Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրագույն իշխանությունը որոշել է յուրայինին պահել, քննադատին նստեցնել, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, խայտառակ գործ է». Տիգրան Աթանեսյան

Օգոստոս 06,2020 17:57

Համացանցում տարածված Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջադեպի տեսագրությունը մոնտաժված է, բայց հարուցված գործի նյութերում դեպքի վայրից վերցրած տեսագրություններ կցված են: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արթուր Դանիելյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Թե ինչ է տալիս այդ տեսանյութը՝ փաստաբանն ասաց. «Տալու է այն, որ Արթուր Դանիելյանը նախահարձակ չի եղել, փողոցում՝ մարդկանց ներկայությամբ հարվածել է իրեն Ալեն Սիմոնյանը եւ շատ բնական ռեակցիա է եղել պարոն Դանիելյանի կողմից: Այդ տեսանյութը հերքում է, որ պարոն Դանիելյանի արարքում կա խուլիգանության հանցակազմ: Այդ հոդվածը հնարել են, որպեսզի կարողանան գոնե մի քանի ամսով իրենց քաղաքական քննադատին նստեցնել: Ընդամենը»:

Մեր դիտարկմանը՝ տեսանյութում երեւում է, որ ինչ-որ բան է ասում Արթուր Դանիելյանը, Ալեն Սիմոնյանը հետ է գալիս, մինչ տեսանյութի տարածումն էլ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Դանիելյանն իրեն ասել է «բ…-ի տղա», դրա համար է այդպես վարվել՝ Աթանեսյանը պատասխանեց. «Պարոն Դանիելյանն այդ բառերը չի ասել: Նա ասել է նախօրեին ԱԺ-ում պարոն Մարուքյանի հնչեցրած արտահայտությունը: Նա պարոն Մարուքյանի վրա չի հարձակվում, Դանիելյանի վրա փողոցում հարձակվում է, մենք ի՞նչ անենք»:

Հարցին՝ ՀՔԾ-ն դատահոգեբանական փորձաքննություն է նշանակել, ի սկզբանե այդ փորձաքննության նշանակումն ապօրինի՞ է եղել՝ Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Այո, քանի որ դա կարող է նշանակվել միայն մեղադրյալի նկատմամբ, քանի որ խոսքը գնում է հանցավոր արարք կատարելու պահին ինչ-որ վիճակում գտնվելու մասին: Իսկ վկան որեւէ հանցավոր արարք չի կատարում, հետեւաբար անձը պետք է լիներ մեղադրյալ, նոր նշանակվեր»:

Այն, որ ըստ փորձագիտական եզրակացության, Ալեն Սիմոնյանը հուզված է եղել, ըստ փաստաբանի, զրո արժեք ունի, որովհետեւ փորձագետը ոչ հաստատել է, ոչ հերքել է աֆեկտի առկայությունը. «Իսկ դա նշանակում է, որ աֆեկտ չկա, մնացածը պարզապես ականջներից ձգած ապօրինություն է: Եթե լինում է աֆեկտ, դատահոգեբանը հստակ նշում է՝ անձը այսինչը կատարելիս գտնվել է այսինչ տեսակի աֆեկտ վիճակում»:

Թե ի՞նչ հարց է լուծել դրանով ՀՔԾ-ն՝ գործը կարճել է: Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ ՀՔԾ-ն այստեղ կատարողի դերում է. «Բարձրագույն իշխանությունը որոշել է յուրայինին պահել, իսկ քննադատին նստեցնել: Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, խայտառակ գործ է, որը վկայում է այն մասին, որ որեւէ դրական բարեփոխում իրավապահ համակարգում չկա, իսկ ժողովրդին առնվազն այդ առումով տված խոստումները սուտ են»:

Մենք նաեւ Ալեն Սիմոնյանից պարզաբանում խնդրեցինք՝ նշանակված փորձաքննության, ինչպես նաեւ տեսանյութի հետ կապված: Նա պատասխանեց, որ չի ուզում մեկնաբանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31