Արեւիկ Բադալյանը Հայաստանում լրագրող է եղել, աշխատել Բրիտանական Խորհրդի եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակներում: Ներկայումս Արեւիկն ապրում է ԱՄՆ-ում եւ սովորում է լավագույն բուհերից մեկում` Դյուք համալսարանում (Duke University): «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել ենք նրա հետ:
Aravot.am-ը Արեւիկ Բադալյանից հետաքրքրվեց` իր կարծիքով հաջողությունների հասնելը աշխատասիրության եւ նպատակասլացությա՞ն արդյո՞ւնք է, թե՞ ժողովրդախոսակցական ձեւակերպմամբ՝ «բախտի բան»:
Արեւիկ Բադալյանը պատասխանեց, որ իրեն իսկապես նպատակասլաց է համարում, ու գտնում է, որ եթե ինչ-որ բանի հասել է՝ աշխատասիրության արդյունք է. «Եթե նպատակ ունես, պետք է ամբողջ ուժ ու եռանդդ ներդնես` դրան հասնելու համար, իհարկե այստեղ մեծ դեր է խաղում նաեւ այն, թե որքանով են հանգամանքները քո օգտին դասավորվում»:
Մեր զրուցակիցը նշում է, որ եթե մարդու կյանքում ինչ-որ փուլում ինչ-որ բան չի ստացվում, դա ժամանակավոր երեւույթ է: Օրինակ՝ ասում է, որ շարունակ երազել է սովորել ԱՄՆ-ում, դիմել է բազմաթիվ կրթաթոշակների համար, հասել է մինչեւ քննությունների փուլ, անգամ` սպասման փուլ, բայց վերջում չի ստացվել: Իսկ այժմ արդեն սովորում է լավագույն տասնյակում գտնվող համալսարանում:
Կարդացեք նաև
Արեւիկի տեղեկացմամբ, Դյուք ընդունվելիս, որտեղ ինքն այժմ մագիստրատուրայում է սովորում եւ ուսումնասիրում է Հանրային քաղաքականություն, կարեւորում են դիմորդի նշանակալից աշխատանքային փորձը եւ անցած ճանապարհը. «Հիմա մտածում եմ, որ երեւի թե ճիշտ էր, որ նախկինում դիմում էի, ու չէր ստացվում, որովհետեւ պետք է ունենայի այս փորձը, որպեսզի հաջողեի»:
Հավելում է, որ բարդ քննություններ չի հանձնել մագիստրատուրա ընդունվելիս, պարզապես ուշադրություն են դարձրել անցած ուղուն, անգլերենի մակարդակին, գրած երկու էսսեներին եւ գնահատականների հանրագումարին. «Այստեղ 4-ը համարվում է գերազանցիկ, ու հազարից մեկ է պատահում, որ մեկի գնահատականների հանրագումարն այդպիսին լինի, իմ դեպքում դա 3,98 էր»:
Խնդրեցինք զուգահեռներ տանել հայաստանյան եւ ամերիկյան բուհերի միջեւ: Արեւիկը նշեց, որ Հայաստանում սովորել է 15 տարի առաջ եւ հույս ունի, որ շատ բան բարեփոխվել է: Ինչ վերաբերվում է իր ներկայիս համալսարանին, այն պարզապես դրախտ է հիշեցնում` ամեն պայման ու հնարավորություն (լողավազանից, յոգայից մինչեւ առցանց գրադարաններ) ապահովված է, որ ուսանողը սովորի:
«Իմ փորձից ելնելով նշեմ, որ այստեղ դասերի հիմնական մասն անցնում է քննարկումների մեջ, դասախոսը մեզ նախապես տալիս է ողջ կիսամյակի նյութը: Դու ամբողջն ուսումնասիրած պետք է գնաս համալսարան…Իրենք կարծում են, որ դու կարող ես քննարկումների արդյունքում ավելին ստանալ, քան ուղղակի դասախոսին լսելով: Լսարանում տարբեր ազգերի ու մշակույթների կրող ուսանողների բազմազանությունը ավելի հետաքրքիր է դարձնում դասապրոցեսը, որովհետեւ այդպիսով հանդիպում ես կարծիքների բազմազանության: Օրվա 24 ժամից 18-ը դու կարդում եմ, շատ մեծ ուշադրություն է դարձվում, որ գրագողություն չլինի, իսկ եթե գրագողության մեջ բռնեցին որեւէ մեկին, համալսարանից հեռացնում են:
