Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական կողմն իր ազգային անվտանգության հարցն էր լուծում». Արմեն Վարդանյանը՝ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարության մասին

Օգոստոս 06,2020 16:28

«Այո, հուլիսի վերջին Ռուսաստանի մի շարք քաղաքներում հայկական և ադրբեջանական համայնքների միջև տեղի ունեցած բախումները լուրջ լարվածություն էին ստեղծել. Վիճակն իրոք ծայրահեղ ծանր էր: Եթե ճիշտ ժամանակին ճիշտ քայլեր չկատարվեին, այդ բախումներն ամբողջ Ռուսաստանում կդառնային համատարած: Ռուսաստանում կա և հայկական, և ադրբեջանական մեծ սփյուռք, որոնք մեծ հնարավորություններ ունեն և Ռուսաստանի տարածքում կարող էին ազգամիջյան բախումներ տեղի ունենալ, որոնք երկրի համար ընդունելի, հաճելի չեն, մանավանդ, երբ նույնիսկ մայրաքաղաքում են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն՝ անդրադառնալով հուլիս ամսին Տավուշի հատվածում սահմանային սրացումներին հաջորդած հայ-ադրբեջանական բախումներին ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում, մասնավորաբար, մայրաքաղաք Մոսկվայում եւ Լոս Անջելեսում:

Երել էլ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանում իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևն է անդրադարձել Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումներին` նրանց հիշեցնելով պատասխանատվություն դրսևորելու անհրաժեշտության մասին: «Երբ այդ ամենը (Ղարաբաղյան հակամարտությունը. խմբ) արտասահմանյան խնդրից ներքին խնդրի է վերածվում, սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը: Հակառակ դեպքում նրանք, ովքեր խախտում են ռուսական օրենքները, անկախ նրանից, թե ինչ ազգային պատկանելիություն ունեն, պետք է կոշտ պատասխանատվություն կրեն ռուսական օրենքներով»,- rg.ru պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է  Մեդվեդևը՝ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության «ПолитСтартап» նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները պետք է կենտրոնանան նրա վրա, որ Ռուսաստանի ներսում այս թեման բախումների և բռնությունների առիթ չդառնա:

Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյանը բնական է համարում, որ Ռուսաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեին, որ վերացնեին այդ երևույթը: «Այնպես որ, ռուսական կողմը ոչ թե կոնֆլիկտում իր դերակատարումն էր ուզում ընդգծել այլ իր ազգային անվտանգության հարցն էր լուծում: Այլ կլիներ իրավիճակը, եթե բախումները լինեին այլ պետության տարածքում, Ռուսաստանն էլ միջնորդական առաքելությամբ ընդգծեր իր կարևորությունը, դերակատարությունը, հեղինակությունը: Բայց քանի որ բախումներն անմիջապես Մոսկվայի սրտում էին, կրկնում եմ, Ռուսաստանն ամեն ինչ պետք է աներ, որպեսզի այդ լարվածության օջախը մարեր»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ իրապե՞ս լարվածությունն այն աստիճանի էր, որ նման մակարդակով ռուսական իշխանությունը անդրադարձավ խնդրին, թե՞ այսպիսով ռուսական կողմն իր գերակայությունն է ցանկանում ընդգծել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31