Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակին ուսուցիչները ստիպված պատերի հետեւում են բամբասել ու բողոքել, իսկ այսօր հարցը դրված է քննարկման, բայց էլի բողոքում են ու բամբասում». պատգամավոր

Օգոստոս 06,2020 19:11

«Առաջին անգամ է, որ չափորոշիչները դրված են լայն քննարկման եւ պատրաստակամություն կա լսելու ուսուցիչներին, մասնագետներին»,- Dasaran.am կրթական հարթակի «Կրթությունը ներսից» նախագծի շրջանակում «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության փորձագետ Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հանրակրթության պետական առարկայական չափորոշիչներին: Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագիծը, որի վերաբերյալ թիրախային խմբերի հետ պարբերաբար անցկացվում են առցանց հանդիպումներ:

Սոֆյա Հովսեփյանը շեշտեց, որ առաջարկներ ներկայացնելու հնարավորություն կա. «Նախարարությունը ստեղծել է միջավայր, որ առաջարկները տեղ հասնեն: Շատ ուսուցիչների գիտեմ, որոնք առաջարկներ են ներկայացրել: Վեց հազար առաջարկ է արդեն արվել: Դրանք խմբագրվել են, զտվել, եւ հիմա փորձում են տրամաբանության մեջ տեղավորել ընդհանուր չափորոշչում: Դա պետք է կատարվի նաեւ առարկայական չափորոշիչների դեպքում:

Վերջիններս լայն  քննարկման առարկա են հիմա: Ժամանակին ուսուցչի կարծիքն անգամ դպրոցում չեն լսել, եւ ուսուցիչները ստիպված պատերի հետեւում բամբասել են ու բողոքել, կներեք իհարկե…իսկ այսօր հարցը դրված է քննարկման, բայց ուսուցիչները բողոքում ու բամբասում են այն դեպքում, երբ առաջարկ ներկայացնելու հասցեն կա: Հնարավոր է առաջարկը կազմել եւ ուղարկել նախարարությանը: Որոշ ուսուցիչների հետ խոսել եմ, եւ շատերն ասում են՝ ես ոչ մի բան չեմ ասելու, թող ինձ հրավիրեին…նման բան հնարավոր չէ»:

Սոֆյա Հովսեփյանի բնորոշմամբ՝ շատերն են բողոքում, մինչդեռ առաջարկ ներկայացնելու ուղղությամբ չեն աշխատում. «Կոչ եմ անում ոչ թե հուզական, այլ գիտական հարցեր առաջ քաշելով՝ առաջարկներ ներկայացնել նախարարությանը: Այսօր պատրաստ են ուսուցչին լսել, բայց առաջարկի փոխարեն ավելի շատ դժգոհություն են լսում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31