Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Շիրինյան. «Չափորոշիչների հենքը հայաստանյան չէ, ՀՀ պետական շահերից չի բխում»

Օգոստոս 06,2020 15:41

«ԿԳՄՍ փոխնախարարի հավաստմամբ` ՀՀ բոլոր դպրոցների համար սահմանվել են չորս պարտադիր առարկաներ, այնտեղ նշվում է, որ հայոց լեզուն եւ հայոց պատմությունը, ոչ միայն չեն կրճատվի, այլեւ ընդհակառակը` ժամաքանակը կավելացվի: Ինչ վերաբերում է Հայ եկեղեցու պատմությանը, այն չի հանվում հանրակրթության առարկայացանկից, այլ միանում է Հայոց պատմության հետ… Բավական լայն դիսկուրս ծավալվեց նաեւ ՆԶՊ-ի շուրջ, որը նույնպես, ըստ նախարարարության, հանրակրթության առարկայացանկից չի պակասել»,- «Արարատ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում նշեց բանասիրական գիտությունների դոկտոր Թամար Պողոսյանը:

Նրա խոսքով, հանրակրթության եւ առարկայական չափորոշիչները դարձել են հանրային կարծիքի մանիպուլացման գործիք, արտահայտվել են ծայրահեղ եւ վիրավորանքով լեցուն կարծիքներ: Թամար Պողոսյանի համոզմամբ, Հայ եկեղեցու պատմությունը պետք է պատշաճ կերպով դասավանդվի` Հայոց պատմության հետ համակցված. «Մեր պատմության դժվարին պահերին, երբ չենք ունեցել անկախ պետություն, Հայոց եկեղեցին ստանձնել է պետության դերը»: Բանասիրական գիտությունների դոկտորը նաեւ գտնում է, որ Հայ եկեղեցու պատմությունը տարանջատելը Հայոց պատմությունից տրամաբանական չէ, որովհետեւ Հայոց եկեղեցու պատմությունը մեր պատմության եւ մշակույթի անբաժան մասն է:

«Եկեղեցու հայրերը դժգոհում են, որ իրենց հետ որեւէ քննարկում տեղի չի ունեցել»,-նշեց Թամար Պողոսյանը, որի կարծիքով՝ հարցը երկու սուր սայր ունի:

Քաղաքական գիտությունների պրոֆեսոր, ՀՔԴԿ կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը նշեց, որ ովքեր ցանկություն ունեն, որ հարցը զերծ լինի մանիպուլյացիաներից, նախ պետք է ծանոթանան Հայ եկեղեցու պատմությանը և դերին նվիրված Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատում» կոթողային աշխատանքին: Նշեց, որ նրա աշխատություններում մշտապես խոսվում է այն մասին, որ եկեղեցին եւ հայոց պատմությունը իրարից անջատ լինել չեն կարող:

Լևոն Շիրինյանի խոսքով. «Քրիստոնեությունը Հայաստանում միայն մեր Հայ Առաքելական եկեղեցով չի ներկայացված, իհարկե Առաքելական եկեղեցին գերակա է, այստեղ վեճ չկա, բայց 5-6-րդ եւ հետագա դարերից մեր մշակութային քաղաքական, ինչ-որ չափով նաեւ հոգեւոր կյանքում անբաժանորեն մասնակից են նաեւ Կաթոլիկ եւ Ավետարանչական եկեղեցիների հայկական հատվածները: Եվ եթե մենք խոսում ենք քրիստոնեության մասին, պետք է նկատի ունենանք նաեւ այս երկու հատվածները:

Որպեսզի կարողանանք շահարկման ճանապարհը փակել, հռետորական հարցով հետեւյալն եմ ասում` որեւէ բանիմաց հայ մտավորական, քաղաքական գործիչ, նորմալ, կրթված մարդ կարո՞ղ է Հայաստանի մշակույթը պատկերացնել առանց Մխիթարյանների, Վենետիկի, Վիեննայի…»:

Շիրինյանը եւս կարծում է, որ անիմաստ է Հայ եկեղեցու պատմությունը Հայոց պատմությունից տարանջատելը. «Կա քաղաքական շահարկում, կա չիմացություն, չեմ ուզում ասել տգիտություն: Կա նաեւ աշխատանքի հարց` Հայ եկեղեցու պատմությունն ուզում են առանձնացնել, որպեսզի ուսուցիչները ժամեր ունենան: Կա նաեւ մեկ ուրիշ բան` կրթական չափորոշիչների աղբյուրը 2017 թիվն է, մինչեւ հեղափոխությունը եղած վիճակն է»: Նրա համոզմամբ, չափորոշիչների հենքը հայաստանյան չէ, ՀՀ պետական շահերից չի բխում, ուստի Լեւոն Շիրինյանը հրավիրում է վարչապետի ուշադրությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31