Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաներիս հետ ոտքով կհասնեմ կառավարության շենքի մոտ և անժամկետ հացադուլ կհայտարարեմ»

Օգոստոս 06,2020 15:45

Արդեն 8 օր է՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ է հարկային պատասխանատվությունից խուսափելու համար 5 տարվա ազատազրկման ենթարկված Արման Աղվանի Սարգսյանը:

Ինչպես նշում է դատապարտյալի կինը՝ Կարինե Հայրապետյանը, ամուսինն այդ քայլին գնացել է իրենց երկու անչափահաս երեխաների համար, որոնք հիմա գտնվում են ծանր սոցիալական վիճակում:

«Տան միակ աշխատողը ամուսինս էր, նա էր հոգում ընտանիքի հոգսը: Հիմա երկու անչափահաս երեխաներիս հետ՝ աղջիկս 4 տարեկան է, տղաս` 2, մնացել եմ միայնակ: «Փարոս» չեմ կարող ստանալ, քանի որ ապրում ենք ամուսնուս ընկերոջ տանը և գրանցում չունենք: Երեխաներիս միակ խնամակալը ես եմ, ուզում եմ աշխատել, բայց երեխաներիս ո՞ւմ հույսով թողնեմ: Աղջկաս մանկապարտեզ էի տանում, բայց հիմա վարձը չեմ կարողանում վճարել, էլ չգիտեմ՝ ինչ անեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Կարինե Հայրապետյանը:

Կարինե Հայրապետյանի խոսքով, հիմա իրեն օգնության ձեռք են մեկնել միայն ամենամոտ ազգականներն ու ընկերները, բայց սեփական պետությունն ու կառավարությունը իրենց անտարբերության են մատնել:

«Դեկտեմբերին նամակներ էի գրում մեր վարչապետին, պատասխան չկար: Հետո դիմեցի Կոտայքի մարզպետարան, ասացին՝ միջոցներ չունենք, որ ձեզ օգնենք: Անընդհատ ամեն կողմից միայն մերժում եմ ստանում, բայց որոշել եմ, կսպասեմ ևս երկու օր, և եթե ոչինչ չփոխվի, երեխաներիս հետ ոտքով կհասնեմ կառավարության շենքի մոտ և անժամկետ հացադուլ կհայտարարեմ»,-ավելացրեց Կարինեն:

Ջուլետտա ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարներն «Առավոտին» տրամադրել է Կարինե Հայրապետյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31