Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց լեզուն և գրականությունը» դպրոցում մի տեսակ «խեղճացել» են, մի քիչ հետ են մնում սովորողի այսօրվա պահանջներից. ուզում ենք, որ դրանք լիարյուն կյանքով ապրեն, որ սովորողը չդիմի լատինատառ գրին կամ օտարալեզու խոսքին, բայց…». Թամար Ալեքսանյան

Օգոստոս 06,2020 17:33

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության ներկայացրած հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», առարկաների փորձագիտական խմբի ղեկավար, բ.գ.թ. դոցենտ Թամար Ալեքսանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հայոց լեզուն և գրականությունը դպրոցում «խեղճացել» են, սա ընդհանրապես հումանիտար առարկաներին է վերաբերում: Փորձագիտական  խումբը, առաջնորդվելով Հանրակրթության նոր չափորոշչի դրույթներով, որտեղ շեշտադրվում են կարողունակությունների զարգացումը,  մշակել է վերջնարդյունքներ, որոնցով կչափվեն աշակերտի ձեռքբերումները: Բայց  հանրությունը առավել հակված է առաջնորդվելու պաթոսով, քան գործով: Դպրոցը գործելու վայր է. որոշակի մեթոդներով աշխատելու ընթացքում սովորողը ձեռք է բերում կարողություններ, որոնք նրան պետք են գալու ողջ կյանքի ընթացքում:

Տեղեկացնենք՝ նախարարության կողմից չափորոշչի հրապարակումից հետո քննարկում է կազմակերպվել, որին մասնակցել են լեզվաբաններ, ուսուցիչներ: Մասնակիցները պատմում են, որ այդ տեսաքննարկմանը մասնագետներից մեկը մտել և մյուսներին ասել է՝ պայմանավորվել էինք, չէ՞, որ չենք մասնակցելու քննարկմանը, և դուրս եկել: Aravot.am-ը փորձեց քննարկման մասնակիցներից և Թամար Ալեքսանյանից ճշտել, թե ով է եղել այդ անձը, սակայն նրանք մեզ չասացին նրա անունը՝ պատճառաբանելով, որ այդպիսի բան անել չի կարելի, սխալ կլինի:

Հետաքրքրվեցինք՝ ո՛րն է պատճառը, որ մասնագետների շրջանում այսպիսի չհասկացվածություն կա, որտեղի՞ց է բխում, Թամար Ալեքսանյանը պատասխանեց. «Նախ պետք էր մարդկանց հստակ բացատրել՝ ինչ նպատակ ենք դրել, ինչ փոփոխություններ են արվել, հետո համադրել հինը և նորը: Բայց քանի որ այսպիսի բացատրություններ չեղան, հանրությունը սկսեց աղմկել: Իսկ մեզանում մարդիկ իրար չեն լսում:  Դպրոցում էլ սովորողները լսել չգիտեն. դրա համար էլ  վերջնարդյունքներում  հիմնական հասկացություններից մեկը հաղորդակցումն է ընտրված: Մեզանում չկան հաղորդակցվելու տարրական կանոններ՝ լսել, հասկանալ, պատասխանել հիմնավորված ձևով, հարցնել՝ ինչու, միասին վերլուծել, հանգել եզրակացության: Մենք հենց դրանից էլ սկսել ենք՝ հաղորդակցում: Ուզում ենք նաև, որ աշակերտը լսի, հասկանա և վերլուծելով իրավիճակը՝ իր պատասխանները գտնի, ոչ թե կրկնի ուրիշների մտքերը: Մեր հասարակությունը չունի այդ հատկությունը. միայն գոռում է առանց մյուսներին լսելու»:

