Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը համաձայն չէ հանրության շրջանում տարածված կարծիքի հետ, թե մանկավարժական համալսարան ընդունվելը հեշտ է, եւ որ մանկավարժականում հայտնվում են այլ բուհեր չընդունված եւ ցածր միավորներ ստացած դիմորդները: «Բանասիրական ֆակուլտետի համար, օրինակ, այս տարի մրցույթը բարձր է եղել. 70 տեղի համար դիմել է 100 դիմորդ»,-Dasaran.am կրթական հարթակի «Կրթությունը ներսից» նախագծի շրջանակում «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր ասաց Մհեր Մելիք-Բախշյանը: Նա միաժամանակ արձանագրեց՝ ցավոք, ֆիզիկան եւ քիմիան դիմորդներին գրեթե չեն հետաքրքրում, ի տարբերություն հայոց լեզվի:
ՀՊՄՀ պրոռեկտորը շեշտեց, որ հանրությունը պետք է կարեւորի ուսուցչի դերը, բայց ուսուցչի աշխատանքը միանգամից չի երեւում, այլ՝ տասնամյակներ անց, մյուս կողմից՝ ուսուցիչն ինքը պետք է աշխատի իր կերպարի եւ մասնագիտության վրա. «Նախորդ տարի մի աղջիկ ուսանող ասաց՝ ինձ ուղարկեք սահմանամերձ գյուղ՝ պրակտիկայի: Ասացինք, որ սահմանամերձ գյուղում վտանգավոր է, որ կրակոցներ են լինում, բայց նա պնդեց, որ պետք է գնա: Խոսեցինք գյուղապետի հետ, պայմանավորվեցինք, եւ աղջիկը գնաց: Այս օրինակով ուզում եմ ասել, որ ունենք երեխաներ, որոնք իսկապես ուսուցիչներ են եւ լավագույն մասնագետներն են դառնալու: Նման երեխաների մատների վրա կարող ենք հաշվել»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ քննարկման ժամանակ արձագանքեց Մելիք-Բախշյանի վերոնշյալ դիտարկմանը. «Այո, մանկավարժական համալսարանը ջանքեր է գործադրում, բայց ժամանակակից կրթությունն այլ բան է պահանջում: Ես էլ եմ այդ համալսարանի ուսանող եւ հիմա դասավանդում եմ: Բայց կան բացեր, եւ այսօրվա իրականության հետ պետք է հաշվի նստել: Այսօրվա աշակերտն այլ պահանջներ եւ մոտեցումներ ունի, որոնք կարող են բավարարվել միայն պատրաստված ուսուցիչների շնորհիվ»:
Սոֆյա Հովսեփյանը կարծում է, որ այդ թվում մանկավարժական համալսարանը դեռ բավարար չափով պատրաստ է լավագույն մասնագետներ տալուն. «Համավարակի պայմաններում էնտուզիազմի վրա հենված կրթություն իրականացրինք: Այո, շատ լուրջ դժվարությունների առաջ կանգնեցինք հեռավար կրութության մեջ, որովհետեւ շատ ուսուցիչներ ինֆորմատիկայի տարրական գիտելիքներին չեն տիրապետում, թեեւ որոշ դպրոցներ իրապես փառահեղ իրականացրին հեռավար կրթությունը: Բայց կան դպրոցներ, որոնք դա չկարողացան ոչ թե տեխնիկայի բացակայության, այլ տեղեկատվական գիտելիքների պակասի պատճառով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