Այստեղ դասախոսներն իրենց գործի պրոֆեսիոնալներն են, բայց միեւնույն ժամանակ ակադեմիական աշխարհի մարդիկ են: Մի բան կա, սակայն, որ այդքան էլ ինձ դուր չի գալիս, օրինակ, եթե դու լինես մի անձ, որի աշխարհայացքը, արժեքներն այդքան ձեւավորված չեն, կարող ես արագ ամերիկանացվել, իրենք շատ նուրբ ուղղորդում են քեզ կոնկրետ արժեքներ»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Արեւիկ Բադալյանը նաեւ վլոգ ունի, որտեղ ամենատարբեր թեմաների վերաբերյալ իր փորձն է ներկայացնում: Ասում է, որ երբ ԱՄՆ տեղափոխվեց անձնական պատճառներով, ցանկացավ իր ունեցած տեղեկատվությամբ կիսվել այլոց հետ: Նրա խոսքերով, վլոգ վարելը ժամանակատար է, որովհետեւ փորձում է ամեն ինչ հիմնավորված եւ հետաքրքիր ներկայացնել:
Նա նաեւ զարմանում է, երբ մարդիկ ինքնաբուխ որոշում են տարբեր պատճառներով հեռանալ Հայաստանից, իրեն հարցեր են տալիս` ինչպես գան, ինչ անեն, հատկապես որ, նրա ձեւակերպմամբ, տեղափոխությունը մեծ սթրես է, ենթադրում է ռիսկեր, դժվարություններ եւ ծախսեր. «Ինչքան էլ մարդիկ կողքից ասեն, որ Ամերիկայում կյանքը լավ է, ամեն ինչ թափված է, դոլարն աճում է ծառերին, դա այդպես չէ, ու ես իմ վլոգում հենց նման բաների մասին եմ նաեւ խոսում, որ դժվար է լինելու, բայց եթե դուք վերջնականապես որոշել եք այդ քայլին դիմել, ապա սա իմ փորձն է»:
Ինչ վերաբերվում է երիտասարդներին, որոնք ցանկանում են ԱՄՆ-ում կրթություն ստանալ, Արեւիկ Բադալյանը դա հրաշալի որոշում է անվանում եւ հետաքրքիր փորձառություն, որի շնորհիվ մարդը շփվում է այլ մշակույթների հետ, հնարավորություն ստանում իրեն կողքից նայելու եւ վերաարժեւորելու իր արժեքները. «Ցանկացած քննարկման ժամանակ իրենք հարցնում են` այ դու որպես այս ազգի ներկայացուցիչ ու մշակույթի կրող` ինչ կարծիքի ես տվյալ թեմայի մասին: Մենք հետաքրքիր ենք իրենց համար` եղել ենք ԽՍՀՄ-ի կազմում, անցել պատերազմի, տարբեր տրանսֆորմացիաների միջով, այժմ էլ փորձում ենք ժողովրդավարություն կառուցել»:
Արեւիկ Բադալյանը նաեւ շեշտում է, որ դասական երաժշտության այն աստղերին, որոնց տեսնում ենք Հայաստանում «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, դժվար է հանդիպել այնտեղ. «Մենք Երեւանում մտածում ենք, որ այդպես էլ պետք է լինի, բայց օրինակ, նման աստղերի հանդիպելու համար այստեղ պետք է Նյու Յորք կամ Վաշինգտոն հասնես»:
Մեր զրուցակիցն իրեն ինքնաբավ մարդ է համարում, ասում է կարեւորը ներքին ներդաշնակության մեջ է ինքն իր հետ եւ երբեք չի կորցնում ավելին երազելու ու հասնելու հույսը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