի հետաքրքրում՝ ժողովուրդն ինչ վիճակում է։

Մենք ավելի մեծ գնաճ ենք տեսել, ավելի վատ սոցիալ-տնտեսական վիճակ։ Ես՝ որպես Բեյրութում ծնված ու մեծացած, կարող եմ ասել՝ լիբանանցին միշտ կարողացել է հաղթահարել դժվարությունները։ Բայց հիմա քաղաքացին հայտնվել է այն վիճակում, որ ուզում են երկրից դուրս գան, ինչո՞ւ, որովհետև հավատացին քաղաքական գործիչներին, հավատացին նրանց ստերին։ Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, նույնիսկ այս պայթյունը, որ եղավ, համացանցում արաբերեն լեզվով հրապարակվեց տեղեկանքը․ 2014 թվականից այդ նյութն առգրավված է նավի վրայից և տեղադրված է պահեստանոցում, դիմել են, որ սրա հարցը լուծեն, մինչև այսօր իշխանությունները քնած են։ Նրանք բոլորը՝ նախագահ, վարչապետ, Ազգային ժողովի նախագահ ու պատգամավորներ, ուժային կառույցների ղեկավարներ պիտի տուն գնան ու երիտասարդ կադրեր գան, այլևս նրանց չենք ուզում, որովհետև պաշտոնավարելը ժառանգական է դարձել, ես չկամ, կա իմ զավակը, գերդաստանով են պաշտոնավորում այդ երկրի իշխանությունները։

Վարչապետը իմ համար նկար է, սովորական պատկեր, ոչ մի բան չի անում, մի գործ ցույց տա, որ արել է, ես ներողություն խնդրեմ, բայց ոչ մի բան չկա արված։ Մարդիկ ուզում են երիտասարդ ուժ, կորոնավիրուսից առաջ, և նույնիսկ կորոնավիրուսից կարճ ժամանակ հետո մարդիկ փողոցներում էին՝ բողոքով։

Նույնիսկ իշխանությունները հստակ չգիտեն՝ պայթյունն ինչի՞ց է․ առաջին լուրը, որ հայտարարվեց պետական մակարդակով, ասացին՝ կարող է պայթուցիկ նյութ լինի, երկրորդ անգամ ենթադրեցին, որ հրավառության հետևանքով է, հետո նոր հասան ամոնիումի նիտրատին, այսինքն՝ կառավարությունը ինքը չի  հասկանում՝ ինչից է պայթյունը։ Ես հասկանում եմ, որ սաուրան՝ այսինքն հեղափոխությունը կշարունակվի, հասել ենք անդունդի եզրին», -ասաց Վիգեն Թանաշեանը։

Նա նաև ասաց, որ լիբանանահայ համայնքը շատ միասնական է, հայկական թաղամասի՝ Բուրջ Համուդի պայթունից տուժելուց հետո ծանոթ-անծանոթ վազել, օգնել են այդ թաղամասի բնակիչներին, որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գան։

«Հայը ոչ միայն հային է օգնում, այլ արաբ քրիստոնյային ու արաբ մուսուլմանին, երբ որ կարիքը զգացել են։ Հայերը կարևոր դերակատարություն ունեն այնտեղ, բայց այսօր, ցավոք, հայկական շրջապատում ևս կա անգործության խնդիր, աշխատանք գտնելու կամ նորմալ աշխատավարձ ստանալու խնդիր։ Հայերը տարբեր ոլորտներում են՝ քաղաքականության մեջ, ունենք պատգամավորներ, նախարարներ, գործարարներ, արհեստավորներ, ոսկերիչներ, միշտ հաջող աշխատանքն են ունեցել, բայց վերջին տասնամյակում գործերը հաջող չեն»։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ նրա ընտանիքի անդամները երբևէ մտածե՞լ են հայրենիք վերադառնալու մասին։ Նա ասաց, որ այս մասին սկսել են մտածել դեռ 2-3 տարի առաջ, երբ վիճակը Լիբանանում սկսել է ավելի վատանալ։

«Ինչպես մնացած հայերը, այնպես էլ իմ ընտանիքի անդամներն այսօր շատ մեծ ձգտում ունեն վերադառնալու հայրենիք»-,ասաց Վիգեն Թանաշեանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Վիգեն Թանաշեանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31