Թամար Ալեքսանյանը հիշեցրեց՝ նախորդ չափորոշչի հեղինակներից մեկն էլ է ինքը ու նշեց, որ իրենց ընդդիմախոսները դա շատ լավ գիտեն: Այնուհետև ասաց. «Նախորդը շատ սիրուն գրել ենք ՝բարձրագոչ, գեղեցիկ, բայց գիտե՞ք՝ մեկ օր դպրոց չմտավ, քանի որ  չափելի չէր: Ուսուցիչների ձեռքին պետք է փաստաթուղթ, որ դրանով աշխատեն, որ երբ ուսումնական տարին ավարտվի, իմանան՝ աշակերտից ի՛նչ պետք է պահանջել: Իմանան՝ այդ աշակերտն արդյոք ունի՞ բանավոր, գրավոր խոսք, կարողանո՞ւմ է կարդալ, հասկանալ կարդացածը: Մի շատ տխուր փաստ բերեմ. կա միջազգային մի կազմակերպություն, որը տարբեր երկրների կրթական համակարգերում ամենատարրական ընթերցանության ստուգումներ է անցկացնում: Պետք է մի դառնագին  ճշմարտություն ասեմ: Հայաստանը բոլոր երկրների մեջ գրավում է վերջին տեղերից մեկը, քանի որ պարզվում է՝ մեր աշակերտները կարդալ չգիտեն, դպրոցն ավարտում են առանց կարդալ իմանալու: Հիմա  մենք պիտի ազնիվ լինենք և բարձրաձայնենք սա, աշխատենք սրա ուղղությամբ, թե չէ  իրական  պատկերը թողած՝ մենք փորձում ենք շրջանցել մեր առջև ծառացած խնդիրները»:

Թամար Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ովքե՞ր էին տեսաքննարկման մասնակիցները, ովքե՞ր էին մասնակցում իրենց քննադատողներից: Նա պատասխանեց. «Քննադատողներից քննարկմանը չկային: Մասնակիցների հետ ընդհանուր զրուցում էինք, խոսակցությունն ավելի շատ հայոց լեզվի և գրաբարի շուրջ էր. գրաբարը՝ դպրոց մտնելու և այլն: Մասնակիցները  մեկ-երկու առաջարկ արել են, որոնք խումբը  հաշվի է առել և ներառել է  ծրագրում:»:

Թամար Ալեքսանյանը շեշտեց՝ դպրոցը  բոլորովին ուրիշ է, բուհն՝ ուրիշ: Դպրոցում գործ ունենք աշակերտի, նրա տարիքային առանձնահատկությունների հետ. «Երեխա մեծացնելը աշխարհի ամենադժվար գործն է: Հիշեք Ձեր դեռահասությունը. դա մարդու կյանքի ամենաբարդ շրջանն է: Վերջիվերջո, մենք ուզո՞ւմ ենք, որ երեխան դպրոցում ուրախ լինի, որ դպրոցում ապրի, ընկերություն անի, հասկացված լինի, կարողություններ ձեռք բերի, որոնք նրան կյանքում պետք են գալու, վերջապես սովորի սովորել:  Ինչքա՞ն կարելի է կարմիր գրիչն առած միայն սխալներն ուղղել: Սովորողը բերանը բաց չարած՝ ընդհատում ենք, սկսում ենք սխալներն ուղղել, գրավորից՝ ուղղագրական, կետադրական սխալների ուղղում:  Վա՜յ, դու այսքան սխալ թույլ տվեցիր…չեն թողնում՝ մարդ բերանը բաց անի, խոսի վերջիվերջո, ներսում եղածն արտահայտի, ասի՝ ինքն ինչ է ուզում: Սխալվելու իրավունք չկա, հարց տալու ևս: Բայց չէ՞ որ մարդը սովորում է սխալների հիման վրա, սխալները զարգացման ճանապարհն են:

Աշակերտն էլ նախկին հլու-հնազանդը չէ. 21-րդ դարի զավակն է, պահանջատեր է, համակարգիչը և իր հեռախոսը  դարձել  են նրա կյանքի կարևոր մասը, նրա աշխարհը: Ու պարփակվում է ինքն իր աշխարհում, որը գունեղ է, հետաքրքիր է: Հիմա տեսեք՝ ինչ ջանքեր պիտի ներդնենք մենք՝ մեծերս, ծնող-մանկավարժ, որ կարողանանք երեխային, դեռահասին բերել դպրոց, նրան օգնել ապրելու և սովորելու, մեծանալու և չկորցնելու իր երազների աշխարհը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31